Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագայի ծրագրերով

Նոյեմբեր 19,1998 00:00
kusakcutyunner

Նոյեմբերի 17-ին եւ 18-ին ԱԺՄ-ի, «Ժողովրդավարական հայրենիք», «Մտավորական Հայաստան» կուսակցությունների, ՀՀՇ-ի, ՀԺԿ-ի, «Շամիրամի», «21-րդ դար. ԺԱԿ»-ի, ՌԱ(ԼԴ)Կ-ի, ԻՄ-ի, ՔԴՄ-ի ներկայացուցիչները քով-քովի գալով, ժամեր տեւած քննարկումներից հետո (իսկ ժամեր տեւելը շատ բնական է, քանի որ կուսակցությունները մասնակցում էին նվազագույնը 2 անդամով, իսկ քաղաքական ճառ ասող հայը ամենապակասը պետք է մի 5 րոպե խոսի) ընդունել են հայտարարություն՝ հետեւյալ տեքստով. «Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների՝ ժողովրդավարություն, մասնավորապես ազատ եւ արդար ընտրություններ ապահովող օրենսգիրք ընդունելու փորձը ձախողվեց հիմնականում ապաքաղաքական մեծամասնության կողմից։

Առաջին ընթերցմամբ, ի դեպ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի խախտմամբ, ընդունված «երկրապահական» օրենսգիրքը հնարավորություն է տալիս իշխանությանը կեղծիքների միջոցով ձեւավորելու իրեն հարմար Ազգային ժողով»։ Արձանագրելով ստեղծված իրավիճակը, հայտարարությունը ստորագրած կուսակցությունները պնդում են, որ ժամանակավորապես ստորադասելով իրենց քաղաքական տարաձայնությունները, շարունակելու են պայքարը հանուն ժողովրդավարության հաստատման։ Այս տեքստը, որ երկարատեւ քննարկումներից հետո բաժանվեց լրագրողներին, ըստ երեւույթին, չի արտահայտում կրքերի այն շիկացածությունը, որի երկունքն է։

Կուսակցությունները, հավանաբար, չեն համաձայնել որոշակի ձեւակերպումների հարցում, որովհետեւ հայտարարության նախնական տարբերակից որոշ գաղափարներ հանված են։ Քչախոս էին նաեւ փակ դռների հետեւում տեղի ունեցող բանակցությունների մասնակիցները։ Լրագրողներին գրեթե տեղեկատվություն չէր հաղորդվում։ Պարզապես խոսվում էր, թե մեկը առաջարկել է ազգային-ազատագրական պայքար սկսել, մյուսն ավելի նպատակահարմար է համարում խորհրդարանում մանդատները վայր դնելը, իսկ երրորդը՝ քաղաքական ամբիոնը խորհրդարանից Թատերական հրապարակ տեղափոխելու կոչ է արել եւ այսպես շարունակ։ Բացատրություններ տալու հարցում էլ նիստի մասնակիցները շռայլ չէին։

Ինչեւիցե, «Առավոտին» հաջողվեց ձեռք բերել նաեւ այն հայտարարության սեւագիրը, որը կարող է հաջորդել իբրեւ վերոնշյալ կուսակցությունների հաջորդ քայլ։ Այնտեղ եւս արձանագրվում է, որ, առաջնորդվելով ժողովրդի հանդեպ ունեցած պատասխանատվության զգացումով, ձգտելով մինչեւ վերջ օգտագործել առողջ բանականության վրա խարսխված փոխհամաձայնության գալու հնարավորությունը, «մենք՝ ԱԺ-ում ներկայացված ընտրական օրենսգրքի ընդհանրական (միասնական) նախագծի կողմնակից կազմակերպություններս, մեր սկզբունքային (իշխանությունը պատկանում է ժողովրդին) դիրքորոշմանը մեր հավատարմությունը հավաստող ավելի վճռական գործողությունների անցնելուց առաջ ներկայացնում ենք առկա վիճահարույց 4 հիմնական հարցերի լուծման հետեւյալ համալիր մոտեցումը»։ (Տե՛ս նկարը)։ Կուսակցությունների հաջորդ հավաքը տեղի կունենա երկուշաբթի։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30