Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՆԱՀԱՏԵԼՈՎ

Նոյեմբեր 19,1998 00:00
Aleqsand

«Առավոտի» խնդրանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից վերջերս արված առաջարկի շուրջ իրենց տեսակետներն են արտահայտում ՀՀ գիտությունների Ազգային ակադեմիայի փիլիսոփայական ամբիոնի վարիչ (ՀՀ նախկին Գերագույն խորհրդի՝ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի փորձագետ, այժմ «Հայք» հաստատության փորձագետ) պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը եւ ԼՂՀ ԱԺ պաշտպանության, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ. «ԵԱՀԿ համանախագահներն իմ կարծիքով նոր փորձ են անում՝ փակուղուց դուրս բերել բանակցային գործընթացը։ Բայց եթե ընդհանուր պետության գաղափարը նորություն է համանախագահների համար, ապա, ըստ էության, այն նոր չէ այս հակամարտության համատեքստում։ Բանն այն է, որ 20-ական թվականներին բոլշեւիկյան կենտրոնը փաստորեն նույն գաղափարն էր առաջ քաշում Խորհրդային Ադրբեջանի պետականությունը ձեւավորելու ընթացքում։ Բայց ահա առաջին անգամ ԵԱՀԿ-ն շրջանառության մեջ է դնում վերոհիշյալ հասկացությունը։ Իմ կարծիքով այստեղ դրականն այն է, որ լավ հնարավորություն է ընձեռվում հայկական կողմերին՝ նոր հասկացություններ շրջանառության մեջ դնելու իմաստով, գոնե քարոզչության մակարդակով։ Իսկ ընդհանրապես՝ ինչ է իրենից ներկայացնում նոր առաջարկությունը, կարող եմ ասել, որ դա ինչ-որ իմաստով փորձ է՝ վերականգնելու համար նախկին ստատուս քվոն։ Առաջին հերթին կուզեի ընդգծել, որ մենք անցել ենք արդեն այդ փուլը, եւ երկրորդ՝ դա պարզապես թույլ է տալիս մեզ՝ խոսելու նախկին Խորհրդային Ադրբեջանի ինտերնացիոնալ հանրապետության, տարբեր ազգերի միասնական պետության ազգային պետական կառուցվածքում հայերի գրաված դիրքի վերականգնման մասին։ Ուրեմն, ընդհանուր պետության վերաբերյալ ԵԱՀԿ առաջարկը վերոհիշյալ իրողությունները նորից արծարծելու հնարավորություն է ընձեռում՝ եթե ոչ պետական մակարդակով, ապա գոնե հասարակական կազմակերպությունների եւ քարոզչության միջոցներով»։

Murad Petrosyan

ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԼՂՀ-ն Ադրբեջանի հետ կազմավորում է մի ընդհանուր պետություն, բայց կոնկրետ ինչպիսի՞ն է այդ ընդհանուր պետությունը, ի՞նչ լիազորություններ են պատկանում սուբյեկտներին, որտե՞ղ եւ ինչո՞ւմ են կիսվում նրանցից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները։ Դատելով առաջարկից, ԼՂՀ-ն եւ Ադրբեջանը պարտադիր կազմավորում են մեկ պետություն (բայց կամավորության սկզբունքներով), իրենք էլ առանց ԵԱՀԿ միջամտության որոշում են յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները։ Ես կարծում եմ, որ դա հանգեցնելու է հերթական փակուղու, որովհետեւ առավել քան միամտություն կլինի հուսալ, թե Ադրբեջանը կհամաձայնվի Արցախի ժողովրդի, ԼՂՀ ազատության այն չափի հետ, որը մեզ է բավարարում։ Իմ եզրահանգումը սա է։ Ընդհանուր պետությունն ընդամենը տերմինի փոփոխություն է, փաթեթավորումն է վերացել, մնացել է ժողովրդների ինքնորոշում սկզբունքի հանդեպ պետության ամբողջականության սկզբունքի առաջնայնությունը։ Մեզ պարտավորեցնում են Ադրբեջանի հետ կազմավորել ընդհանուր պետություն, բայց չի պարտավորեցվում այդ ընդհանուր պետության սուբյեկտների իրավունքների հավասարությունը, որից կհետեւեր, թե հավասարապես ճանաչվում են ե՛ւ ինքնորոշման իրավունքը, ե՛ւ պետության ամբողջականության իրավունքը»։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30