Հայաստանի կինոգործիչների միությունն ունի 186 անդամ
Խորհրդային կարգերը փլուզվեցին, սակայն նույնը մնացին բոլոր մեխանիզմներն ու համակարգերը, որոնք օրենսդրական դաշտի ու ակտերի բացակայության պատճառով կորցրին իրենց նախկին նշանակությունն ու բուն գործունեությունը։ Խորհրդային տարիներին Հայաստանի (ինչպես եւ մյուս հանրապետությունների) բոլոր այդ մեխանիզմները, համակարգերը եւ հաստատությունները 70 տարի շարունակ գործում էին Ռուսաստանից թելադրվող միութենական հրահանգներով։ Նույնը վերաբերում է նաեւ ստեղծագործական միություններին։ Հատկապես ավագ սերնդի կինոգործիչները չեն մոռացել այն երանելի ժամանակները, երբ ֆիլմերը նկարահանելու պետպատվերներ ու գումարներ էին իջնում «վերեւներից» եւ այդպիսով իրենք ապրում էին ակտիվ ստեղծագործական կյանքով։ Այժմ, սակայն, ստեղծագործական միությունները եւ նմանատիպ մյուս մշակութային կառույցները հիմնովին՝ (նոր մոդելային) էական խիստ փոփոխությունների կարիք ունեն։ Անդրադառնանք Հայաստանի կինոգործիչների միությանը։
– 1986 թ. կայացավ Սովետական Միության կինեմատոգրաֆիստների միության հինգերորդ համագումարը։ Հեղափոխական մեծ կոչ էր այդ համագումարը, քանդվեցին բոլոր օղակները եւ քանդվեց Սովետական Միության կինեմատոգրաֆիստների միությունը։ Համարյա մեկ տարի անց, մենք (մյուս հանրապետությունների կինոգործիչների միությունների ղեկավարները – Ս. Ս.) անմիջապես հասկացանք, որ մեծ սխալ ենք կատարել եւ ստեղծեցինք կոնֆեդերացիա։ Ստեղծեցինք, որպեսզի չկորցնենք իրար։ Կոնֆեդերացիան լավ բան է, բայց դրա հետ միասին հարկավոր էր ստեղծել նաեւ նյութական բազա։ Մտածեցինք եւ 1993 թ. գտանք ինչ-որ մի մոդել՝ անհրաժեշտ էր ստեղծել ակցիոներական կազմակերպություն։ Հայաստանում այն ժամանակ գոյություն ուներ ամենախոշոր արտադրական միավորումը, կինոկենտրոնը, որտեղ Մոսկվան այն ժամանակներին, եթե հիշում եք, դերասանների նկարներով բացիկներ էր պատվիրում, օրացույցներ՝ էն որ շարժելիս դերասաններն աչքով էին անում։ Այստեղ էր տպագրվում, դրանք վաճառվում էին եւ այն ժամանակվա համար հսկայական գումարներ էին ստացվում։
Դիլիջանի ստեղծագործական տունը եւ Կինոյի տունը այդ գումարներով սարքվեցին։ Սակայն, հեղափոխություն-անկախությունից հետո մեր այս կինոկենտրոնը մնաց օդից կախված (նման կինոկենտրոններ, բայց ավելի փոքր, կային Վրաստանում, Ուկրաինայում – Ս. Ի.)։ Կենտրոնական՝ Մոսկվայի կինոկենտրոնը նույնպես այդ գումարներով սարքեցինք։ Այսպիսով, չորս կինոկենտրոն կար եւ որոշեցին այդ չորսը միացնել եւ դրանց հիման վրա ստեղծել ակցիոներական կազմակերպություն, որպեսզի բոլոր հանրապետությունները (այդ թվում՝ մերձբալթյան) գոյատեւելու համար որոշակի գումարներ ստանան։ Ստացվեց այնպես, որ Հայաստանն այդ ժամանակ չէր կարողանում եւ հիմա էլ չի կարողանում որեւէ բան արտադրել, որովհետեւ նյութերը թանկ են, բայց քանի որ մենք մտել ենք ակցիոներական ընկերության մեջ, ուրեմն այդ սեփականությունը նաեւ մերն է։
Կարդացեք նաև
Ի դեպ, Սովետական Միության կինեմատոգրաֆիստների միության քանդվելուց հետո, այդ բոլոր սեփականությունները, որ առաջ իրենց էին պատկանում, տվեցին բոլոր հանրապետություններին։ Կինոյի տունը, Դիլիջանի ստեղծագործական տունը եւ արտադրական միավորումը մեզ տվեցին։ Դա մեր սեփականությունն է։ Ակցիոներական կազմակերպության ստեղծումից հետո որոշվել էր, որ ամեն մի հանրապետություն պետք է դրան գումարային կամ որեւէ այլ մասնակցություն ունենար։ 50 տարով մենք մտանք ակցիոներական կազմակերպության մեջ՝ մեր արտադրական միավորման մասնակցությամբ։ Այն հանրապետությունները, որոնք չունեին արտադրական միավորումներ, որոշեցինք իրենց էլ պահել, որովհետեւ մի ընտանիք ենք։ Հիմա Մոսկվան է աշխատում եւ մեզ բոլորիս փողեր է տալիս։ Ակցիոներական կազմակերպության ակցիաների 32%-ը Ռուսաստանինն է՝ Մոսկվայինը, 14%-ը՝ Հայաստանինը, 12%-ը՝ Ուկրաինայինը, 8%-ը՝ Վրաստանինը, իսկ մնացած բոլոր հանրապետությունները առանձին-առանձին 3%-ով են մասնակցում։ «Հիմա Մոսկվան փող է աշխատում եւ ուղարկում մեզ,- ասաց Սերգեյ Իսրայելյանը՝ ավելացնելով,- «Ռուսական նոր փողով երեք ամիսը մեկ 30.000 ռուբլի ենք ստանում։ Այսպես դժվարությամբ ապրում ենք»։
Ըստ Ս. Իսրայելյանի, Կինոյի տան ամբողջ երկրորդ հարկը վարձակալության է տրված «Շարմին» եւ էլի մի քանի սենյակներ՝ ուրիշ կազմակերպությունների։ Վարձավճարի չափի մասին պրն Իսրայելյանն ասաց. «Կոմերցիոն գաղտնիք է, այստեղ աշխատում-ապրում են եւ մեզ էլ փող են տալիս»։ Ս. Իսրայելյանի կարծիքով՝ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունում նույնպես բավականին մեծ խմորումներ են այսօր տեղի ունենում։
– Երբ Նիկիտա Միխալկովը ընտրվեց Ռուսաստանի կինոգործիչների միության նախագահ (ես հրավիրված էի այդ համագումարին – Ս. Ի.), ներկայացրեց իր ծրագիրը, լսեցի։ Հետաքրքիր, բայց դժվար իրականացնելիք ծրագիր է, մանավանդ հիմա՝ ռուսական դրամի արժեզրկումից հետո։ Դժվարությունների մեջ են, հոդվածներ են տպվում, քննադատում են Նիկիտայի գործունեությունը, բայց փաստը մնում է փաստ, որ Նիկիտան անուն ունեցող մեծ ռեժիսոր է։ Մի օր կգա, կասի՝ ես հրաժարվում եմ, իմ ֆիլմերն եմ անում… Համենայնդեպս, Ռուսաստանը կկարողանա դուրս գալ այդ ճգնաժամից՝ շուկա, կինոթատրոններ ունի… Մեր ճգնաժամն է ահավոր, մենք չենք կարողանալու. կինոթատրոններ եւ կինովարձույթ չկան, չենք իմանում՝ ինչը ոնց անենք։ Ահավոր բան ա։ Այլ հանրապետությունների համանման կազմակերպությունների հետ համագործակցության դաշտ ստեղծելու մասին հարցիս ի պատասխան, պրն Իսրայելյանն ասաց, թե կապեր ունեն, սակայն ավելացրեց, որ եթե նախապես միջպետական պայմանագիր կնքած փառատոնը հնարավոր չի լինում համատեղ անել ու հինգ կինոգործչի Մոսկվա ուղարկել (Նկատի ունի վերջին՝ Ալմա- Աթայում կայացած փառատոնը։), «էլ ի՞նչ համատեղի կամ համատեղ ֆիլմերի մասին է խոսքը»։
Հարց է ծագում. ինչո՞վ է այսօր զբաղվում Հայաստանի կինոգործիչների միությունը, ի՞նչ է անում։ Վերջին տարիներին սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ այլ՝ ստեղծագործական խոր եւ էական խնդիրների պատճառով, Հայաստանի ստեղծագործական միությունները դարձել են մշակույթի գործիչներին (հատկապես՝ ավագ սերնդի) հումանիտար օգնություններ բաժանող հիմնարկություններ՝ «մինի» սոցապ նախարարություններ։
– Ամենադժվար վիճակում են մեր բոլոր կինոգործիչները։ Իմ ընտրվելու ժամանակ համագումարում եւ վարչության նիստում որոշեցինք՝ Մոսկվայից՝ ակցիոներականից եկող եւ մեր տարածքների վարձակալությունից ստացվող գումարները կուտակել, ավելի ծախսեր չանել, այդ գումարներով ուտելիք, սնունդ գնել ու անվճար բաժանել միության բոլոր անդամներին։ Երեք ամիսը մեկ անգամ եւ տարվա վերջին՝ դեկտեմբերի 20-30-ը, սննդի մե՜ծ կապոց ենք անում ու նվիրում։ Սա ամենամեծ եւ առաջին կարեւոր բանն է։ Իհարկե, մենք նաեւ կազմակերպում ենք կինոցուցադրումներ, փառատոներ։ Այս տարի ավելի քիչ միջոցառումներ եղան, բայց անցյալ տարի մենք ռուսական կինոյի մեծ փառատոն եւ վրացական կինոյի օրեր անցկացրինք։ Պետք է լինի ուզբեկական կինոյի օրեր. պայմանավորվածություն կա, սպասում ենք, իրենք արդեն հովանավորներ գտել են։ Թոշակառու կինեմատոգրաֆիստները թոշակ են ստանում, որին երեք ամիսը մեկ 3000-ական դրամներ ենք ավելացնում։
– Սոցապ նախարարություն է, այո՞։
– Հա՜, հա՜, համարյա թե։ Կինեմատոգրաֆիստների միությունը որոշել է նաեւ իր անդամների կոմունալ ծախսերի համար 1000-ական դրամներ էլ տա։ Վատ կյանքից ա, լավ կյանքից չի։ Եթե ես իմ կոլեգային այսօր մի բանով օգնում եմ, որ ինքը սոված չլինի, ուզում եք սոցապ, ուզում եք՝ Օսկար անվանեք։ Ես օգնում եմ, եւ ինքը շատ գոհ է լինում։ Ծրագրեր շատ ունենք, բայց գումար չունենք։ Եթե փող ունես՝ էնքա՜ն բան կարող ես անել…
«Լավ օրից»- «Վատ օրից»-ը այլեւս հնացած արդարացումներ ու պատճառաբանություններ են։ Ի վերջո, նախկին խորհրդային միության մի շարք հանրապետությունների կինոգործիչների միություններն ավելի ծանր վիճակում են։ Հայաստանի կինոգործիչների միությունը ավելի մեծ տարածքներ ունի եւ վարձակալության է տալիս, ինչպես նաեւ ի տարբերություն մյուսների, 14% գումար է ստանում Մոսկվայից։ Պետք է փոխել միության մեխանիզմը, գործելաոճը, որպեսզի կարողանա պահպանել իր բուն էությունն ու գործունեությունը։ Այլապես ի՞նչ տարբերություն կինոթատրոնի՝ սննդի շուկայի եւ կամ կինոգործիչների միության՝ «մինի» սոցապ նախարարության վերածվելու մեջ։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ