«Արմենգոլդեն» համատեղ ձեռնարկության առաջին արտադրանքը՝ ոսկյա շղթան, երեկ նվիրեցին Հայաստանի այս տարվա գեղեցկուհուն։ Նվերը գեղեցկուհու վիզը պետք է գցեր Երեւանի ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը։ Սակայն այդ հաճելի գործը (մեր գեղեցկուհու պարանոցին շղթան անցկացնելը) ո՛չ պրն Գրիգորյանի, ո՛չ էլ ներկա տղամարդկանց համար հեշտ չէր. նրանք բոյ-բուսաթով առանձնապես աչքի չէին ընկնում, իսկ գեղեցկուհու հասակը ձգվում էր մինչեւ անսահմանություն։
Ի վերջո, նվերը հանձնեց ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նոր նախարար Հայկ Գեւորգյանը։ Շղթան, ըստ Էմիլ Գրիգորյանի, «բարոյապես» շատ թանկ է՝ 10000 դոլար։ Մեր գեղեցկուհին ամոթխած ժպիտով հայտնեց, որ շատ է սիրում ոսկյա զարդեր։ Նույնը չես ասի ո՛չ նոր նախարարի, ո՛չ էլ գործարանի տնօրենի մասին. երկուսն էլ «ոսկեզերծ» էին։ Քանի որ «Արմենգոլդ» կազմակերպության մասին բազմիցս անդրադարձել ենք, ավելի մանրամասն այս կազմակերպության ստեղծման կամ գործունեության վրա չենք ծանրանա։ Ուղղակի թող մեր ոսկերիչներն իմանան, որ նման դեպքերում ո՛չ փողի քսակը, ո՛չ էլ ոսկին չեն բարձրացնում մարդու հասակը։
Լ. ԱՎԱԳՅԱՆ