(կամ վերջին պահին կուժեղացվի՞ արդյոք թույլ բանը)
Նախագահին առընթեր Քաղաքական խորհրդի երեկվա նիստի օրակարգում մեկ հարց կար՝ բազմաչարչար քաղաքական գնահատականի։ Քաղաքական խորհրդի կողմից հիմք է ընդունվել (Հրանտ Խաչատրյանը համառորեն ուզում էր ասել՝ «Երկրապահի») Հանրապետական կուսակցության՝ թերթերում հրապարակված գնահատականը, իսկ «խմբագրական խումբը առաջիկա շաբաթ պիտի աշխատի այդ հիմքի վրա եւ մեկ շաբաթ հետո ՔԽ-ի հաստատմանը ներկայացնի նախագիծ»։Նիստին ընդունվել է այն առաջարկությունը, որ նախագծում տեղ պիտի գտնի եզրափակիչ որակավորում, սակայն դրա «էության մասին լուրջ տարաձայնություններ» կան։
Այն հարցին, թե եղած գնահատականներից ինչո՞ւ ոչ այնքան ուժեղն ընդունվեց, պրն Խաչատրյանը պատասխանեց. «Մինչեւ վերջին պահը կարելի է ցանկացած թույլ բան ուժեղացնել»։ Օրինաչափությո՞ւն է, թե՞ ոչ, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունում է ընտրական օրենսգրքի՝ «Երկրապահի» տարբերակը, իսկ ՔԽ-ը՝ Հանրապետականի գնահատականը, ինքներդ դատեք պրն Խաչատրյանի պատասխանից. «Այդ օրինաչափությունը շաբաթը երկու անգամ հրապարակվում է ՍԻՄ-ի պաշտոնաթերթի ճակատին՝ Ուժն է ծնում իրավունք»։ Իսկ «իշխանափոխության այս ընթացքում խնդիրը (ո՞ւմ- Ա. Գ.) ոչ թե այդ տիեզերական օրենքից հրաժարվելն էր, այլ այն, թե ինչպես է ուժը ծառայում ազգին»։
Քննարկվեց նաեւ ՀՀ նախագահի մասնակցությամբ ՔԽ-ի նիստի անցկացման հարցը եւ որոշվեց նախագահին առաջարկել ՔԽ-ի նիստ նշանակել։ Իսկ նախագահի հետ հանդիպելու առիթների պրն Խաչատրյանն առանձնապես չի սպասում. հնարավորություն միշտ կա։ Պարզվում է, որ Քաղաքական խորհուրդը կազմակերպել է նաեւ ընտրական օրենսգրքի երկու տարբերակների «մանրակրկիտ փորձաքննություն» եւ ունեցել է «բազմաթիվ դիտողություններ երկու նախագծերի նկատմամբ, ընդ որում՝ ոչ միայն վիճելի հարցերի շուրջ»։ Ձայների մեծամասնությամբ որոշում ընդունել ՔԽ-ը նպատակահարմար չի գտել, փոխարենը՝ «մինչեւ վերջին պահը երկրապահների հետ բանակցելով, փորձել են իմանալ նրանց վերջնական մտադրությունը, այսինքն՝ ազդել այնպես, որ առաջին ընթերցմամբ հիմք ընդունված նախագիծն առավելագույնս մոտեցվի համաժողովրդական կարծիքի մեջ ձեւավորված տպավորություններին»։ ԵՎ ԱԺ-ում «ռեւանշի տրամադրություններին» չեն էլ պատրաստվում սատարել։
Կարդացեք նաև
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ