Իմ առաջարկներն ու նախագիծը
Անցած շաբաթ նորից հետաձգվեց նախկին իշխանություններին դատապարտող պատմական փաստաթղթի հրապարակումը, որը, վստահ եմ, զգալիորեն կբարելավի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը եւ կամրապնդի մեր միջազգային վարկը: Այդ առաքելությունը, ինչպես հայտնի է, դրված է նախագահ Քոչարյանին սատարող կուսակցությունների եւ «Շամիրամի» վրա, որոնք միավորված են Քաղաքական խորհրդի մեջ: Հինգշաբթի ՔԽ-ը հիմք ընդունեց դատապարտող փաստաթղթի «Հանրապետական» կուսակցության առաջարկած տարբերակը, որում, եթե ճիշտն ասենք, ոչ մի դատապարտում չկա, այլ կա թեթեւ, նույնիսկ փաղաքշական քննադատություն: Փաստաթուղթը, մի խոսքով, թույլ է: Համաձայն լինելով ՔԽ-ի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանի հետ, որ «մինչեւ վերջին պահը կարելի է ցանկացած թույլ բան ուժեղացնել», միեւնույն ժամանակ գտնում եմ, որ ցանկալի է այդ բանն ուժեղացնել նախօրոք՝ համապատասխան գործողությունների միջոցով: Հակառակ դեպքում, եթե հույսդ դնես վերջին պահի վրա, կարող է ստացվել այն, ինչը ԵԱՀԿ դիտորդներն անվանում են «ֆրուստրացիա»: Բայց քանի որ «Հանրապետականի» նախագիծն արդեն ընդունվել է որպես դատապարտման հիմք, այդ վեճն այլեւս անիմաստ է:
Հիմա կարեւոր է, որ մենք ազգովի փորձենք թույլ բաներն ուժեղացնել, եւ այստեղ ես ունեմ իմ կոնկրետ առաջարկները: Հիմք ընդունված նախագծի տեքստը ստորեւ բերվում է ուղիղ տառերով, իսկ իմ՝ ուժեղացնող առաջարկները՝ շեղատառերով: «Ի հեճուկս նախորդ հանցագործ վարչախմբի, մեր պատմական հետխորհրդային ժամանակահատվածի՝ 1991-1997 թվականներն ընդգրկող շրջանի առաջին կեսի արդյունքները հուսադրող էին ու աննախադեպ: Հաղթահարելով Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի եւ Վանո Սիրադեղյանի համառ դիմադրությունը, վերականգնվեց պետականությունը, դրվեցին տնտեսական բարեփոխումների հիմքերը, ստեղծվեց ամրակուռ բանակ, կերտվեց վերջին հարյուրամյակների մեր մեծագույն հաղթանակը…» /այնուհետեւ՝ ըստ տեքստի/:
«Սակայն արվեցին միայն որոշ քայլեր՝ հակաժողովրդավարական վարչախմբի կողմից ծծվեց ազգի արյունը, կատարվեց ժողովրդի ալան-թալանը եւ պետական ունեցվածքի կողոպուտը, որոնք տրամաբանական ավարտի չհասցվեցին, քանի որ հետեւեցին մի շարք կոպիտ սխալներ կադրային քաղաքականության հարցում /վարչապետ, պաշտպանության նախարար, ՆԳ եւ ԱԱ նախարար/, խաթարվեց ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Դարբինյանի կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքը, դրանց առանցքը կազմող թալան-սեփականաշնորհման գործընթացը շատ հաճախ դարձավ ինքնանպատակ, ամենուր, բացի պաշտպանության եւ ՆԳ եւ ԱԱ նախարարություններից, ծաղկեց կաշառակերությունն եւ բյուրոկրատիան, խորացավ հանրապետականների եւ դաշնակցականների անհանդուրժողականությունը, ինքնահոսի մատնվեց բլեյանական-մանկուրտական կրթական համակարգի վերակառուցումը, ամլացավ Ռոլանդ Շառոյանից զրկված մշակույթը…»/այնուհետեւ ըստ տեքստի/:
Կարդացեք նաև
Իհարկե, մեկ դատապարտող հայտարարությամբ Հայրենիքը չես փրկի: Այստեղ պետք է մի ամբողջական համալիր փաստաթուղթ, որը կամրապնդի ազգային գաղափարախոսության վերջնական հաղթանակը Հայաստանում: Բարեբախտաբար, այս շաբաթ դրվեցին նշված գաղափարախոսության գիտական հիմքերը: Այնպես որ, հաջորդ մայիսի 28-ին կարելի է հրապարակել կուսակցության եւ կառավարության ազգային-գաղափարախոսական կոչերն՝ ուղղված հայ ժողովրդին: Այս հարցում էլ եմ առաջարկում իմ համեստ նախագիծը.
– Կորչե՛ն թուրքերը, հրեաները եւ ամերիկացիները, կեցցե՛ն ռուսները, պարսիկներն ու, որոշ չափով, արաբները:
– Վիլյամ Սարոյանը, Շառլ Ազնավուրը, Արամ Խաչատրյանը եւ Յուրի Ջորկաեֆը հայ չե՛ն: Եթե ուզում են հայ գրվել, թող դիմեն Էդվարդ Հովհաննիսյանին:
– Մտավորականնե՛ր: Ազգայնացրեք-հայացրեք բոլոր միջազգային գաղափարները՝ մարդու իրավունքները դարձրեք հայ մարդու իրավունքներ, highway-ը դարձրեք հայկական way, տիեզերական ձգողականության օրենքը՝ հայկական ձգողականության օրենք:
– Որսորդնե՛ր: Ոչնչացրեք բոլոր թափառական շներին: Դրանք ժողովրդին շնից բեթար վիճակի մեջ են դրել:
– Հոգեվերլուծաբաննե՛ր: Ուղղեք այն, ինչ ծուռ է եւ ծռեք այն, ինչ ուղիղ է:
– Բժիշկնե՛ր։ Դեն նետեք լանցետն ու բամբակը։ Արեւմտյան վիրահատությունը ձեզ տանում է փակուղի։
– Մշակույթի գործիչնե՛ր: Ժողովրդին մի փչացրեք կապուտակ Լեոնտեւով, այլ դաստիարակեք ազգային Գեորգի Մինասյանով:
– Կանա՛յք: Մի նմանվեք Դյումա-որդու Տրավիատային, այլ նմանվեք «Նամուսի» Սուսանին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ