Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՆԱՄԱԿ ԱՔՈՐԻ ԳՅՈՒՂԻՑ

Նոյեմբեր 20,1998 00:00
namak

Արձագանք առաջին

«Առավոտ» թերթում վերջերս տպագրված «Աքորու անդեմ «գյուղափետը» եւ գյուղի գլխավոր «գյուղափետուհին» հոդվածը լիովին զրպարտանք է։ Ստահոդ տվյալները Գոհար Սիմոնյանին է մատուցել Աքորու միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Թոմոյանը՝ հեղինակի շատ սիրելի մորաքույրը։ Հոդվածի առաջին մասում գրված գյուղապետի կրթության փաստը՝ իբր տասը տարում մի կերպ ավարտել է պոլիտեխնիկը, կեղծ է։ Իրականությունն այն է, որ Աքորու գյուղապետը ավարտել է Գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացում ֆակուլտետը եւ մասնագիտականներից ստացել միայն «լավ» եւ «գերազանց» գնահատական (դիպլոմ KB N000953)։

Հաջորդ զրպարտանքն այն է, որ մենք քաղցկեղ չենք աքորեցու համար եւ ալան-թալանի բան չկա գյուղում։ Լիովին կեղծիք է հող վաճառելու մասին արտահայտությունը։ Գյուղապետ աշխատելու ժամանակ կառուցել եմ զոհված ազատամարտիկներին նվիրված հուշաղբյուր եւ հուշակոթող, ձեւավորել զոհված ազատամարտիկների անվան պուրակը։ Ամբողջ գումարը ներդրել ենք ես ու քարտուղարը՝ մեր անձնականից։ Աքորու գրադարանում տարեվերջյան գույքագրումից պարզվել է, որ կա 3500 կտոր գրքի պակասորդ։ Գրադարանավարուհին ազատված է աշխատանքից՝ ՀՀ աշխ.օր.-ի 280 հոդվածի 2-րդ մասով։ Բժիշկ Ս. Նազարեթյանի մասին գրվածը նույնպես սուտ է։ Բժիշկ Նազարեթյանը շաբաթվա մեջ 1-2 օր 3-ից 4 ժամ աշխատանքի ներկայանալով, ստանում էր բարձր աշխատավարձ՝ մեկ դրույքով։ Ամբողջ դրույք վճարվում էր նաեւ Ալավերդու հիվանդանոցում։ Տուժում էին իմ համայնքի բնակիչները։ Հարցերը կարգավորված են, եւ գյուղում աշխատում է երեք բժիշկ։ Աքորու գյուղապետարանում խստագույնս է հարգվում օրենքն ու ճշմարտությունը։ Այդ մասին կարող են վկայել համայնքի բնակիչները։

Դպրոցի տնօրեն Թոմոյանի նման կեղծարարին եւ զրպարտչին ինչպե՞ս դուր կգան օրենքի սահմաններում պահանջ ներկայացնող գյուղապետն ու քարտուղարը։ Ոչ թե տիկին Սիլվայի «ստանդարտներին չեն համապատասխանում», այլ գյուղապետարանի քարտուղար Ասլանյանը չի սիրում, երբ ոտնահարում են օրենքի ստանդարտները։ Գյուղապետարանի կողմից տնօրենի հասցեին ոչ մի զրպարտչական խոսք չի ասվել։ Դպրոցի երեխաներից անարգել հավաքում են գումարներ՝ 150 դրամ – ապակու փող, կողպեքի փող, տնտեսական ծախսեր կատարելու փող։ Էդ ո՞ր պատվոգիր ունեցողին են իրավունք տվել առանց դրամական փաստաթուղթ (մուտքի օրդեր, անդորրագիր) տալու գումար հավաքի եւ անորոշ պատասխաններ տա, թե որտեղ է ծախսել հավաքած գումարը։ Ութերորդ դասարանցիներին վկայականներ տալու համար յուրաքանչյուրից հավաքել է 250 դրամ։ Տնօրեն Թոմոյանին թույլ ենք տալիս «արխային» ամաչելու, քանի որ իրավունք ունի… Տնօրեն Թոմոյանը աշխատում է տնտեսվար եղբոր՝ Ռ. Թոմոյանի եւ գրադարանավարուհի քրոջ՝ Թ. Թոմոյանի հետ։ ՀՀ աշխ.օր.-ի հոդված 20. ազգականների համատեղ ծառայության սահմանափակում։ Տնօրենը միշտ գործում է օրենքից դուրս։ Կից ներկայացնում եմ տնօրենի գրություն-պատասխանները՝ բաղկացած 4 էջից։

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ս. ԱՍԼԱՆՅԱՆ

Արձագանք երկրորդ

Ձեր թերթում տպագրված մեր շրջանի Աքորի գյուղի անդեմ գյուղապետի եւ գյուղի գլխավոր գյուղապետուհու մասին հոդվածը մեծ հավանության արժանացավ ընթերցողներիս կողմից։ Ուզում ենք Ձեզ եւ հոդվածագրին թերթի միջոցով շնորհակալություն հայտնել, քանի որ հոդվածը լիովին համապատասխանում է իրականությանը, դեռ մի բան էլ մեղմ է, քանի որ նրանց «թարթափի» տակ ենք ընկել նաեւ մենք՝ մշակույթի եւ կրթության աշխատողների Թումանյանի տարածքային արհմիության շրջանային խորհուրդների նախագահներս՝ Անուշ Վահրամյան, Մարգո Մանյան, «Լոռու մարզի» թերթի սեփական թղթակից Արմենուհի Սադաղյան։ «Տեր եւ տիկին գյուղափետերը», մեկը մյուսից անտեղյակ օրենքներին, ճիշտ ինչպես բոլոր «արհեստավարժները», աշխատանքից ազատում եւ նշանակում են՝ ում ցանկանում են։

Արհմիութենական կազմակերպություններ են ցրում, միացնում, արհկոմի նախագահ ընտրում «գյուղափետուհուն», որը իր «ազատած զոհի» շահերի «պաշտպանն» է լինելու նաեւ։ Նա հայտարարում է, որ իր հետ «խաղ չկա, դատ ու դատաստան անողը ես եմ, էս տեղն իմն է, էս գեղն իմն է»։ «Լոռու մարզի» թղթակցին կեղծ ինֆորմացիա տալուց հետո, երբ վերջինս հանգամանքները ճշտելով, գրում է հոդված ոչ իրենց ուզածի պես, զայրացած, Շոր ու Շորշորի նման իրար հետեւից մտնելով թղթակցի աշխատասենյակ, հարձակվում են վրան՝ թերթը խփելով գլխին։ Շորն էլ իր հերթին «մայր» է հայհոյում եւ սպառնում, թե՝ դու հիմա քո գլխին գալիքը կտեսնես։ Որից հետո մինչեւ հիմա էլ փողոցում հանդիպելիս նրան անվայել խոսքերով վիրավորում են։ Շատ էինք հիասթափված, զայրացած ու զարմացած։

Նախապատրաստվում էինք կրթության եւ մշակույթի արհմիության շրջանային խորհուրդների համատեղ նիստում (12.11.98 թ.) քննարկելու նրանց հարցը, որպեսզի համապատասխան կազմակերպությունների միջոցով կարգի հրավիրենք նրանց։ Սովորական է դարձել որեւէ քննադատական հրապարակման նմանատիպ արձագանքը։ Այս անգամ եւս հավատարիմ երկու կողմերին ունկնդրելու մեր տրամադրվածությանը, հարկ ենք համարում կրկին հիշեցնել, որ թերթն այլեւս մտադիր չէ նման նամակ-արձագանքներ տպագրել։ Թերթն ուզում է զգուշացնել Աքորի գյուղի բնակիչներին, որ առանց կողմերից որեւէ մեկից վախենալու, պաշտպանեն ճիշտն ու արդարը, եւ վերոհիշյալ վեճը չդարձնեն մի կաթիլ մեղրի պատմությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30