Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանը երեկ լրագրողներին հրավիրել էր ասուլիսի
Ինքն այստեղ օտար մարդ չէր
Մարզպետարան հասանք մի ավտոբուսով, որն, ասացին, թե ճապոնական է, բայց այնքան դանդաղաշարժ էր, որ մինչեւ Աշտարակ հասնելը մի քանի անգամ քնեցինք ու արթնացանք։ Ինչեւէ, մարզպետն արդեն սպասում էր լրագրողներին եւ նույնիսկ անհանգստացավ՝ ինչո՞ւ ուշացանք, բան չէ՞ր պատահել։ Արդեն 100 օրից մի քիչ ավելի երկար ժամանակ է, ինչ ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը նշանակվել է մարզպետ եւ նրա ասուլիսը հաշվետվության պես մի բան հիշեցրեց։ Խոսքի սկզբում պարոն մարզպետն ասաց, որ ինքն այստեղ օտար մարդ չէր։ Փորձենք ներկայացնել ընկեր Կարապետյանի խոսքը փուլ առ փուլ։ Մարզպետը նախ ներկայացրեց մարզն իր տարածքային եւ այլ շտրիխներով։ Մարզի տարածքում 3 քաղաք եւ 112 գյուղ կա, շուրջ 2760 քառ. քմ տարածք, բնակչությունը՝ 166-167 հազար մարդ։ Մարզն ընդունված է գյուղատնտեսական համարել, սակայն այստեղ կան բազմաթիվ գործարաններ, որոնցից շատերն այսօր չեն աշխատում։ «Մարզում կան բազմաթիվ հեռանկարներ արտադրությունը վերագործարկելու, աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ»։ Մարզի ամենացավոտ խնդիրը, ըստ մարզպետի, խմելու եւ ոռոգման ջրի խնդիրն է։ Ջրային մեծ պաշարներ ունեցող մարզի (պարզապես «զավեշտ է»), շատ գյուղեր ջուր չունեն։
Մարզում ընթացքի մեջ են շուրջ 3 միլիոն 371 հազար 822 դոլարի արժողությամբ կապիտալ շինարարական աշխատանքներ։ Նախագծային փուլում են 2 դպրոց, 4 խմելու ջրագիծ եւ 4 ոռոգման ջրագիծ։ «Մեր մարզը ավելի լավ վիճակում չէ, քան Արմավիրի մարզը, եւ եթե այստեղ խոլերայի դեպք չեղավ, միայն այն պատճառով, որ քլորը ավելի շատ լցրեցինք»։
Կարդացեք նաև
«Բացարձակ այլ միջոցների չենք դիմել»
Անդրադառնալով հարկերի հավաքման, գումարների գանձման հարցերին, այսպես ասաց պարոն մարզպետը. «հավաքած գումարները վերահսկել ենք, որ հասնի պետական գանձարան։ Ուժեղացրել ենք վերահսկողությունը գումարների գանձումների վերաբերյալ, ստուգումներ ենք կատարել համայնքներում, մարդիկ զգոնացել են, կարգապահություն է հաստատվել։ … Այլ հավելյալ գումարներ չեն հավաքվում»։
Մարզպետը հայտնեց նաեւ, որ մի շարք համայնքներում ստուգումներ են անցկացվում եւ «շուրջ 8 գործեր են ներկայացվել դատախազություն։ Առաջինը վերաբերում է փետրվարի 14-18-ը կարկտահարության դիմաց պետբյուջեից տրված փոխանցումների գումարին։ Շուրջ 70 միլիոն դրամի մասին է խոսքը, եւ մարդիկ են եղել այս մարզում, որոնք մարդկանց դժբախտության վրա փող են աշխատում։ … Փոխհատուցումը տրվել է 18 գյուղերի եւ ես ստիպված էի քննության հիման վրա գործը ներկայացնել երեք դատախազություններ՝ Աշտարակի, Ապարանի եւ Թալինի»։
Շատ համայնքապետեր անգրագետ են
Այս իրողությունը մարզպետի սրտով չէր։ Նա չթաքցրեց իր դժգոհությունն այս դաժան իրականության կապակցությամբ։ Մարզում (վստահ ենք, ոչ միայն այս) կան գյուղապետեր, որ նույնիսկ միջնակարգ կրթություն չունեն, էլ ուր մնաց, որ կարողանան համայնքի բյուջե կազմել եւ այլն։ Եվ նման մարդկանց վստահվում է մանկապարտեզ ու գրադարան, նույնիսկ մտածվում է դպրոցների մասին։
Սեփականաշնորհման հին մեղքերը
Մարզի տարածքում, մասնավորապես Թալինում ժամանակին ընդամենը 6 վաուչերով մանկապարտեզ է սեփականաշնորհվել, «ես չեմ ուզում ասել, թե այդ վեց վաուչերի հետեւում ովքեր են կանգնած, թե չէ ասելու են հարցը քաղաքականացնում է, բայց հաստատ իմացեք, որ կանգնած են նախկին իշխանավորների հորեղբոր կամ մորաքրոջ տղաներից ոմանք»։ Եղել է նաեւ 2 վաուչերով սեփականաշնորհված կենցաղի տուն, կոմբայն, որ հազար դրամով է սեփականաշնորհվել։
Բազմակուսակցական մարզպետարան
«Մարզպետարանում աշխատում են ե՛ւ ՀՀՇ-ի ներկայացուցիչներ, ե՛ւ Դեմիրճյանի կուսակցությունից, ե՛ւ կոմկուսից, ե՛ւ ԱԺՄ-ից, ջերմ բարեկամական մթնոլորտում մենք հարցեր ենք քննարկում։ … Ես, որպես մարզպետ, այս մարզում որեւէ խնդիր չունեմ որեւէ քաղաքական կուսակցության հետ»։
Հրայր Կարապետյանի մարզպետ դառնալուց հետո քանի անդամով է համալրվել մարզի ՀՅԴ շարքերը, չիմացանք։
Այլ հարցեր եւս
Պարոն մարզպետը շեշտեց զոհված ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ ուշադրությունը, սոցիալական եւ տնտեսական բազմաթիվ այլ հարցեր, իսկ վերջում, նոր նշանակված փոխմարզպետերի աշխատասենյակում լրագրողներին սուրճ հյուրասիրեցին։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ