ՀՀ գլխավոր դատախազ պրն Ա. Հովսեփյանին
1996 թվականի ապրիլ ամսին քաղաքացի Հովհաննես Կիրակոսյանը, չարաշահելով մեր վստահությունը, խարդախության ճանապարհով մեզնից յուրացրել է 30 հազար ԱՄՆ դոլար։ Այդ առթիվ մենք դիմեցինք Արաբկիրի շրջանի դատախազություն, որտեղ սկսվեց նյութերի նախապատրաստում։ Այդ ժամանակ, երբ հակառակ կողմի քննության փուլն էր սկսվել, 1998 թ. մայիսի 22-ին, ժամը 18-ի սահմաններում Երեւանի ՆԳ վարչության աշխատակիցներ եկան մեր տուն, հայտնեցին, որ մեզ հետ հարցեր ունի պարզելու վարչության քրեական բաժնի ղեկավարությունը, որից հետո մեզ երեքիս, օրը ցերեկով ուղեկցեցին Խանջյան փողոցում գտնվող վարչության 4-րդ հարկ։ Նշված քրեական բաժնի աշխատակիցները մեզ հաղորդեցին, որ եթե մենք չդադարենք Հովհաննես Կիրակոսյանի վրա բողոքելուց, մեզ շանսատակ կանեն եւ ինչ ուզեն մեր գլխին կբերեն։ Չենք կարող մեկ առ մեկ թվարկել այդ երկու օրերի ընթացքում մեզ ծեծելու, սոված ու ծարավ պահելու բոլոր մանրամասնությունները, քանի որ դա քննության հարց է։
Երկու օր մեզ վարչությունում ապօրինի պահելուց հետո բաց թողեցին, սպառնալով, որ գնանք խելքներս գլուխներս հավաքենք եւ հանգիստ թողնենք մեզ թալանող Հովհաննես Կիրակոսյանին, քանի որ նա իրենց կողմից երաշխավորված անձ է։ Նշենք, որ տուժող Արայիկ Ղազարյանը այդ ժամանակ աշխատում էր որպես շարքային միլիցիոներ՝ նշված վարչությունում։ Նրանից վերցրին աշխատանքային վկայականը եւ հայտարարեցին, որ ինքը ազատված է աշխատանքից եւ այլեւս չերեւա իրենց աչքին։ Մարդակերպ գազաններ հիշեցնող այդ չակերտավոր օրգանի աշխատողները, նախապես կռահելով իրենց կողմից մեր նկատմամբ դրսեւորած գազանության հնարավոր հետեւանքների վտանգավորության մասին, ստորաբար կազմել են մի ակտ, որտեղ նշել են, որ իբրեւ մենք իրենց նկատմամբ, այն էլ վարչության շենքում, դիմադրություն ենք ցույց տվել, դրանով ցանկացել են հակակշիռ ստեղծել մեր նկատմամբ կիրառած բռնության ու պատճառած մարմնական վնասվածքների առթիվ մեր հնարավոր բողոքների դիմաց։
Մայր եւ որդիներով այս ամենից լցված, ստիպված կատարվածի մասին բողոքեցինք այդ ժամանակվա գլխավոր դատախազ պարոն Հ. Խաչատրյանին, որի միջամտությամբ էլ գործի հետագա քննությունը հանձնարարվեց քաղաքային դատախազության քննիչ Արտաշես Հարությունյանին։ Նրա կողմից քննչական արատավոր գործողությունների դեմ մենք բազմիցս գանգատ-բողոքներ ենք տվել քաղաքային դատախազին, նա միայն անտարբեր հայտարարում էր մի շաբլոն բառակապակցություն. «քննությունը հետագայում կպարզի»։ Մենք ստիպված ցանկացել ենք պարզել մեծարգո դատախազի անպարզ պատասխանի էությունը, այս անգամ գրավոր դիմել ենք ՀՀ դատախազություն։ Սակայն այնտեղ ծպտված, մարդկային դեմքը կորցրած, քաղաքացիների ճակատագրական հարցերին անտարբերությամբ մոտեցողները, մեր խոր համոզմամբ, շահադիտական դրդումներից ելնելով, կոծկել են ճշմարտությունը եւ քաղաքային դատախազության կողմից անբարո քննված քրեական գործի արդյունքները երբեք ճիշտ ձեւով չեն զեկուցել ո՛չ նախկին գլխավոր դատախազին եւ ո՛չ էլ ձեզ։
Կարդացեք նաև
Ընդ որում, երբ մենք Չիչյանից հարցնում էինք, որ այսքան դիմում-բողոքներ եւ հեռագրեր ենք հղել գլխավոր դատախազի անունով, ինչո՞ւ դրանք նրան չի հասնում, նա պատասխանում էր. ուրեմն այնքան շարունակեք գրել, մինչեւ մի օր հասնի։ Ահա այդ պատասխանը խորտակման եզրին կանգնեցրեց մի ամբողջ գերդաստան։ Մի խոսքով, հանցագործներին հովանավորելու հետեւանքով քննիչի կողմից կարճվել է իր մեջ բազմաթիվ քրեական տարրեր պարունակող քրեական գործը, որի մասին նույնիսկ հարկ չեն համարել մեզ հայտնել։ Նրանք թքել են թե՛ օրենքի, թե՛ իրենց ղեկավարի եւ թե՛ մեր հասարակության ու պետության շահերի վրա եւ միայն առաջնորդվում են զուտ իրենց շահերով։ Հարգելի դատախազ, խնդրում եմ ձեզ այս գործի վերանայումը եւ քր. գործի կարճման մասին եղած որոշման օրինականության ստուգումը հանձնարարել մի օբյեկտիվ մասնագետի եւ ոչ թե ուրիշների արյան, քրտինքի հաշվին անբավ հարստություն կուտակողներին։ Դիմելով ձեզ, խնդրում ենք նաեւ, որ հինգ րոպե տեւողությամբ մեզ ընդունեք, մենք ավելի կարեւոր փաստեր ունենք ներկայացնելու, որոնց մասին այստեղ հնարավոր չէ շարադրել։ Ընդ որում, բազում հեռագրեր ենք հղել ձեզ այս խնդրանքով, սակայն մնացել ենք անպատասխան։
Տուժողներ՝ ԱՆԱՀԻՏ ՂԱԶԱՐՅԱՆ
ԳԱՌՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
ԱՐԱՅԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ