Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ՊԱՏԺՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ

Նոյեմբեր 20,1998 00:00
mankavarjakan

Կառավարության վերահսկողության ծառայության ղեկավար Գագիկ Պողոսյանի հետ հանդիպումը հայկական մանկավարժական ինստիտուտում իրականացված ստուգումների արդյունքներին ծանոթանալն էր։ Մինչեւ դրանց ծանոթանալը, որոշեցինք մի քանի հարցեր ուղղել պարոն Պողոսյանին։

-Ձեր պաշտոնավարման չորս ամիսների ընթացքում քանի՞ հիմնարկ-ձեռնարկություններ եք ստուգել։

-Ճշգրիտ չեմ հիշում, սակայն մոտավորապես 130 հիմնարկ։

-Բոլոր հիմնարկներում էլ խախտումներ հայտնաբերվե՞լ են։

-Այո։

-Չե՞ք կարծում, որ բոլոր հիմնարկներում էլ հնարավոր է խախտումներ հայտնաբերել։

-Կարծում եմ, ցանկացած հիմնարկում էլ հնարավոր է խախտումներ հայտնաբերել։ Մի տեղ շատ, մի տեղ քիչ, բայց բոլոր տեղերում էլ կան։ Պատճառը օրենքների եւ պետական կառավարման համակարգի անկատարությունն է։ Ստացվում է, խախտումներ անում են բոլորը, բայց պատժում են նրանց, ում հարմար են գտնում։

Պարոն Պողոսյանը հերքեց իրենց կողմից պատվեր կամ թելադրանք կատարելու հնարավորությունը, սակայն նրա հետ հարցազրույցը՝ մեր հետագա համարներից մեկում։

1998 թ. հոկտեմբերի 29-ին վարչապետ Արմեն Դարբինյանի հանձնարարությամբ կառավարության վերահսկողության ծառայությունը մասնակի ստուգումներ է սկսում Հայկական մանկավարժական ինստիտուտում։ Սակայն վարչապետին ներկայացրած տեղեկանքից պարզվում է, որ ստուգումները սկսվել են հոկտեմբերի 26-ից եւ ավարտվել նոյեմբերի 2-ին։ Ստացվում է, որ հոկտեմբերի 26-29-ը վերահսկողության ծառայությունը զբաղվել է ապօրինի ստուգումներով։ Ինչեւէ։ Ներկայացնենք վերահսկողության ծառայության կողմից պատրաստված տեղեկանքից հատվածներ։

«Կադրային հարցերի ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ 1996 թ. բուհերի ընդունելության քննությունների ժամանակ իրավապահ մարմինների կողմից կաշառակերության համար ձերբակալվել, ապա դատապարտվել են ինստիտուտի աշխատակիցներ Լ. Մելքոնյանը, Կ. Վարդանյանը, Ն. Ղորխմազյանը եւ Ժ. Գասպարյանը։ Այդ առիթով 1996 թ. հունիսի 7-ին ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան մասնավոր որոշում է կայացրել եւ ուղարկել ՀՀ գիտության եւ կրթության նախարարին, որի համաձայն նախարար Ա. Պետրոսյանի 20.12.1996 թ. թիվ 331 հրամանով դասախոսներ Ժ. Գասպարյանը, Կ. Վարդապետյանը, Ն. Ղորխմազյանը, Ա. Ղուշչյանը, Է. Գասպարյանը, Լ. Սիմոնյանը, Վ. Իսահակյանը, Է. Պողոսյանը, Դ. Նազարյանը, Ա. Դանիելյանը, Մ. Գիլակյանը, Ա. Քյուրքչյանը, Ֆ. Մարտիրոսյանը, Հ. Մանուկյանը, Ռ. Իսպիրյանը, Ռ. Ավետիսյանը որպես կաշառքի միջնորդներ եւ դրդիչներ ազատվել են բուհերի ընդունելության քննություններին որեւէ ձեւով մասնակից լինելու հնարավորությունից։ Սակայն ուսումնասիրությունների ժամանակ պարզվել է, որ կոպտորեն խախտվել են ՀՀ Գերագույն դատարանի մասնավոր որոշումը եւ ՀՀ ԿԳ նախարարի վերը հիշատակված հրամանը ու նշված անձանցից Ա. Ղուշչյանը, Ն. Ղորխմազյանը եւ Մ. Գիլակյանը 1998 թ. ռեկտորի հրամանով ընդգրկվել են ՀՄԻ-ի հենակետային վարժարանի սովորողներին հարցազրույցով նույն ինստիտուտի համապատասխան ֆակուլտետների ընդունելության հանձնաժողովների կազմում, իսկ Է. Պողոսյանը՝ հանրապետական ընդունող հանձնաժողովի կազմում։

ԿԳ նախարարի հրամանի վերջին կետով պահանջվում է 15-օրյա ժամկետում քննարկել հրամանում նշված 16 անձանց նկատմամբ ձեռնարկված միջոցառումների հարցը եւ այդ մասին հայտնել նախարարին։ Ուսումնասիրությամբ պարզվեց, որ նշված հրամանը 07.01.97 թ. քննարկվել է ռեկտորատի նիստում եւ որոշում կայացվել՝ Է. Գասպարյանին հայտարարել դիտողություն, իսկ մյուս նշված անձանց ի ցույց դնել՝ առանց անդրադառնալու պաշտոնատար անձանց տվյալ պաշտոնում թողնելու նպատակահարմարությանը։ Այսպիսով, երկու դեկաններ (Ա. Ղուշչյան, Մ. Գիլակյան), մեկ դեկանի տեղակալ (Ֆ. Մարտիրոսյան), երկու ամբիոնի վարիչներ (Ա. Քյուրքչյան, Դ. Նազարյան) նախարարի հրամանով որակվել են որպես «կաշառք տալու միջնորդներ, դրդիչներ կամ որեւէ այլ ձեւով կատարված չարաշահումների նպաստողներ», սակայն շարունակում են աշխատել իրենց պաշտոններում, կոլեկտիվում եւ ուսանողության մեջ ստեղծելով երկիմաստ բարոյահոգեբանական վիճակ»։

«Պետպատվերի պլանով նախատեսված 313 ընդհանուր տեղերի մեջ չեն մտնում մերձավոր սփյուռքին տրամադրված 23 տեղերը, որի դիմաց ընդունվել է հինգ ուսանող (Աբխազիա՝ 4, Քաշաթաղ՝ 1)։ Քաղաքական եւ ազգային ծրագրերի առումով, կարեւոր այս ոլորտում կա մի յուրահատկություն, որը շտապ լուծում է պահանջում։ Մերձավոր սփյուռքի ուսանողները, ինչպես հեռավոր սփյուռքինը, վճարում են հանրապետության բնակիչ համարվող ուսանողից երկու-երրորդով ավելի ուսման վարձ։ Մի՞թե մեր պետական ու ազգային շահերից չի բխում, որ Կրասնոդարի երկրամասից ընդունված ուսանողը վճարի այնքան, որքան տեղի ուսանողը։ Չէ՞ որ այդ երեխան դառնալու է հայոց լեզվի ուսուցիչ եւ դասավանդելու է արտերկրում, հնարավոր է, որ դա է պատճառներից մեկը, որ ՀՄԻ-ում չի կատարվում մերձավոր սփյուռքին տրված նպատակային տեղերի ընդունելության հարցը»։

«Հանրապետությունում կան արտոնյալ պայմաններով 24 վարժարաններ (6-ը՝ մասնավոր), որոնցից բուհ են ընդունվում հարցազրույցով։ Եթե աշխարհագրական առումով քննարկենք այդ հարցը, ապա կպարզվի, որ թեպետ այդպիսիք կան նաեւ հանրապետության շրջաններում, սակայն դրա առկայությունը քաղաքաբնակներին հնարավորություն է տալիս լրացուցիչ արտոնություն միջնակարգ դպրոցն ավարտելու եւ բուհեր ընդունվելու համար, քանի որ գյուղացին հնարավորություն չունի ամեն օր երեխային տանել վարժարան։ Մեր կարծիքով, նշված վարժարանների եւ նույնանման կարգով ու արտոնություններով օժտված եւս 16 քոլեջների սկզբնական նպատակը համարվել է առավել օժտված երեխաներին նախընտրելի, նեղ մասնագիտական կրթության նպատակաուղղելը, որն ավարտողը իր առավելությունը պետք է ապացուցեր ընդհանուր հիմունքներով՝ հավասար մրցույթում։

Անտեսելով տարիներով փորձված եւ իրեն արդարացրած տվյալ սկզբունքը, ՀՀ ԿԳ նախարարությունը ընտրել է մի ուղի, որը նպատակ ունի ոչ թե պետության համար պատրաստել լիարժեք մասնագետներ, այլ բարձրագույն կրթության դիպլոմներով ապահովել հնարավորին չափ շատ մարդկանց։ Մտորումների տեղիք է տալիս այն իրողությունը, որ հանրապետությունում բուհերի ընդունելության քննությունների ժամանակ չի նշվում, որ հայտարարված տեղերի մեջ արդեն իսկ ընդունված են վարժարանների եւ քոլեջների որոշակի քանակով շրջանավարտներ ու նշված ընդունվողների թիվը զուտ հարաբերական է եւ ցուցադրական։ Բացի այդ, եթե ընդհանուր ընդունելության քննություններն ինչ-որ կերպ վերահսկվում են, ապա վերը նշված քննությունները կարծես թե դարձել են մի քանի անձանց մենաշնորհը»։

«Պետական ապահովագրության գլխավոր վարչությունը 28.08.98 թ. թիվ 6-04 որոշմամբ դիմել էր ինստիտուտի ռեկտորին իր «Կենտրոն» ապահովագրական մասնաճյուղի կողմից ուսանողներին դժբախտ դեպքերից ապահովագրելու համար։ ՀՄԻ-ի հաշվապահությունը, հիմք ընդունելով նշված գրությունը, առանց ուսանողների գրավոր համաձայնության, հաշվարկել եւ կրթաթոշակները բաց է թողել՝ նախօրոք գանձելով օգոստոս-սեպտեմբեր ամիսների կրթաթոշակներից ապահովագրության համար նախատեսված 500-ական դրամները»։ Վերջում, եւս մեկ անգամ նշեմ, որ չակերտներում բերված փաստերը մեջբերումներ են ՀՀ կառավարության վերահսկողական ծառայության տեղեկանքից։ Այդ հիշեցումն անում եմ՝ կանխատեսելով, որ հրապարակումից դժգոհ դասախոսներն այսօր գալու են «Առավոտի» խմբագրություն։ Խորհուրդ եմ տալիս նրանց միանգամից գնալ կառավարություն։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30