Հայկոմկուսի ներկայացուցիչը երկրորդ օրն է, որ չի մասնակցում ընտրական օրենսգրքի (ԸՕ) շուրջ համախմբված մեկ տասնյակից ավելի կուսակցությունների ընդհանուր հավաքներին։ Մինչդեռ, վերջին օրերին նրանց հասցեին որոշակի մեղադրանքներ հնչել են, որոնց առիթով եւ զրույցի հրավիրեցինք Հայկոմկուսի կենտկոմի քարտուղար Գագիկ Թադեւոսյանին։
-Ձեզ մեղադրում են պայմանավորվածությունը խախտելու մեջ։ Հայկոմկուսը ի՞նչ հաճախականությամբ է խախտում պայմանավորվածությունները։
-Պայմանավորվածություն չի եղել, թե պիտի բոյկոտենք քվեարկությունը։ Հիշեցնեմ, որ ԱԺ նախորդ արտահերթ եռօրյան, որի ժամանակ էլի ընտրական օրենսգրքերն էին քննարկվում, ընդհատվեց Հայկոմկուսի ղեկավար Սերգեյ Բադալյանի եւ Պարույր Հայրիկյանի ելույթներից հետո։ Մենք առաջարկեցինք ընդմիջել, նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ հետո խորհրդարան գալ միասնական տարբերակով։ Եթե նպատակ ունենայինք «Երկրապահի» հետ ինչ-որ գործարքի մեջ մտնել, ապա դա կարող էին ավելի շուտ անել։ Մինչդեռ, այդպիսի բան չի եղել։ Հայկոմկուսը մինչեւ վերջ իր պարտավորություններն ԸՕ-ի միասնական տարբերակի կապակցությամբ կատարել է, իսկ ես բոլոր բանակցություններին մասնակցել եմ իբրեւ ՀԿԿ լիազոր ներկայացուցիչ։ Բայց պիտի փաստեմ, որ բանակցությունների ամբողջ ընթացքում ԸՕ-ի միասնական տարբերակի շուրջ համախմբվածների կողմից նկատվում էր արհեստական առճակատման գնալու, կոմպրոմիսներ չտեսնելու միտում։ Տպավորություն էր ստեղծվում, թե երկու կողմն էլ ընդամենը բանակցությունների պատրանք են ուզում ստեղծել։
Միասնական օրենսգիրք գրելու բարի կամքը բացակայում էր։ Դա առավել քան նկատելի էր բանակցությունների վերջին օրը, երբ «Երկրապահը» առաջարկեց 5+5+5 տարբերակը հանձնաժողովների կազմման համար, ուր կներգրավվեն կառավարության, ԱԺ խմբակցությունների եւ ավելի բարձր վարկանիշ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ավելին, «Երկրապահը» կառավարությանը հատկացվող տեղերն իջեցրեց մինչեւ 3-ի։ Դա, մեր կարծիքով, գրեթե պարիտետ է ստեղծում։ Իսկ Եգորյանը չմտածված, արհեստական հայտարարություններով դրան չէր համաձայնում։ Այդպես չի կարելի։ Մինչդեռ Եգորյանն ու մյուսները, որոնք բանակցություններ պետք է վարեին, անմիջապես խափանեցին դրա հնարավորությունը։ Իրադարձությունները հայտնվեցին փակուղում եւ մենք որոշեցինք գնալ առանձին բանակցությունների։ ՀԿԿ-ն չի կարող դառնալ ինչ-որ քաղաքական ուժերի ձեռքի խաղալիքը կամ նրանց գերին։
Կարդացեք նաև
Մեզ պատանդի դերը վայել չէ։ Ուստի հաջորդ օրը հանդիպեցինք «Երկրապահի» ղեկավարության՝ Ալբերտ Բազեյանի, Սմբատ Այվազյանի եւ Անդրանիկ Մարգարյանի հետ ու ասացինք. «Ճիշտ ճանապարհով չեք գնում։ Քարը փեշներիցդ թափեք։ Այսպես չի կարելի։ Ի վերջո, պետք է ընդունվի օրենք»։ Ինչ կստացվեր, եթե օրենք չընդունվեր, ոչ մի տարբերակ հիմք չընդունվեր։ Կան ժամկետներ, որոնց մեջ պետք է տեղավորվենք ընտրությունների նախաշեմին։ Այդ դեպքում մնում էր միայն մեկ հնարավորություն՝ լուծարվում էր խորհրդարանը եւ ընտրական օրենքն ուժի մեջ էր մտնում նախագահի հրամանագրով։ Դա ոչ մեր երկրին, ոչ նրա դեմոկրատական իմիջին եւ ոչ էլ Եվրախորհրդի հետ մեր հարաբերություններին ոչ մի օգուտ չի բերի։ «Երկրապահի» ներկայացուցիչներն ըմբռնումով մոտեցան հարցին ու հավաստիացրին, որ ցանկացած դեպքում պատրաստ են բանակցությունների։
Մենք տրամադրված ենք հանձնաժողովների կազմավորման «Երկրապահի» առաջարկներն ընդունել եւ, ինչու չէ, բանակցել նաեւ համամասնական ընտրամանդատների ավելացման օգտին։ Կոմունիստներն այնքան պարտաճանաչ գտնվեցին, որ հանդիպման մասին անմիջապես տեղյակ պահեցին պրն Եգորյանին։ Դրանից հետո տեղի ունեցավ քվեարկություն եւ մենք սեղմեցինք «դեմ» կոճակները՝ «Երկրապահի» նախագծի համար։ Միասնական տարբերակին կոմունիստները կողմ են քվեարկել։ Մերժում ենք այն տեսակետը, թե դրանով գործարքի մեջ ենք մտել։ Ոչ մի թունդ գնահատական չի տրվում «Հանրապետություն» միավորման այն անդամներին, որոնք կողմ են քվեարկել «Երկրապահի» տարբերակին, իսկ մենք, որ դեմ ենք քվեարկել՝ մեղադրվում ենք գործարքի մեջ մտնելու համար։ Բացի այդ, մենք չենք այն քաղաքական ուժը, որը պիտի ճանապարհ բացի ծայրահեղ լիբերալիզմի գաղափարախոսությունը դավանող ուժերի առջեւ՝ ռեւանշի ճանապարհով իշխանությունը վերցնելու համար։
Քավ լիցի, մենք որեւէ մեկի ձեռքին խաղալիք դառնալու նպատակ չունենք։ Միարժեքորեն մերժում ենք մեր իշխանամետության մեղադրանքները։ Չենք հասկանում, թե այդ երբվանի՞ց Եգորյանը Դեմիրճյանի պաշտպանը դարձավ։ Չգիտեմ, Դեմիրճյանը Եգորյանի պաշտպանության կարիքն ունի՞, թե՞ ոչ։ Եթե ունի եգորյանների եւ ծայրահեղ աջ գաղափարախոսություն դավանողների պաշտպանության կարիքը, դա արդեն մտածելու բան է։ Այն մեղադրանքները, որ ուղղված են մեզ՝ ամպագորգոռ են, անհեթեթ են եւ չհիմնավորված։ Մենք շարունակելու ենք բանակցել, մանավանդ, հանձնաժողովների կազմավորման թվերի եւ համամասնական-մեծամասնական տեղերի համար։ Ուղղակի, կոմունիստները միասնական տարբերակի շուրջ միշտ փոխզիջումների գնալու ճանապարհը որդեգրելով, արհեստածին, խուճուճ առաջարկների էլ էին համաձայնում։ Իսկ խուճուճ բաներ կային հանձնաժողովների կազմավորման եւ այլ հարցերում։ Ճիշտ չէ, որ բանակն իր տան առջեւ քվեարկի կամ ԱԻՄ-ի առաջարկը՝ ընտրացուցակների կազմավորումը 10 օր առաջ դադարեցվի։ Մենք այս մտացածին բաներին դեմ լինելով հանդերձ, կարծում էինք, թե բանակցությունների ընթացքում դրանք կհղկվեն։ Սակայն, հետագայում զգացինք, որ միմյանց ձեռք պարզելու միտում, այս կողմում գոնե գոյություն չունի։
-Իսկ այդ ինչպե՞ս պատահեց, որ Լեոնիդ Հակոբյանն, ասենք, քվեարկեց ոչ թե ձեր խմբակցության, այլ մյուս կուսակցությունների ներկայացուցիչների պես։
-Մեր մեջ վեճ ծագեց։ Ֆրակցիայի անդամների տեսակետները կիսվեցին։ Ես էլ էի կարծում, եթե չքվեարկենք «դեմ», «կողմ» կամ «ձեռնպահ», հնարավորություն կստեղծվի քվորում չունենալու, իսկ մեր մյուս ընկերներն այն կարծիքին էին, որ գուցե պետք է տարբերակներից մեկը հիմք ընդունվի, որ վերջապես սառույցը կոտրվի ու ճանապարհ բացվի բանակցությունների համար։ Լեոնիդը մնաց իր կարծիքին, որ ճիշտը քվորում չապահովելու ճանապարհն է, որպեսզի ոչ մի տարբերակ չընդունվի։ Մենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեցինք, քվեարկելով «դեմ»։ Ժողովրդին ասացինք, որ կողմ ենք միասնական տարբերակին եւ մեր կամքն արտահայտված է «Երկրապահի» տարբերակի նկատմամբ սեղմված «դեմով»։ Եթե պատասխանեմ Շավարշ Քոչարյանի մեղադրանքներին ու ասեմ, ա՛յ, Շավարշ Քոչարյան, համագործակցողը նրանք են, ովքեր իշխանության մեջ ինչ-որ պաշտոններ ունեն՝ կնեղանա։ Իսկ Հայկոմկուսին ի՞նչ են տվել, որ Հայկոմկուսին համարում եք գործարքի մեջ մտած։
-Կարելի՞ է հասկանալ, որ բացառում եք համագործակցությունը մյուս 10 կուսակցությունների հետ։
-Մենք համագործակցության հնարավորություն տեսնում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ։ Արհեստածին է այն մոտեցումը, թե այդ 10 կուսակցությունն ընդդիմություն են, իսկ «Երկրապահը»՝ դիմություն։ Այդ 11 կուսակցությունները չունեին գաղափարական ընդհանուր եզրեր, բայց, ինչպես Սերգեյ Բադալյանը հայտարարեց՝ միավորվել էին հանուն արդար ընտրությունների։ Օրենքն ընդունվելուց հետո էլի կուսակցությունների համագործակցության դաշտ կա, որպեսզի հնարավորություն առաջանա փակել կեղծիքների ճանապարհը։ Մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել։ Այսուհետեւ 11 կուսակցությունների նիստերին մասնակցելու նպատակահարմարությունը քննարկելու ենք կուսակցության խմբակցության նիստի ժամանակ, որովհետեւ որոշակի սառնություն է առաջացել մեզ ուղղված գնահատականների պատճառով։ Այդ հարցը մենք կքննարկենք, բայց բոլոր դեպքերում բանակցությունները «Երկրապահի» հետ շարունակելու ենք։
Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ