Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԵՇՏ ԷՋՄԻԱԾՆԻ ԺՈՂԴԱՏԱՐԱՆԻՆ

Նոյեմբեր 19,1998 00:00
dat

ՆԳ եւ ԱԱՆ հակահետախույզները պատժվեցին

Մինչ դատավոր Հ. Սարգսյանի եւ դատախազ Գ. Ավետիսյանի դահլիճ մտնելը, ամբաստանյալները զբաղեցրին իրենց տեղերը՝ խնամքով մաքրելով շինարարական աշխատանքների շնորհիվ ներկված եւ գաջոտված աթոռները։ Ինչպես ասում էին, սա միակ դեպքն է, երբ «ԿԳԲ-ի ոտքը խերով եղավ», քանի որ ողջ դատաքննությունն ուղեկցվեց դատարանի շինվերանորոգչական աշխատանքներով։ Թարմ ներկի հոտից սրտխառնուք էր առաջանում եւ «վրեդնի ցեխ» հիշեցնող դահլիճում մածունն էր միայն պակաս։ Էջմիածնի ժողդատարանին վերջնականապես որոշեցի հրաժեշտ տալ երեկ՝ այն հույսով, որ երբեւիցե նրա պատին կհայտնվի հայոց պետականության խորհրդանիշը՝ զինանշանը գոնե… Իսկ դատական ամենավերջին նիստը սկսվեց ՆԳ եւ ԱԱՆ հակահետախուզության պետ, գնդապետ Սերգեյ Համբարձումովի պաշտպան Ռ. Ռշտունու պաշտպանական ճառից, որը բաղկացած էր 4 դրվագներից։

Անդրադառնալով Մարտին Սեւոյանի ցուցմունքին, պաշտպանը նկատեց, որ այն տրվել է կեղծված ժամերով, այլ գրչով, այլ ձեռագրով եւ հարցաքննել է Ղարիբյան ազգանունով մի քննիչ, որի ազգանունը, բացի այդ դրվագից, ոչ մի տեղ չկա, ոչ անգամ քննչական խմբում եւ, փաստորեն, նրա «տնօրինությամբ» հարցաքննությունն ապօրինի է։ Ամբաստանյալներ Է. Ամիրջանյան-Ս. Համբարձումով զույգի գործունեության կապակցությամբ (ինչպես էջմիածինցիներն են կատակով ասում. «Զինգրքույկի արտադրամաս դնելու») Ռշտունին բերեց նախ Է. Ամիրջանյանի ցուցմունքի այն հատվածը, թե ինչպես 1000 դոլարը «Համբարձումովը վերցրեց, առանց հաշվելու դրեց իր գրասեղանի դարակը, նույն դարակից հանեց Հարությունի զինգրքույկը եւ տվեց իրեն» եւ հաջորդը «10 հատ 100 դոլարանոց, որը գտնվում էր բաց վիճակում, տարա տվեցի Համբարձումովին, վերցնելով զինգրքույկը՝ տվեցի Մարտիկին»։

Պաշտպանի կարծիքով, այս դրվագով որոշում կայացնել չի կարելի, քանի որ կա կասկած… Ինչ վերաբերում է Բաղդասար Մելքոնյանի հետ կապված դրվագին, Ռ. Ռշտունին դարձյալ ասաց, որ նրա ցուցմունքի ժամերը եւս կեղծված էին, գրված այլ թանաքով եւ, որ առկա է կեղծողների երկու ձեռագիր։ Ի դեպ, Բ. Մելքոնյանը ցուցմունք էր տվել, որ «Էդիկ Ամիրջանյանն իր սեյֆից հանեց Արմանիս (հասկանալի է՝ տղայի- Ռ. Մ.) զինգրքույկը, իմ ներկայությամբ միջից հանեց հաշվառման թերթիկը եւ խոստացավ տալ այն՝ գումարը տալուց հետո»։ Իսկ ամբաստանյալ Ամիրջանյանի ցուցմունքում ասվել է, որ իր մոտ է եկել Բաղդասարը, խնդրել, որ վերադարձնի իր զինտոմսը եւ ինքն էլ ասել է, որ նա գա երկու օրից, գումարը լինելուց հետո։ Խոսքը 800 դոլարի մասին էր։ Զինգրքույկի միջուկը, պարզվեց, եղել է Ս. Համբարձումովի մոտ, զինտոմսը՝ Է. Ամիրջանյանի։ Այս հակասությունը լուծելու համար իր պաշտպանական ճառում Ռշտունին նշեց, որ անհրաժեշտ էր առերեսում անել։

Ինչ վերաբերում է «շեֆը փողը պիտի տար նախարարություն» թվացյալ «մանրուք»-նախադասությանը, դատարանը հարկ չհամարեց ճշտել, թե ի՞նչ նախարարության մասին էր վկայածը, ո՞ւմ պիտի տրվեր փողը եւ չգնահատեց «հանցանքի մասին» սույն տեղեկությունը։ Դատարանում նշվեց, որ Է. Ամիրջանյանի եւ Ս. Համբարձումովի առերեսումն էլ գրված է եղել այլ ձեռագրով։ Պարզ չդարձավ, թե ո՞ւմ էր պատկանում վերոհիշյալ երեւույթի հեղինակային իրավունքը։ «Լավ աշխատանք է տարվել,- ասաց Ռշտունին,- մանրակրկիտ, նման 37-ին։ Իսկ որտե՞ղ էիք դուք, խուզարկություն կատարողներդ եւ որ Գյուլնազ տատի հեքիաթներն էլ դատախազության եւ արդարադատության մարմինների համար չեն»։

Դահլիճի «անհանգստությունը» փարատեց դատավոր Հ. Սարգսյանը, ճիշտ ժամանակին նկատելով. «Ձեզ չի ասում»… Անդրադառնալով 2600 դոլարին, պաշտպանը, ապա Համբարձումովն իր վերջին խոսքում ասացին, որ եթե «կաշառքի» գումարներից է այն, պիտի ապացուցվի։ Գնահատելով սույն քր. գործը, որպես ԱԱՆ-ի «գարշահոտություն առաջացնող պրովոկացիա Համբարձումովի նկատմամբ» պաշտպանը պահանջեց, որ գնդապետն ազատ արձակվի, քանի որ նա դատապարտվում է ապօրինի։ Մեկ անգամ եւս շեշտվեց, որ ԱԱՆ փոխնախարարի սենյակում «Արթուր» օպերատիվ գործի զննումը եղել է առանց պաշտպանների մասնակցության։ Սերգեյ Համբարձումովը դատապարտվեց 10, Էդիկ Ամիրջանյանը 5 տարվա ազատազրկման։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30