Ծաղկաձորում նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ ազգային եւ պետական մտածելակերպ ունեցող հայ գրողները՝ երկրի ղեկավարին իրենց նվիրվածությունը ցույց տալու համար, առաջարկեցին նրան հալածել իշխանությունը չփառաբանող թերթերին, ինչպես նաեւ ավելացնել իշխանությունը փառաբանող պարբերականների քանակը: Զուգահեռաբար նրանք խնդրեցին նախագահին՝ պատժել այն թերթերին, որոնք ըստ արժանվույն չեն գնահատում իրենց /ազգային գրողների/ խոշոր ներդրումը 20-րդ դարի մշակույթի զարգացման գործում: Բարեբախտաբար, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց այնպես, ինչպես եւ պետք է պատասխաներ ժողովրդավարական պետություն կառուցող երկրի ղեկավարը:
Հայ կոմունիստները
Ընտրական օրենսգրքի ընդդիմության միասնական տարբերակի տակ ստորագրած Հայաստանի կոմունիստները վերջին պահին որոշեցին վազել իշխանության ճամբարը եւ, ըստ էության, սատարել այդ օրենսգրքի երկրապահական-իշխանական տարբերակին: Ռենեգատների մեջ բացառություն կազմեց Լեոնիդ Հակոբյանը, որը դրսեւորեց գյումրեցուն հատուկ տղամարդկային արժանապատվություն: Երկար եւ հետաքրքիր կյանք ապրած Լեոնիդ Սամսոնիչը այդպես էլ չտիրապետեց փոխզիջումների լենինյան տեսությանը:
Ռուս չեկիստները
Կարդացեք նաև
Անվտանգության դաշնակցային ծառայության աշխատակիցներն անցած շաբաթ հանկարծ որոշեցին հայտարարել, թե մեկ տարի առաջ իրենց հանձնարարված էր սպանել Բորիս Բերեզովսկուն: Թե ինչու էին չեկիստներն ապաշխարել հենց այս պահին եւ ինչ էր իրենց մտքով անցնում, երբ նրանք որոշեցին չկատարել հրամանը, դժվար է ասել: Հաշվի առնելով, որ Աբրամիչը աղքատ մարդ չէ, այդ հարցերի մասին կարելի է միայն ենթադրություններ անել:
Ա. Ա.