Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒ՞մ են վստահում եւ ում՝ ոչ

Նոյեմբեր 20,1998 00:00
sahman

Վերջին ժամանակներս շատ են խոսում այն մասին, որ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները անդառնալիորեն փչացել են: Ու թեեւ այդ նույն զգացողությունը կա շատ – շատերի սրտերում, ասպարեզում կոնկրետ փաստեր կարծես թե չկան: Պետությունների հարաբերությունների ջերմության չափը շատ հաճախ որոշվում է ոչ միայն հրապարակային հռչակագրերով, այլեւ փոխօգնության այնպիսի փաստերով, որոնց մասին ընդունված չէ հրապարակային հայտարարություններ անել:

1993 թվականին, երբ Ռուսաստանի իշխանությունը միայն բուրբուլիսներից ու գայդարներից էր կազմված, եւ խնդիր առաջացավ ոչ թե Մոսկվայից, այլ որեւէ այլ բարեկամ երկրից արտասահման փախցնել այդ նույն իշխանությունների կողմից փայփայված նշանավոր արկածախնդիր, այժմ հնագույն ձեռագրերի գողության համար դատապարտված Դմիտրի Յակուբովսկուն (մականունը՝ գեներալ Դիմա), Ռուսաստանի իշխանությունները առանց երկմտելու դիմեցին Հայաստանին եւ նշանավոր գեներալ Բուդոն ՀՀ նախագահի ինքնաթիռով Ռոստովից Երեւան բերեց Յակուբովսկուն, որտեղից էլ նա, դարձյալ գաղտնի, թռավ Արաբական Էմիրություններ, ապա՝ Կանադա: Իսկ հիմա փորձենք հիշել այս տարի եւ այն էլ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք կատարված մի դեպք, որը լայնորեն հայտնի է, բայց որը որոշակի տեսանկյունից ոչ մեկը չի դիտարկել:

Մեր հարեւան Իրանը արդեն վաղուց էր ցանկանում ռազմական հրթիռներ ունենալ եւ ի վերջո, ինչպես հայտնի է, ունեցավ: «Շահաբ» տիպի հրթիռների մասին, սակայն, գարնանը դեռ ոչինչ հայտնի չէր: Լայնորեն պրոպագանդվում էր, սակայն, այն միտքը, թե չնայած Իրանի համառ ջանքերին՝ իր սպառազինությունների մեջ նաեւ հրթիռային զենք ունենալ, Ռուսաստանը իր ռազմավարական գործընկերոջը պատասխանում էր մշտական մերժումներով: Ավելին, վերջին մի քանի տարիների ընթացքում Մոսկվայում ձերբակալվել էին Իրանի գաղտնի ծառայությունների մի քանի տասնյակ գործակալներ, որոնք փորձում էին հրթիռների արտադրության հետ կապ ունեցող զանազան փաստաթղթեր գնել: Նրանց, ճիշտ է, չէին դատում, այլ սուսուփուս բաց էին թողնում տուն, բայց իրանցիները, մեկ է, այդ «ապրանքը» ձեռք բերելու համար շարունակում են մշտական ջանքեր գործադրել:

Ամերիկացիներն այն կարծիքին էին, որ Մոսկվան ցուցադրաբար է նման շոուներ սարքում, որպեսզի շեղի ուշադրությունը եւ գաղտնի ապահովի Իրանին հրթիռային տեխնոլոգիայի համար անհրաժեշտ նյութերով: Այս տարվա ուշ գարնանը, օրինակ, երբ Հայաստանի լիիրավ տերուտիրականը Քոչարյանն էր, ադրբեջանա-իրանական սահմանի վրա ձերբակալվեց Ռուսաստանից եկած մի բեռնատար, որն իբրեւ թե 20 տոննա ցինկապատ երկաթ էր տեղափոխում Թեհրան, սակայն իրականում բարձված էր հրթիռաշինության մեջ օգտագործվող հատուկ շերտային մետաղով…Դրանից հետո Մոսկվայում վայրէջք կատարեց ԱՄՆ-ի Պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոտի գլխավորած մի հեղինակավոր դեսանտ, իսկ երկու ամիս անց արգելամիջոցների ենթարկվեցին հրթիռաշինության հետ կապ ունեցող ռուսական մի քանի ֆիրմաներ… Երկար հետեւությունների կարիք, թվում է, չկա: Քաջ հայտնի է, որ մեր տարածաշրջանում հակառուսական քաղաքականության առաջատարը Հեյդար Ալիեւն է:

Վերը նշված փաստը խոսում է այն մասին, որ նույնիսկ այս պարագայում նրան ավելի են վստահում, քան Քոչարյանին: Չէ՞ որ հակառակ պարագայում «ոչ հրապարակային» բեռը Մեղրիով կփոխադրվեր Իրան եւ այդ գործի շուրջը նման աղմուկ չէր բարձրանա:

ՆԱՐԵԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30