Խորհրդային Հայաստանի երբեմնի վարչապետ Ֆադեյ Սարգսյանի մտքով հաստատ երբեւէ չէր անցնի, որ տարիներ անց կողք-կողքի է նստելու Հայաստանից փախած եւ «թշնամական» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն աշխատած Էդվարդ Հովհաննիսյանի հետ՝ ողջունելով նրա կուսակցության կազմակերպած գիտաժողովը «Ազգային գաղափարախոսության» թեմայով։ Դժվար թե Դաշնակցության դատափետմամբ ժամանակին գրավոր եւ բանավոր հանդես եկած Լենդրուշ Խուրշուդյանն ու Սիլվա Կապուտիկյանն այն տարիներին պատկերացնեին, որ նման գիտաժողովի ամենաերեւելի մասնակիցներն են լինելու։ Իսկ պրն Խուրշուդյանն էլ մեջբերելու է ոչ թե Լենինի, այլ Քրիստափոր Միքայելյանի եւ Գարեգին Նժդեհի մտքերը։
Հասկանալու փորձ, թե ինչ է այդ ոչ կեղծ կատեգորիան
Սա Դաշնակցության երկրորդ նման գիտաժողովն էր։ Առաջինը կուսակցությունն անցկացրել էր դեռ կասեցված վիճակում։ Լենդրուշ Խուրշուդյանը, որ, ի դեպ, Էդվարդ Հովհաննիսյանի հետ նախագահում էր այս հավաքը, թռուցիկ ասաց, թե բավարար չի համարում նախկին քննարկումների մակարդակը։
ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանն էլ իր ողջույնի խոսքում նշեց, թե համոզված չէ, որ հենց առաջին փորձից կհաջողվի ինչ-ինչ հարցեր լուծել։ Գիտաժողովում հնչած հիմնական զեկուցումների (դրանք հրատարակվելու են առանձին գրքով) մի մասը մասնագիտական եզրակացության է կարոտ։ Այդ ելույթները սովորական ունկնդրի համար խիստ ակադեմիական ու խրթին էին, եւ միակ տպավորությունը թերեւս այն է, որ յուրաքանչյուր երկրորդ, երրորդ բառը «ազգայինն» էր։ Սակայն ազգային գաղափարախոսության էությունն ու բովանդակությունը չպիտի միայն գիտական սալոնների խոսքուզրույցի առարկա լինեն։ Թերեւս մնացածիս էլ պիտի պարզ բացատրվի, թե ինչով է բնութագրական այդ գաղափարախոսությունը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը «կեղծ կատեգորիա» հռչակեց։ Ուստի ներկայացնենք գիտաժողովի միայն այն ելույթները, որ ավելի հանրամատչելի եւ որոշակի էին բացատրում, թե որն է ազգայինը, իսկ որը՝ ոչ։
Կարդացեք նաև
Նախ՝ որդու եւ հոր ելույթները
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը բացման իր խոսքում ուրվագծեց այն պատճառների շրջանակը, որոնք անհրաժեշտ էին դարձրել այս գիտաժողովը։ «Ցավոք սրտի, հարցի վատ ուսումնասիրված լինելը պատճառ դարձավ, որ մինչեւ հիմա էլ ազգային գաղափարախոսության պաշտպանները, ջատագովները հաճախ լավ չեն հասկանում, թե ինչն են պաշտպանում»։
Նշելով, թե դիլետանտների ձեռքով ապականվում է ինքը՝ գաղափարը, Վահան Հովհաննիսյանը մի քանի սահմանումներ արեց. «Պետք է շատ հստակ ասել. հին քարեդարից հայերի ծագումնաբանությունը բերող թեզերն ազգային գաղափարախոսություն չեն։ Բոլոր փորձերն ապացուցելու, որ մարդկությանն օգտակար յուրաքանչյուր գյուտ հայերն են կատարել՝ ազգային գաղափարախոսության հետ որեւէ առնչություն չունեն։ Բոլոր փորձերը՝ ապացուցելու, որ Նապոլեոնը, Ստալինը, Հիտլերը եւ աշխարհի այլ առաջնորդները կամ նրանց համհարզները եղել են հայ՝ ազգային գաղափարախոսության հետ որեւէ կապ չունեն։ Փորձերն ապացուցելու, որ ցանկացած հայտնի գրող, նկարիչ կամ գիտնական ծագումով կամ գոնե մոր կողմից հայ է՝ դրանք ազգային գաղափարախոսության հետ կապ չունեն»։
(Ի դեպ, ավելի ուշ գիտաժողովի քննարկման առարկան դարձավ Էդվարդ Հովհաննիսյանի հայտարարությունը, թե «ոչ Վիլյամ Սարոյանն է իր նկարագրով հայ, ոչ էլ Շառլ Ազնավուրը»։ Բազմաթիվ էին մարդիկ, որ փորձեցին նրան ապարդյուն տարհամոզել, թե Շառլ Ազնավուրը ապացուցել է իր հայ լինելը։ Իսկ մեկն անգամ վիրավորվեց. «Ուրեմն Սարոյանը հայ չէ, բայց հայ է մեր վերեւի հարեւա՞նը, որ մեր գլխին կարող է ցախ ջարդել»)։
Վահան Հովհաննիսյանը նշեց նաեւ, թե ազգային գաղափարախոսության խնդիրները գիտնականների, այլ ոչ «քաղաքականության կամ գիտության մեջ դիլետանտների» լուծելիքն են։ Ըստ ամենայնի, նա իր հորը դիլետանտ չի համարում. ուստիեւ մեջբերենք Մյունխենի հայկական հարցերի հաստատության տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Էդվարդ Հովհաննիսյանի սահմանումները, թե որն է ազգային գաղափարախոսությունը։ Ըստ հիմնական զեկուցողի՝ այն պիտի հետեւյալ 4 հարցերին պատասխանի.
1) Ինչո՞ւ մենք պիտի մնանք հայ։ Պատասխանը մասնավորապես սա էր. «Մենք հայ պիտի մնանք նաեւ նրա համար, որ հայությունը եւ ազգ հասկացությունը ոչնչացնող բազմաթիվ ուժեր կան»։
2) Ի՞նչ է նշանակում հայ մնալ։ Պատասխանը հետեւյալն էր. «Պետք է բաժանել հայ ժողովրդի ճակատագիրը. ոչ միայն օգնել երկրաշարժից տուժածներին, այլ ինքդ հետները լինել երկրաշարժի հետ միասին (՞), քո ժողովրդի հետ միասին ուրախանալ ուրախություններով եւ տառապել հայ ժողովրդի տառապանքներով»։
Ավելի ուշ պրն Հովհաննիսյանը հավելեց. «Մենք հայ ենք, եթե մեր հետ միասին ապրում է Վարդան Մամիկոնյանը, նույնիսկ Հայկը, նույնիսկ՝ Արա Գեղեցիկը եւ մինչեւ վերջ»։
3) Ինչպե՞ս կարող ենք մենք հայ մնալ։ Սա ամենաբարդ հարցը համարվեց։ Եվ պատասխանը մասնավորապես այս էր. «Պետք է ազգայնականացնենք միջազգային բոլոր գաղափարները»,- պրն Հովհաննիսյանը շեշտեց «ազգայնականացնել» բառը՝ ճշտելով, որ այն օգտագործում է «հայացնել» իմաստով։
4) Ի՞նչ առաքելություն ունի հայ ժողովուրդը միջազգային ասպարեզում։ Այստեղ պրն Հովհաննիսյանն իր ուսումնասիրության արդյունքները հրապարակեց, որ ազգային իրավունքների պաշտպանության օրենք չկա։ Ի դեպ, դա ամերիկացիների մեղքը համարվեց։
Ամփոփիչ կոչն էր. «Մենք պիտի հային ստիպենք, որ նա հայ մնա։ Մենք պիտի վրացուն ստիպենք, որ նա վրացի մնա»։
Հարցուպատասխանի ընթացքում Էդվարդ Հովհաննիսյանը մի ուշագրավ հայտարարություն էլ արեց։ Հիմարություն անվանեց «սկզբում հա՞վն է եղել, թե՞ ձուն» փիլիսոփայական վեճը՝ այն լուծելով հօգուտ հավի. «Իսկ հավկիթը ստեղծվել է որպես հավը հավերժացնելու միջոց։ Եվ ազգային գաղափարախոսությունն այն հավկիթն է, որ պիտի ազգը պահպանի»։ Ի դեպ, տեղից նրան հուշեցին, որ այս հարցի պատասխանը վաղուց է գտնված. «Նախ աքլորն է եղել»։
Հատընտիր այլ ելույթներից
Հայտարարվեց, թե ազգային գաղափարախոսության ձեւակերպմամբ շահագրգռված է հանրապետության նախագահը։ Իսկ այս գիտաժողովի նպատակը ներկայացվեց, որ կառավարությանն ուղղված առաջարկներ մշակվեն։ Դրանք վերջում չներկայացվեցին, ուստի ինքներդ փորձեք գուշակել, թե ինչ առաջարկ կստացվի ելույթների մասնավորապես այս հատվածներից։
Հիմնական զեկուցողներից մեկը՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վիլեն Եդիգարյանն ազդարարեց, որ մեր ժողովրդի բախտն ավելի շատ մեռած սերունդն է ղեկավարում՝ «մեռյալների երկար շարքը», քան կենդանի սերունդը։
Մեկ այլ հիմնական զեկուցող՝ պրն Խուրշուդյանը (կամ ակադեմիկոս Լենդրուշը, ինչպես նրան Էդվարդ Հովհաննիսյանն էր անվանում) ազգային գաղափարախոսության հիմնադրույթներից մեկը համարեց «ազգային թշնամու կերպարը»։ Պրն Խուրշուդյանը թուրքերին որակեց մեր ազգային թշնամի եւ ավելի ուշ խուսափեց իրեն ուղղված այն հարցին պատասխանել, թե արդյոք վրացիներն է՞լ են մեր ազգային թշնամին։
Կենսաբանական գիտությունների թեկնածու Վաչիկ Վահրադյանը մատնանշեց, թե ինչպես պիտի Թուրքիայից տարածքային զիջումներ կորզենք. «Մեր դիմակայությունը պիտի բարոյաքաղաքական ոլորտ տեղափոխենք (…)։ Եվ ձեւավորենք ազգային թշնամու կերպարը»։
ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դիսերտանտ Մուշեղ Լալայանն առաջարկեց խորհել Տիգրան Մեծի ստեղծած կայսրության շատ կարճատեւ ընթացքի մասին։
Հրայր Սահակյանը հիացավ. «Տեսեք, ինչպե՜ս էր Արամ Աշխարհակալն իրականացնում հայկական գաղափարախոսությունը»։
Խաչիկ Մխիթարյանն իր ելույթում Լեւոն Հախվերդյանի խոսքերը մեջբերեց. «Դանիան, Նորվեգիան ազգային գաղափարախոսություն ունե՞ն։ Իսկ ո՞րն է անգլիական ազգային գաղափարախոսությունը» եւ հակադարձեց, որ նրանց դա պետք էլ չի։ Իսկ հիմնավորումը մեզ համար խիստ աննպաստ մի զուգահեռ էր։ «Փիղն իր անվտանգության մասին չի մտածում, իսկ մուկը ստիպված է մտածել»,- ասաց կենդանիների մտածմունքների բացառիկ թարգման պրն Մխիթարյանը։
Մի մաթեմատիկոս տիկին, որին ներկայացրին Էա Արամէ Արաքս անունով, ասաց, որ ազգային գաղափարախոսություն մշակելուց առաջ նախ պիտի պատասխանենք այն հարցերին, թե ովքեր ենք մենք, որտեղից ենք եկել եւ ուր ենք գնում։ Եվ պատասխանի իր տարբերակը ներկայացրեց, թե մեզ հրաշալի բնութագրում է «Սասնա Ծռեր» էպոսը. «Ես մի օր աչքերս բացեցի ու մտածեցի, թե մեր այդ ի՞նչն է ծուռ»։ Ուրիշ բան չմտածեք. տիկին Էան (թե՞ Արաքսը) ծուռ էր գտել «մեր ներքին սխալ դիրքորոշումը միմյանց նկատմամբ»։ Հետո էլ խիստ ջղայնացած իր նախանձը հայտնեց առ Ղազախստան, որ Նուրսուլթան Նազարբաեւի պես նախագահ ունեն. «Իսկ մերոնք ոչ մի ծառ չեն տնկում»։ Տիկին Էայի (թե՞ Արամէի) «լոկալ» բնույթի միջոցառումներից էր «ծառատունկի միջոցով հայրենիքի նկատմամբ սեր արթնացնելը», իսկ «գլոբալ» բնույթի միջոցառումը Թուրքիայից տարածքներ պահանջելն էր։
Սակայն տիկին Էա Արամէ Արաքսի զայրույթն անհամեմատ մեղմ էր, քան Հնդկաստանում Հայաստանի դեսպան Հովսեփ Սեֆերյանինը։ Նա իր ելույթը բարձր տոնով սկսեց ու երբ ասաց. «Ով ազգին վնաս է տալիս հայ չէ՝ տականք է», սկսեց գոռալ։ Ամենաբարձր նոտային հասավ, երբ գոռգոռաց. «Ընկերային անասո՜ւն է մարդը»։
Կրթական հարցերից խոսեց արդարադատության նախարարի հայրը՝ Էդոնիս Հարությունյանը ու երբ անդրադարձավ կրոնի դասեր դասավանդող տերտերներին՝ տեղից «Հայաստան» հրատարակչության նախկին տնօրեն Հրանտ Ղազարյանը նետեց. «Ամենակարեւորը տերտերն է։ Էդ էլ որ բերեցիք՝ վե՛րջ, ազգային գաղափարախոսությունն ապահովված է»։
Տիգրան Գեղամյանը ձեռքի փայտը թափ տալով բարկանում էր, որ դա քաղաքում վխտող շների դեմ է պահում, ու բողոքում, որ հեռուստատեսությամբ երեխաներին քարոզում են շուն պահել։ Պատմեց, որ դիմում է գրել Կարեն Դեմիրճյանին եւ Սուրեն Աբրահամյանին ու պարզել, որ մի շուն էլ քաղաքապետն է տանը պահում. «Եթե ղեկավար ես՝ իրավունք չունես,- գոռգոռում էր պրն Գեղամյանը։- Էդ ի՞նչ քաղաքապետ է, որ չի կարողանում շներին հավաքի։ Դրա համար էլ ազգին, ժողովրդին շնից բեթար վիճակի մեջ են դրել։ Ուրեմն՝ պետականորեն է սա կազմակերպված»։ Այստեղ Հրանտ Ղազարյանն առաջարկեց, որ շներին էլ ազգային գաղափարախոսությամբ դաստիարակեն։ Որ հայերին չկծեն։
Մարդու էկոլոգիայի դպրոցի տնօրեն Լեւոն Դռնոյանը նոր դասավանդվելիք առարկայի՝ «Կյանքի հմտությունների» մասին խոսեց եւ ասաց, որ հեղինակին ճանաչելով չի կարծում, որ դա ազգային դասագիրք է լինելու. «Իսկ մեր հայ երեխան չի կարող Օհայո նահանգի երեխայի կյանքի հմտություններն ունենալ»։
Արուսյակ Նալյանն առողջապահության ոլորտը կապեց ազգային գաղափարախոսության հետ։ Եվ հայտարարեց, թե արեւմտյան վիրահատությունների ճանապարհը «փակուղի է խոստանում մեզ»։ Ծափահարություններով ընդունվեց նրա այն հայտարարությունը, թե «մարմինը պիտի սնենք ազգին բնորոշ սննդով, իսկ ազգային թրթիռները սնում են մարդու հոգին»։ Ոգեւորվելով՝ Լեւոն Հախվերդյանը տեղից բացականչեց. «Մի բան որ չասեմ՝ սիրտս կճաքի։ Այս խաղատներն ազգային դժբախտությո՞ւն են, թե՞ չէ (նրան դրական պատասխանեցին- Ա. Ի.)։ Այս ամերիկյան ֆիլմերով, այդ կապուտակ Լեոնտեւով եւ կիսապարկեշտ Ռասպուտինայով դեռ ինչքա՞ն են փչացնելու մեր երիտասարդությանը»։
Հավարտ
«Շատ բան սովորեցինք։ Դրա համար էինք եկել,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։- Եվ պիտի ասեմ, որ շատ մեծ ուրախությամբ ես հրաժեշտ կտամ այս գիտաժողովին, որովհետեւ գրեթե այն, ինչ որ մեզ պետք էր՝ մենք մշակեցինք։ Ես համարում եմ, որ այս նիստն ավարտվեց մեզ համար շատ փայլուն կերպով»։
Լենդրուշ Խուրշուդյանը հայտնեց, թե ընթացքի մեջ է մի փաստաթղթի ստեղծումը, որով կսահմանվի, թե ինչ է ազգային գաղափարախոսությունը։ Բայց արդեն իսկ զգուշանում էր, որ տարբեր օղակներում մնացած ՀՀՇ-ականները վարկաբեկելու են այդ փաստաթուղթը։ Նախապես ազդարարվել էր, որ ազգային գաղափարախոսության կենտրոն ստեղծելու մտադրություն կա։ «Հապա ինչո՞վ են զբաղված հնագիտության եւ ազգագրության, լեզվի, արվեստի ինստիտուտները,- վրդովվեց Լեւոն Հախվերդյանը։- Էս ինչո՞վ են զբաղված հումանիտար 8 ինստիտուտները»։ «Ոչինչ չեն արել»,- կարճ կապեց Էդվարդ Հովհաննիսյանը՝ մատնանշելով մասնավորապես Հայ դատի շուրջ աշխատությունների սակավությունը։
Ի դեպ, Ռուբեն Սաֆրաստյանն էլ էր նշել, որ հենց Հայկական հարցն է ազգային գաղափարախոսության ամենակարեւոր գործոններից մեկը։
Իսկ որպես ամփոփում՝ երկու մեջբերում։ Մի հռետոր, որի անունը չլսվեց, հայտարարեց, թե պետք է ջանք թափել հզոր տնտեսությամբ հզոր երկիր ստեղծելու համար, իսկ մնացած ամեն ինչն ածանցյալ է։ Եվ ամենահոգեհարազատը Լեւոն Հախվերդյանի ելույթից այս խոսքերն էին. «Մեր ժողովրդի եւ մեր մտավորականության դժբախտությունն այս է՝ մենք խոսում ենք անառարկա»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ