Ինչպես եւ պատահում է նման դեպքերում, լրագրողների ժամուկեսանոց սպասումը փոխհատուցվեց նախագահականի դռների մոտ 10 րոպեանոց բրիֆինգիկով։ ԱՊՀ գործադիր քարտուղար Բորիս Բերեզովսկին, պարզ է, պարապ մարդ չէ։ Այդ պատճառով էլ արագ-արագ, ջուր արածի պես ասաց, ինչ որ ասելու էր։
Երեւան ժամանելով՝ ԱՊՀ գործադիր քարտուղարը ՀՀ նախագահի հետ քննարկել է ԱՊՀ բարեփոխման, ազատ առեւտրի գոտու ստեղծման, «Լեռնային Ղարաբաղի երկարատեւ ճգնաժամի կարգավորման հարցերը»։ Երեւանից անմիջապես հետո Բորիս Աբրամիչը մեկնելու է Բաքու՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ այս նույն թեմաների շուրջ քննարկումները շարունակելու հույսով։ Հայաստանին առաջարկված փաթեթը (հավանաբար նկատի էր առնվում ԵԱՀԿ համանախագահների վերջին առաջարկությունների փաթեթը), «շատ կոկիկ գնահատելով» հանդերձ՝ Բորիս Աբրամիչը համոզված ասաց, որ «այն մեծ առաջընթաց է պրոբլեմի լուծման ճանապարհին»։ Համենայնդեպս, այդպես է գնահատել ՀՀ նախագահը, իսկ Հեյդար Ալիեւիչի կարծիքին առայժմ գործադիր քարտուղարը տեղակ չէ։ Ինքը՝ պրն Բերեզովսկին, գտնում է, որ «այսպե՛ս, միայն այսպե՛ս՝ առանց տեղում դոփելու եւ հարցը սառեցնելու» է հնարավոր լուծել այս պրոբլեմը։ Ալիեւին համոզելուց առաջ նա պատրաստվում է լսել նրա տեսակետը եւ դրա հիմնավորումները։
ՀՀ նախագահը երեկ խրախուսել է ԱՊՀ բարեփոխումներին ուղղված՝ պրն Բերեզովսկու գաղափարները (կոնկրետ որոնք՝ իհարկե, չպարզաբանվեց)։ Մեր նախագահն այս հարցում բացառություն չէ. այս գաղափարները հավանության արժանացրել են ե՛ւ Նազարբաեւը, ե՛ւ Ակաեւը, ե՛ւ Կուչման, ե՛ւ Շեւարդնաձեն։ Ընդ որում, Բորիս Աբրամիչի կարծիքով, սա ոչ թե իր անձնական, այլ նախագահների հաջողությունն է, քանի որ իր առաջարկությունները այդ նախագահների՝ առաջներում արտահայտած գաղափարների՝ իրար չհակասող համակարգ են ներկայացնում։
Կիրսան Իլյումժինովի հայտարարությունը չի ազդի իրենց աշխատանքների վրա, սակայն փաստ է, որ «Ռուսաստանի ամբողջականությանը սպառնացող իրական վտանգ կա, եւ շատ կարեւոր է, որ այդ հարցը քննարկվում է բացահայտ»։ Սա, ըստ Բերեզովսկու, երաշխիք կդառնա չկրկնելու ԽՍՀՄ-ի փլուզման տխուր ճակատագիրը։
Կարդացեք նաև
Այսօր ոչ ոք, այդ թվում եւ՝ ԱՊՀ գործադիր քարտուղարը, չի կասկածում, որ գեներալ Մակաշովի հայտարարությանը պաշտոնապես սատարում են կոմունիստները։ Քանի որ այդ հայտարարությանը վճռական հակահարված չտալը անպատճառ սատարել է նշանակում։ «Բարեբախտաբար, կոմունիստների երեսպաշտությունը հաստատում է, որ նրանց հոգեբանության մեջ ոչինչ չի փոխվել։ Նրանք այնպիսին են, ինչպիսին եղել են»։ Ճիշտ է, մի քիչ «դարչնագույն են դարձել»։ 1990 թվականին Ելցինի նախագահ ընտրվելուց հետո մենք ասացինք, որ Ռուսաստանում ժողովրդավարության հաստատման ճանապարհին հաջորդ թշնամին լինելու են նացիոնալիստները։ Ես պարզապես չէի կարծում, որ նրանք ուղղակի այդպես ճոխ կաճեն կոմունիստներից»,- ասաց պրն Բերեզովսկին։
Ռուսաստանում «բաց նացիոնալիզմին» չի տրվում հակահարված եւ առաջին հերթին՝ կառավարության կողմից։
«Ես գտնում եմ, որ կառավարության նախագահի դիրքորոշումն այս հարցում երկակի է»,- հայտարարեց Բորիս Բերեզովսկին։
Բորիս Կորժակովի հայտարարությունը Բորիս Բերեզովսկին բացարձակ, եւ այս դեպքում՝ ապացուցելի սադրանք համարեց եւ ասաց, որ այս հարցին մանրամասն պատասխան կտա միայն Մոսկվա վերադառնալուց հետո։
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ