Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔ

Նոյեմբեր 20,1998 00:00
Andranik Margaryan

Նոյեմբերի 21-ին տեղի կունենա Հայաստանի հանրապետական կուսակցության ակտիվի ընդլայնված նիստը, որին կմասնակցի, եւ ենթադրվում է՝ ելույթ էլ կունենա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։

Սա Հանրապետական կուսակցության կառույցներում, այսպես ասենք, «Երկրապահի» ինտեգրման գործընթացը սկսվելուց ի վեր, առաջին հավաքն է, որի վերաբերյալ եւ տեղեկություններ ստանալու նպատակով զրույցի հրավիրեցի հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանին. «Մենք, փաստորեն, ամփոփում ենք ՀՀԿ-ի թարմացման, հզորացման գործընթացը, որը սկսվել էր հուլիսից՝ հանրապետության բոլոր շրջաններում տարածքային կազմակերպություններ ստեղծելով, եւ բացի այդ, կհաստատենք նախ ՀՀԿ հերթական համագումարի օրն ու օրակարգը»։

Սա Հանրապետական կուսակցության թվով 5-րդ համագումարն է լինելու, որը նախատեսված է անցկացնել Ծննդյան տոներից անմիջապես առաջ՝ դեկտեմբերի 24-25-ին։ Դեկտեմբերյան այդ հավաքի ժամանակ, ինչպես Անդրանիկ Մարգարյանից տեղեկացանք, կհաստատվեն կուսակցության ծրագրի եւ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները, նաեւ՝ կընտրվի հանրապետականների նոր ղեկավար կազմ։ Դրանից հետո, ՀՀԿ-ն կձեռնարկի առաջին նախապատրաստական քայլերը՝ հետեւելիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Իսկ գալիք Ազգային ժողովի նկատմամբ Հանրապետական կուսակցության հավակնությունները բավականին մեծ են։ Անդրանիկ Մարգարյանն այս հարցին անդրադառնալով ասաց, որ իրենք, իրենց համակիր շրջանակների հետ համատեղ կանեն օրենքով թույլատրվող ամեն ինչ՝ հաջորդ Ազգային ժողովում առավելագույն տեղեր գրավելու համար։ Իսկ քաղաքական ո՞ր ուժի հետ են իրենց համագործակցության հեռանկարները տեսնում հանրապետականները. «Հավանաբար Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կգնա որեւէ միավորման մաս չկազմած, իսկ համագործակցությունը հնարավոր ենք համարում այն ուժերի հետ, որոնք պաշտպանել են Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը»։

Ինչեւիցե, նորից անդրադառնանք նոյեմբերի 21-ին տեղի ունենալիք հավաքին։ Հանրապետականներն այդ նիստը կգումարեն արդեն շուրջ 60 տարածքային կազմակերպություն ստեղծած, որոնք, Անդրանիկ Մարգարյանի վկայությամբ, ծածկում են Հայաստանի ամբողջ տարածքը։ Կուսակցության անդամների թիվն էլ, վերակազմավորման գործընթացն սկսելուց հետո եռապատկվել է։ Եթե մինչեւ ցուցակների վերատեսության ենթարկելը ՀՀԿ-ն ուներ 2000 անդամ, իսկ անդամությունը պաշտպանության եւ իրավապահ համակարգերում աշխատելու պատճառով կասեցրածներին հանելուց հետո 1500-ը, ապա այսօր Հայաստանում կա 4500 հանրապետական։

«Կուսակցության անդամ դառնալու համար շատ մեծ չափանիշներ են դրվել։ Առաջին՝ տարածքներում, համայնքներում ժողովուրդը պիտի հավատա այն մարդուն, որն ուզում է դառնալ ՀՀԿ անդամ։ Երկրորդը՝ թեկնածուն նախորդ շրջանի իր քաղաքական կամ տնտեսական գործունեությամբ արատավորված չպիտի լինի։ Երրորդը՝ այլ կուսակցությունների ակտիվ անդամ չպիտի եղած լինի։ Իհարկե, չենք բացառում, որ այլ կուսակցությունների, ասենք ՀՀՇ-ին, անցյալում անդամագրված լինեն, բայց քաղաքական դեմք չպիտի եղած լինեն։ Հաջորդը՝ թեկնածուն, իրոք, քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն պիտի ունենա, եւ ոչ թե մտածի, թե ՀՀԿ-ն ապաստարան է իր անձնական կամ տնտեսական գործերը կարգավորելու համար»։

Մեր վերջին հարցն Անդրանիկ Մարգարյանին այսպիսին էր՝ Կարեն Դեմիրճյանը հայտարարել է, թե ՀԺԿ-ն պետք է 1600 սկզբնական կուսակցական կազմակերպություն ունենա, ինչը համապատասխանում է Հայաստանի ընտրատեղամասերի թվին, դուք նման մտադրություն ունե՞ք։ Պատասխանը սպասվածից լակոնիկ էր. «Մենք դա արդեն արել ենք»։

Իսկ թե վերջնականապես ՀՀԿ-ն երբ է մտադիր հստակեցնել սեփական դիրքորոշումներն ընտրություններին վերաբերող հարցերի շուրջ, մեր ունկնդրի համար պարզաբանեց «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը. «Չեմ կարծում, որ դիրքորոշումներն ընտրական գործընթացների վերաբերյալ կհստակեցվեն դեկտեմբերյան համագումարում։ Ինձ թվում է, անհրաժեշտ կլինի եւս մեկ համագումար՝ ընտրություններից առաջ։ Այն ժամանակ հնարավոր կլինի ասել՝ ինչ ուժերի հետ համագործակցության ինչ աստիճան կարող է լինել։ Մի քանի ամսից միայն հստակ կլինի, թե ինչպիսին է քաղաքական դաշտը Հայաստանում։ Դրանից հետո միայն կորոշենք համագործակցության եղանակներն ու մակարդակը»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30