Չկայացած գործուղում Երեւանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ
Խաղո՞ղն է ազգային հարստությունը, թե՞ կոնյակը: Պատասխան՝ երկուսն էլ։ Սկզբում եղավ սեփականաշնորհումը։ Խաղողի համայնական դաշտերից կտրվեց տրակտորի հռնդյունը։ Տրակտոր, որը հեղուկ, փոշի բուժանյութերով ապահովում էր խաղողի բերքատվությունն ու պարծանքի արժանի որակը։ Տրակտորի հռնդյունը լռեց, եւ յուրաքանչյուր սեփականատեր իր ընտանիքով սկսեց տքնել իր բաժին խաղողի այգում, վաղ գարնանից մինչեւ ուշ աշուն։ Խաղողը շա՜տ-շատ էր շուկայի համար, ժողովրդի գրպանը՝ ծակ, սովետական սառնարանները՝ թալանված, մթերող գործարանները՝ անփող։ Մթերող գործարաններին տոննաներով հանձնած խաղողի արժեքը ժողովուրդը ստացավ մի քանի տարի անց, ինֆլյացիայի ենթարկված մի քանի դրամ։ Լավագույն դեպքում մարդիկ հանձնած խաղողի դիմաց ստացան սպիրտ կամ օղի. «Կուզեք՝ խմեք, կուզեք՝ ծախեք»։ Իսկ մինչ այդ Պռոշյանի «Հացի խնդիրը» ծառացել էր ժողովրդի առաջ։ Քաղաքաբնակը չեկով հաց էր ստանում, գյուղաբնակը՝ օրերով հերթ կանգնում գյուղական անշուք խանութի առաջ։
Արարատյան դաշտում սկսեցին պակասել խաղողի այգիները, ավելանալ՝ ցորենի ցանքատարածությունները։ Բայց հայկական խաղողին հասցված ամենածանր հրետանին գործող վարչապետ Հր. Բագրատյանի հեռուստաասույթն էր. «Մեզ պետք չի գյուղացու խաղողը, Պարսկաստանից սպիրտ կբերենք, ավելի էժան կնստի»։ Այս զորեղ հարվածից խաղողի այգի ունեցող հողատերը մի բան հասկացավ. «Պետությունը քեզնից ձեռ է քաշել, ոնց կուզես՝ գլուխդ պահիր»։ Գյուղացին անցավ նատուրալ, փակ տնտեսության, խաղողի այգիները պակասում ու պակասում էին, շուկայում խաղողի կիլոգրամն արժեր 50-100 դրամ։
Վախեցած եք ապրում, պարոնայք
Կարդացեք նաև
Ինչպես յուրաքանչյուր շարքային հայ մարդ, ես եւս կուզեի, որ մեր երկիրը հարուստ լիներ, մեր կոնյակի համբավը՝ բարձր։ Արմավիրցի մի ծերունու խոսքը. «Պարսիկը երկաթը տարավ, ֆրանսիացին՝ կոնյակը», իմ սրտին էլ է դիպչում։ Բայց չեմ կարող չարձանագրել, որ այս քայլով առաջին անգամ վերջին տասը տարիների ընթացքում խաղողի մշակությունը դարձավ ձեռնտու, եւ մարդիկ սկսեցին մտածել ոչ թե խաղողի այգի քանդելու, այլ տնկելու մասին։ Այս մտածումներով էլ գնացի Արմավիրի կոնյակի գործարան եւ… Շատ բան հին էր այնտեղ, շատ բան՝ նոր։ Հին ու խունացած էր գործարանի ճակատի՝ երկինք բարձրացող հրթիռը, հավանաբար հոգնածությունից ու զարմանքից (թե ինչ է կատարվում ներսում) թեքվել էր «Գ» տառը։ Հին էր գործարանի բակի՝ «Մեր առաջավորները» պատվոտախտակն ու «հսկա» կարգախոսը. «Կոմունիզմի նյութատեխնիկական բազա ստեղծելու համար տանք արտադրության բոլոր ռեզերվները»։
Նորություն էր գործարանի մուտքը հսկող պահակային ծառայությունը, եւ առաջին հայացքից նկատելի էր աշխատողների վախեցածությունը, երկյուղը։ Վախեցած էին աշխատողները, իսկ ղեկավարների, հատկապես մթերման չորս պունկտերի վարիչների վախը, հավանաբար, հարկ է չափել։ Ֆրանսիացի «միստրի» ստվերը, ինչպես նաեւ սպասվող կրճատումները եւ գործազրկության ռեալ վտանգը, հավանաբար, բավարար հիմք են այս վիճակի համար։
«Առավոտը», սուբորդինացիան եւ պրոպորցիան
Արմավիրի մասնաճյուղի կառավարիչ պրն Մարգարյանը (իմիջիայլոց, գործարանի սեփականաշնորհումից անմիջապես հետո փոխվել են գործարանի առաջին դեմքերը եւ մթերող չորս պունկտերի վարիչները, որոնք, ըստ չար լեզուների, Բագրատյանի կուսակցության անդամներ են) հսկիչի միջոցով ներողություն խնդրեց թղթակցին չընդունելու համար. «Զբաղված եմ, մոտս մարդ կա»։
Այն հարցին, թե գուցե լրագրողին չընդունելու պատճառը Երեւանից թույլտվություն չունենա՞լն է, պրն կառավարիչը պատասխանել էր. «Չէ, մյուս անգամ կարող է ընդունեմ, էսօր չեմ կարող»։ Սա՝ կառավարիչը։ Դուք պատկերացնո՞ւմ եք գինու կետերի վարիչների դրությունը։ Արաքս գյուղի մթերման պունկտի վարիչը այնքան էր շտապում, որ չուզեց ներկայանալ անգամ, եւ դա պատճառաբանեց շատ «ինտելիգենտորեն». «Խնդիրը ոչ սուբորդինացիան է, ոչ՝ պրոպորցիան, եւ ոչ էլ «Առավոտը»։ Ժամանակ չունեմ»։ Իսկ Լուկաշինի (նախկին Երրորդ սովխոզ) պունկտի վարիչ Վարդան Վարդանյանը ռիսկի չդիմեց եւ չպատասխանեց մի պարզ հարցի. իբրեւ խաղողի այգետեր, ինչքանով էր իր համար ձեռնտու այս տարվա խաղողի մշակությունը։ Ձեռնունայն վերադառնալով Արմավիրից, ավտոբուսում անընդհատ մտքումս վերաձեւում էի Գոգոլի միտքը՝ «Վախեցած եք ապրում, պարոնայք»։
ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ