Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԵՍ ՇԱՏ ԼԱՎ ԳԻՏԵՄ ԻՄ ԱՐԺԵՔԸ»

Նոյեմբեր 21,1998 00:00
babken ararkcyan

Սեփական արժեքի գնահատման բարձր գիտակցությամբ հայտարարեց Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը՝ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Բաբկեն Արարքցյանը։ Ու անմիջապես էլ, երեւի թե շատ անհամեստ չերեւալու համար, շտապեց հավելել, թե նման բան առաջին անգամ է ասում։ Թեպետ պակաս անհամեստություն չդրսեւորեց նաեւ նախկին իշխանությունների հասցեին գովեստներ շռայլելիս։ Իշխանությունը կամովին հանձնելու վերջիններիս քայլը ոչ ավել ոչ պակաս սխրանք որակվեց, որն իր նախադեպը չի ունեցել ողջ աշխարհում։

Ի պատասխան լրագրողի հիշեցման, թե Վանո Սիրադեղյանի կարծիքով, միամտություն է կարծել, որ կարող էին նաեւ չհանձնել իշխանությունը, եւ հարցին՝ կա՞ր նման հնարավորություն, արդարացավ, որ «դա տարբեր մոտեցումների հարց է, իշխանությունը թողնել-չթողնելու հարցը տարբեր ձեւերով է արտահայտվում՝ նայած ինչքան են մարդիկ այդ իշխանությունն իրենց համար գնահատում»։ Բնականաբար, ներկայիս իշխողների մասին ամենեւին էլ գովեստի խոսքեր չասվեցին, այլ՝ ճիշտ հակառակը։ Իրենց իշխանության ժամանակ ստեղծված ընտրական օրենսգրքի քննադատությունները որակելով ոչ հիմնավոր, «անառարկայական»՝ պարոն Արարքցյանը վստահեցրեց, որ «Երկրապահի» ներկայացրածը դրանից տարբերվում է միայն մի բանով. հանձնաժողովներում կա պետության 5 անդամ։ Մինչդեռ, բավական չէ, որ «Երկրապահը» արհամարհեց քաղաքական մյուս ուժերին, եւ «ուժային ձեւով ընդունվեց» իր տարբերակը, այլեւ, խորհրդարանական պատմության մեջ «աննախադեպ ցինիզմով» հիմք ընդունված տարբերակը միանգամից որոշվեց դնել առաջին ընթերցմամբ քվեարկության։

Մի կողմ դնելով նման քայլի բարոյական գնահատականը՝ պարոն Արարքցյանը հայտարարեց, որ դա կատարվել է «օրենքի կոպիտ խախտումներով», եւ գործել է «կոճակների սեղմման մեխանիզմը»։ Կանոնակարգը թույլ է տալիս հիմք ընդունված օրենքը միանգամից ընդունել առաջին ընթերցմամբ, բայց դրա համար նախ հարկավոր է ԱԺ-ի առանձին որոշումը։ Ըստ Բաբկեն Արարքցյանի՝ նման կարգը ավելի շուտ նախատեսված էր «փոքր հրատապ օրենքների» համար, մինչդեռ ընտրական օրենսգիրքը ընդգրկում է նաեւ նախագահական եւ տեղական կառավարման մարմինների ընտրության օրենքները, բայց այդ մասին մինչ օրս որեւէ բառ չի ասվել։ Պարոն Արարքցյանը նույնիսկ մի գրավոր տեղեկանք էր պատրաստել, որտեղ «հստակ նշված է, թե կանոնակարգի որ հոդվածն է խախտված»։ Այնպես որ, նա համարում է, որ «այս օրենքն առաջին ընթերցմամբ չի՛ ընդունվել»։

Նիստի ժամանակ այս հարցը փորձել է բարձրացնել Պարույր Հայրիկյանը, բայց խոսափողն անմիջապես անջատել են։ Հաջորդ հարցը, որին ասուլիսի կազմակերպիչները, ըստ ծրագրի, տվեցին իրենց հյուրին մինչ լրագրողներիս էլ նման հնարավորություն ընձեռելը, նախորդ իշխանությունների գնահատական տալու առնչությամբ էր։ Պարոն Արարքցյանը նախ թերագնահատեց նման անհրաժեշտությունը՝ ասելով, որ դա «գյուտ» չի ու արդարանալով, թե նախորդ իշխանություններին բազմաթիվ գնահատականներ տրվել են, նաեւ հենց իշխանություն լինելու ժամանակ. «ամեն օր էլ գնահատական էին տալիս, ո՞վ չէր տալիս»։ Այլ հարց է, եթե այդ գնահատականը տալիս է այսօրվա իշխանությունը։ Վերջինիս գնահատականին արժանանալու դեպքում պարոն Արարքցյանը շատ ուրախ կլինի, մանավանդ եթե այն գրավոր լինի, որ չասեն, թե մի բառը ջնջվել է, ճիշտ չի հասկացվել, լավ չեն լսել։ Ընդ որում. «այդ փաստաթուղթը չպետք է լինի դիվանագիտական փաստաթուղթ, եթե այդ մարդիկ ունեն համարձակություն (Ռոբերտ Քոչարյանը կասեր՝ եթե տղամարդ են- Ն. Հ.), թո՛ղ լուրջ գրեն այդ փաստաթուղթը»։ Բայց խոստովանում է, որ իրենց սխալներն իրենից լավ ոչ ոք չգիտի ու լրագրողի այն հարցին՝ այդքան շա՞տ են, հառաչեց. «Բա՜, որ քիչ լիներ, այսպես հեշտ կլինե՞ր ամեն ինչը»։

Ամենամեծ սխալը համարում է այն, որ իրենց ժամանակ կառավարությունը քաղաքական չէր՝ գտնելով, որ չկա՛ արհեստավարժների կառավարություն։ Իսկ ներկայիս վարչապետի այն հայտարարությանը, թե ինքը քաղաքական գործիչ է, պատասխանեց. «Հիմա նոր հայտարարեց, հլը տեսնենք։ Քաղաքական գործիչ լինելը միայն հայտարարելով չի»։ Դաշնակցական լրագրողը, հակադարձելով պարոն Արարքցյանի բողոքը, թե հանձինս իրենց ստեղծվում է ժողովրդի թշնամու կերպար, մեղադրեց, որ իրենք էին ժամանակին Դաշնակցությանը այդպես ներկայացնում։ Այս պնդման հետ բացարձակապես չհամաձայնելով՝ Բաբկեն Արարքցյանը հայտարարեց, թե «Դաշնակցության վերաբերյալ չի ստեղծվել այսպիսի մթնոլորտ»։ «Ամեն ինչ արվել է իրավական ճանապարհով»,- համոզված պնդելով՝ պարոն Արարքցյանը միաժամանակ պարտադրեց, թե. «չվիճենք՝ հիմնավոր էր, թե՞ անհիմն»։ Նաեւ շեշտեց, որ «եղել են դատավճիռներ, որոնք գործում են առ այսօր»։ Ավելին՝ «դատական պրոցեսը վարողները բոլորն էլ այսօր աշխատում են, պաշտոնի բարձրացում են ստացել»։

Հիմնավորն ու անհիմնը չկարեւորող նախկին իշխանավորը հանկարծ դա կարեւորեց, երբ արդարանում էր, թե ինչու ԱԺ պատգամավոր Նվեր Չախոյանին չզրկեցին պատգամավորական անձեռնմխելիության իրավունքից, քանի որ ՀՀ դատախազի մեղադրանքները հիմնավորված չէին։ ԱԺ-ում կրած իրենց պարտություններին «Հանրապետություն» խմբակցության նախագահը փիլիսոփայորեն է նայում՝ «Ըսենց է կյանքը։ Բա ըտենց էլ կլինի։ Հո անընդհատ հաղթել չի լինի»։ Կարեւորն այն է, որ իրենց տեսակետները հայտնում են։ Արա Սահակյանին ՀՀՇ-ից հեռացնելը Բաբկեն Արարքցյանը «խիստ բացասական է գնահատում» եւ գտնում է, որ այն «հիմնավորված չէր»։ ՀՀ նախկին նախագահից հետաքրքրվողներին հայտնենք, որ «հետեւում է քաղաքական իրադարձություններին, բազմաթիվ հանդիպումներ է ունենում մարդկանց հետ, բացի դրանից՝ կարդում է։ Այդպիսի կյանք է վարում…»։

Իսկ վերջերս Երեւանի ռեստորաններից մեկում հրաժեշտի ընթրիքի է եղել իր բարեկամի՝ Ռուսաստանի նախկին դեսպան Անդրեյ Ուռնովի հետ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30