Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԵՑ ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ՞Ն, ԹԵ՞ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ

Նոյեմբեր 20,1998 00:00
aim

ԻՄ նշանակում է Հայրիկյան եւ Դիվան (Իմ բացատրական բառարանից)

Ավանդույթի համաձայն, ԻՄ դիվանի նիստերն ազատ են եւ հրավիրվում են շաբաթվա մեջ ավանդական համարվող ձկան օրը (հինգշաբթի)։ Երեկ բացելով Իմ դիվանանիստը, նախորդ շաբաթվա ամփոփագրերով, Դիվանի խոսնակ Արամ Հարությունյանը ներկայացրեց օրակարգի նախագիծը, որը եւ հաստատվեց։ ԻՄ գանձապահի հաշվետվությունը տեւեց կարճ եւ ընդամենն արժանացավ դիվանականներից մեկի միջնորդությանը՝ կապված Լոռու մարզի ԻՄ կազմակերպության մեքենայի վթարի եւ կուսակցությունից լրացուցիչ 50 հազար դրամ խնդրելու հետ։ Գանձապահը տեղեկացրեց, որ «մարզերի պարտքերը մարված են» եւ լրացուցիչ օժանդակություններ են հատկացվել կուսակցական գործունեությունը ծավալելու համար։ Օրակարգի երկրորդ հարցն ընդգրկեց նոյեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածը, որի արդյունքում տեղեկացանք, որ լուծվել են Ջերմուկի, Վայքի, Եղեգնաձորի տեղամասային կազմակերպության գրասենյակի հարցերը։

ԻՄ-ը կանգնեց փաստի առաջ

Ինչպես տեղյակ եք, ս.թ. 18-ի 10 քաղաքական կուսակցությունների համատեղ հայտարարության տակ ստորագրել էր եւ Ինքնորոշում միավորումը, ուր գնահատական էր տրված ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված ընտրական օրենսգրքի երկրապահական տարբերակի անցկացմանը։ ԻՄ-ն ունեցել էր նախնական տարբերակ, որը պետք է երեկ քննարկման դրվեր Դիվանում (նույնիսկ օրակարգի հարց էր դարձել), սակայն առավոտյան ԻՄ-ականները տեղեկացել էին, որ կուսակցությունը ստորագրել է մի հայտարարության տակ, որն, ըստ իրենց՝ վարկաբեկիչ է։

Նախ ներկայացնեմ ԻՄ հայտարարության ամբողջական տեքստը. «Խորհրդարանական քննարկումների միջոցով ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների ձգտումը՝ ընդունել ժողովրդավարություն ապահովող օրենսգիրք, ձախողվեց, որպես քաղաքական ուժ, ըստ էության գոյություն չունեցող, հիմնականում ապաքաղաքական անհատների մեծամասնության ճնշմամբ։ Այսօր, մենք ազգովին հայտնվեցինք մեր կուսակցական-քաղաքական հարցերից վեր, սակայն այդ հարցերի լուծման նախապայմանը հանդիսացող մեկ այլ գերխնդրի՝ ժողովրդավարության կայացման անհրաժեշտության առջեւ։ Արձանագրելով այս իրողությունը, մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս, հայտարարում ենք, որ ժամանակավորապես ստորադասելով մեր քաղաքական տարաձայնությունները, որոշել ենք համատեղել մեր ճիգերը՝ հանուն ժողովրդավարության հաստատման»։

Դիվանականների մի մասի մտահոգությունն այն էր, թե ԻՄ-ը ինչու է ստորագրել ՀՀՇ-ի հետ, «որոնց մեջ նույնիսկ մարդասպաններ կան» կամ ԱԺ-ի «որը երեկ գրոհում էր ԱԺ-ի վրա»…

Ազատ Արշակյանի կուսակցության կողքին…

ԻՄ փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանը ընդունելով, որ տասնյակի բոլոր կուսակցությունները պայքարել են ԱԻՄ-ի դեմ, շեշտում էր սակայն, որ իրենք այս հայտարարությամբ ընդամենը «ֆիքսել են», որ շարունակելու են իրենց պայքարը։ ԻՄ դիվանի խոսնակ Արամ Հարությունյանի համար մտահոգիչն այն էր, որ ստորագրվել է մի հայտարարություն, առանց դիվանականների կարծիքն իմանալու. «Ձեւ կար, որ պիտի բերվեր Դիվան»։ Եվ նաեւ այն, որ արդյունքում ստացվել է ԻՄ-ի տարբերակից սկզբունքորեն այլ հայտարարություն։ Բայց ԻՄ դիվանի անդամ Սուսաննա Ավագյանին ակնհայտորեն դուր չեկավ ասվածը եւ նա մի քանի անգամ կրկնեց, որ հայտարարությունը կարող էր ստորագրել ԻՄ նախագահը, ավելին՝ մեղադրեց Ա. Հարությունյանին, դատավորի դեր ստանձնելու մեջ։ Իրավիճակի սրումը նվազեց, երբ հայտարարվեց 20 րոպեանոց ընդմիջում։

Առաջարկվում էր

Այդ հայտարարության հետ կապված դիվանականներն առաջարկում էին «ստրախովկայի» մի քանի ելքեր. ԻՄ լրացուցիչ հայտարարություն, օրինակ՝ մամուլի ասուլիսում, ընդունել այդ հայտարարությունը պարզապես ի գիտություն, պարզաբանումներ տալ նոյեմբերի 26-ին ԻՄ արտահերթ վեհաժողովի ժամանակ կամ, ընդունելով ի գիտություն արձանագրել, որ ԻՄ փաստաթղթերում եղած որոշ մտքերի հետ համաձայն չէ եւ նույնիսկ իր մտահոգությունն է հայտնում։ Սակայն, վարկանիշային քվեարկության ժամանակ ամենաշատ ձայնը հավաքեց ԻՄ դիվանի անդամ Անահիտ Կարապետյանի առաջարկը, որն ընդհանրություններ ուներ հայոց վարչապետի՝ Բաքվի համաձայնագրի ստորագրմանը հաջորդած քննարկումների եւ գնահատականների հետ (հիշո՞ւմ եք «առանց Ղարաբաղի»…)։

Առաջարկն այս էր. «Ի գիտություն ընդունելով ստորագրված հայտարարությունը՝ ԱԻՄ-ը կոչ է անում իր նախագահին կուսակցության անունից փաստաթղթեր ստորագրելու ժամանակ ճշտել Դիվանի դիրքորոշումը»։ Ինչ խոսք, սա մի կողմից կուսակցության ներսում դեմոկրատիայի հաղթանակ է եւ, սակայն գուցե, սթափության կո՞չ իր նախագահին։ Հատկապես՝ սթափության, քանի որ դրան չէր հետեւի ԻՄ խոսնակի հիշեցումը. «ԻՄ-ը նախագահը եւ փոխնախագահը չէ, այլ նախագահն ու Դիվանը»։ «Խայտառակ որոշում է»՝ ասելով Սուսաննա Ավագյանը հեռացավ, մինչդեռ, որքան հասկացանք, նա ակնկալում էր Դիվանից այնպիսի հարցերի քննարկում, որը կապվելու էր քիչ ժամանակ մնացած Վեհաժողովի հետ, Պ. Հայրիկյանի նախագահի խորհրդական մնալ-չմնալու հետ «Ուզո՞ւմ ենք, որ մեր մարդը էնտեղ մնա»։ Եվ ոչ միայն նախագահի խորհրդական, այլ երկու՝ մարդու իրավունքների եւ սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նախագահ…

ԻՄ-ը վերադարձավ ՔԽ-ընտանիք

Երեկ ԻՄ դիվանը տվեց իր համաձայնությունը՝ շարունակել աշխատանքները ՔԽ-ում։ «Թյուրիմացություն է եղել». գնահատականն այս էր։ Ինչ վերաբերում է ԱԺ-ում ԻՄ խմբակցության մասնակցությունը դադարեցնելուն, խնդրո առարկա հարցը հանվեց Դիվանից։ Մենք ականջալուր եղանք նաեւ «Սեփականաշնորհման գործընթացը Հայաստանում» ԻՄ կողմից ՔԽ-ի սոցիալ-տնտեսական քաղաքականության հանձնախմբի ներկայացուցիչ Վոլոդյա Հովսեփյանի դասախոսություն հիշեցնող ելույթին, որում ոչինչ նոր բան չասվեց. Հայաստանում չեն վերագնահատվում ոչ միայն սեփականաշնորհվող օբյեկտները, այլ չսեփականաշնորհված լսարանները՝ մարդու ականջները։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30