Լրահոս
Օրվա լրահոսը

ՁՈՒԿԸ ԳԼԽԻՑ Է ՀՈՏՈՒՄ, ԻՍԿ ԴՊՐՈ՞ՑԸ

Նոյեմբեր 19,1998 00:00
dproc

Կամ՝ ասա ում մարդն ես, ասեմ թոշակիդ տարիքը

Պատկերացրեք՝ դպրոցը նույնպես գլխից է խեղճանում, եթե նկատի առնենք, որ այս կենդանի հաստատության գլուխը տնօրենն է։ Չզարմանաք։ Այս հայտնագործությունը արվել է մեր օրերում, ինչպես ասում են՝ հընթացս, 1997 թ., երբ այս նույն պատրվակով կամ պատճառաբանությամբ տնօրինաթափության մի մրրիկ անցավ ողջ Երեւանով։ Ժամանակը դեռ կպարզի, թե բակտերեոլոգիական ինչպիսի հետազոտությամբ կամ գանգուղեղային գիտության նորագույն ո՞ր թռիչքի շնորհիվ քաղաքի ղեկավարությանը հայտնի դարձավ, թե հատկապես որ դպրոցների տնօրենները վաստակած հանգստի կարիք ունեն։ Իսկ ի՞նչ էր փոխվել դպրոցում, որ այդպես հապճեպորեն փոխվում էին արդեն «հնացած» տնօրենները։ Ազգային ակադեմիան ուսումնական նորագույն մեթոդնե՞ր էր սկսել կիրառել, թե՞ ամերիկյան չափանիշներն էին այլ՝ դժվար է ասել։

Եվ, այնուամենայնիվ, ինչպես մայրաքաղաքի թիվ 76 դպրոցի «մի խումբ ուսուցիչներն» են գրում իրենց բազմահասցե նամակում, քաղաքապետարանի կրթության վարչության նախկին պետ պրն Պողոսյանն իրենց դպրոցի 56-ամյա տնօրենին հիշյալ համատարածի տարում «ծերության» հոդվածով դատապարտեց։ Նման որոշումներ կայացնող չինովնիկը միգուցե այդ տարիքում արդեն պետք է որ ծերացած լինի, սակայն արդյո՞ք մանկավարժի եւ դպրոցի տնօրենի համար այդ տարիքը այդպես խստագույնս պիտի կարեւորվեր, հաշվի չառնվեր ուսուցչական կոլեկտիվի կարծիքը, հանուն տնօրենի կազմակերպված գործադուլը։ Ռուսներն ասում են՝ «Երբ անտառը կտրում են, տաշեղներ էլ կթռչեն», այնպես որ…

Պարզապես կարելի է ուրախանալ, որ այդ օրերին մեր Ազգային ակադեմիան քաղաքապետարանի ենթակայությանը չէր պատկանում։ Ինչպիսի՜ երջանիկ պատահականություն։ Ինչպես վկայում են հիշյալ նամակի հեղինակները, նույն այդ երջանիկ պատահականությամբ թիվ 76 դպրոցի տնօրեն նշանակվեց 54-ամյա մի «երիտասարդ», որը իր այդ կարճ կյանքի ընթացքում երբեւէ առնչություն չի ունեցել ո՛չ մանկավարժության, ո՛չ էլ, բնականաբար, դպրոցի հետ, սակայն, բարեբախտաբար, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր ապրում եւ գործում է բարի ու բարձրաստիճան քեռիների հովանավորչությամբ։ Մի մանկավարժ-տնօրեն, որը «դժվար» երեխաներին կարող է ասել. «Ապեր, գիտե՞ս, ես էլ եմ գողական», ուրեմն էլ ինչ խաղ կարող է լինել այստեղ։

Երեխաների սիրուց դրդված, նոր տնօրենը դպրոցի երկրորդ հարկի վերանորոգմանը հատկացված գումարներով իր համար հանգստասենյակ կառուցեց, վերանորոգեց իր աշխատասենյակը, սառնարանը տուն տարավ եւ ուսուցիչների քրտմնջոցին 8 ամսից ավելի չդիմանալով, հետ բերեց արդեն ոչ պիտանի մի արկղ, դաշնամուրի տեղն էլ, դե իհարկե, տնօրենի աշխատասենյակն էր, իսկ ծնողներից հավաքած գումարներով հնարավոր եղավ հոգաբարձուների ֆոնդ ստեղծել, որով գրեթե իրականացրեց կրթության նախկին նախարարի՝ դպրոցը վճարովի դարձնելու մասին երազանքը (ականջդ կանչի Աշոտ Բլեյան)։ Հետո՞։ Հետո սկսվեց ուսուցիչների անհատական եւ խմբային մշակման գործընթացը՝ ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է կարգախոսի հանգով։ Եվ եթե մինչեւ ընթացիկ տարվա սկիզբը տիկին Փիլոսյանը հրակարմիր ՀՀՇ-ական էր, ապա փետրվարյան իրադարձություններից հետո նրանց քրջոտ ՀՀՇ-ականներ անվանելով, Եդեմի դրախտային լճակներից մեկում իրեն քոչարյանական մկրտեց, դարձավ Ջահանգիրյանի «մորական» կողմից ազգականը, իր հավաստմամբ՝ կրթության նախարարի խորհրդականը…

Բնականաբար, նման կապեր ու հատկանիշներ ունեցող նորընծա տնօրենը պետք է որ արժանվույնս գնահատվեր։ Եվ… ինքն էլ իրեն հռչակեց որպես տարվա լավագույն ուսուցիչ։ Հետո՞ ինչ, որ երբեւէ որպես ուսուցիչ դասարան չի մտել։ Ինչպես վկայում են «մի խումբ ուսուցիչներ», տիկին Փիլոսյանի աշխատաոճի ամենակարկառուն հատկանիշը միապետականությունն է։ Եթե նա որոշեց, որ ուսմասվարները պետք է կրճատվեն, այս կամ այն առարկայի դասաժամերը նվազեն՝ էլ ի՜նչ քննարկելու բան կա, կարելի է նաեւ դպրոցի ուղղվածությունը փոխել. ասենք՝ փտած ֆրանսերենի փոխարեն անցնել իսպաներենի… միայն թե այս ամենը վերեւներին ներկայացնել՝ որպես մանկավարժական խորհրդի կամք։ Մնում է հիշեցնել, որ եկող տարի այս բազմաչարչար տնօրենն էլ կբոլորի իր 56-ամյակը։ Հետաքրքիր է, նրա՞ն էլ է սպասում իր հովանավորների կողմից սահմանած ծերության հոդվածը, թե՞…

Երեւանի թիվ 76 դպրոցի մի խումբ ուսուցիչների (որոնք հասկանալի պատճառներով չցանկացան, որ իրենց անունները հրապարակվեին)՝ «Առավոտին» հասցեագրված նամակը յուրովի վերարտադրեց Կ. ՂԱՓԱՆՑՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30