Երեկ սկսվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Վրաստան։ Օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորեց նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն։ Այսքանը՝ պաշտոնական։
Տեղ հասնելուց ու տեղավորվելուց հետո պատվիրակություննը սկսեց աշխատանքային հանդիպումները, իսկ լրագրողներիս հավաքեցին կառավարական շենքում, որտեղ անցկացրինք 2 տաղտկալի ժամ։ Փոխարենը շատ հետաքրքիր ստացվեց նախագահների ասուլիսը, որը նախատեսվածից կրկնակի ավելի տեւեց։ Բնականաբար, կողմերը գոհունակություն հայտնեցին հանդիպումների արդյունքներից, եւ միակ վիճելի հարցը ըստ Է. Շեւարդնաձեի, այն էր, թե ով առաջինը սկսի ասուլիսը։ Այդ հարցն էլ տեղում լուծվեց, եւ ասուլիսը սկսեց Շեւարդնաձեն։
Առավել հետաքրքիր հարցերից առանձնացնեմ մամուլի մի շարք միջոցներին վերաբերողը։ Մեր վրաց գործընկերը Ռ. Քոչարյանին խնդրեց պարզաբանել, թե ինչո՞ւ է «Ռեսպուբլիկա Արմենիան» հակավրացական նյութ տպագրել, ինչին մեր նախագահը պատասխանեց, որ իր տվյալներով, այդպիսի հրապարակումները փոխադարձ են, եւ, քանի որ մամուլն ազատ է եւ Հայաստանում, եւ Վրաստանում, ինքը կոչ է անում հատկապես ա՛յդ թեման շոշափել շատ զգույշ։
Վրաց-աբխազական հակամարտությանը Հայաստանի հնարավոր միջնորդության մասին հարցին Քոչարյանը պատասխանեց, որ Հայաստանն ինքը երբեք նման առաջարկ չի անի, իսկ եթե Վրաստանի նախագահը դիմի, եւ Աբխազիայի ղեկավարը համաձայնի, Հայաստանը կքննարկի խնդիրը։
Կարդացեք նաև
Մեսխեթցի թուրքերի՝ Ջավախքում վերաբնակեցնելու հարցը նույն շարքից էր։ Այստեղ Քոչարյանը հարկ համարեց ընդգծել, որ Հայաստանի համար ավելի քան ցանկալի է Վրաստանը տեսնել կայուն եւ հզոր, քանի որ Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապվում է հիմնականում Վրաստանի տարածքով։ Եվ, եթե այդ վերաբնակեցումը եղածների կողքին մի նոր լարվածության օջախ է առաջացնելու, կարող է շատ վատ արդյունք ստացվել։
«Եթե դա բարդացնի մեր երկրների միջեւ հարաբերությունները, ապա Հայաստանը, այո, կարտահայտվի»,- նշեց Քոչարյանը։ Ժամանակի սղությունը թույլ չի տալիս ավելի ծավալվել։ Այցի մասին ավելի մանրամասն՝ հաջորդ համարում։
ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ