Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՆԵՐ ԹԱՂԱՅԻՆ՝ ՁԵՌՔՈՎ ԲԱՐԵՎՈՂ, ԳԱՅԻՆՔ, ԱՆՑՆԵԻՆՔ ՄԵՆՔ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՈՎ…

Նոյեմբեր 19,1998 00:00
Vladimir Nazaryan

Սույն վերնագիրը հեռավոր եւ անուղղակի առնչություն ունի հետագա շարադրանքի հետ։

Դատապարտված նախաձեռնություն «Հայրենիք» խմբի՝ «ՆԳ եւ ԱԱ մարմինների համատեղելիության մասին» օրինագիծը ձախողման է դատապարտված։ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ խոստացել է, որ եթե այդ օրենքն ընդունվի էլ՝ ինքն այն չի ստորագրի։ Սակայն խնդիրը կա, եւ գուցե դրա գիտակցումով է, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը (որում տոն տվողը երկրապահներն են) իր նախագահի բացասական դիրքորոշմանը հակառակ՝ դրական եզրակացություն ներկայացրեց այս օրինագիծն ԱԺ օրակարգում ընդգրկելու վերաբերյալ։ Այս շաբաթ էլ բովանդակային քննարկում կկայանա։

Իսկ մինչ այդ ներկայացնում ենք մի տեսակետ, որի վերաբերյալ Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չէր կարողանա պնդել, թե իրավապահ մարմինների գործառույթներին դրա հեղինակի ծանոթությունը սահմանափակվում է նրանով, որ «մի քանի անգամ անցել է Նալբանդյան փողոցով եւ միգուցե լավ հարաբերություններ ունի թաղային տեսուչի հետ, որին կարողանում է ձեռքով բարեւել»։ ԱԺ իրավաբանական բաժնի վարիչ Վլադիմիր Նազարյանը ՆԳ եւ ԱԱ նախարարության տարանջատման նպատակահարմարության խնդիրը դիտարկեց տարբեր տեսանկյուններից։

Սահմանադրականության

«Սահմանադրությամբ սահմանված է այն հարցերի սպառիչ ցանկը, որոնց վերաբերյալ ԱԺ-ն կարող է որոշում ընդունել։ Բայց երբեք մեր մտքով էլ չէր անցնի սահմանել այն հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ ԱԺ-ն կարող է օրենք ընդունել։ Սահմանադրությամբ ամրագրված է օրենքի գերակայության սկզբունքը, ուստի հասարակական կյանքի որեւէ բնագավառ չկա, որն օրենսդրական կարգավորման ենթակա չէ։ ԱԺ-ն, ասենք, կարող է օրենքով գտնել, որ արտաքին հետախուզության գործառնությունների համատեղումը ավտովթարների դեմ պայքարի հետ նպատակահարմար չէ։ Բայց դա չի նշանակում, որ ԱԺ-ն դրանով իսկ կյուրացնի հանրապետության նախագահի իրավունքը կառավարության կազմը որոշելու կամ նոր նախարար նշանակելու վերաբերյալ։ Պետք չէ դրամատիկացնել՝ այսպիսով զրկվում ենք խնդիրն ըստ էության մասնագիտորեն քննարկելու հնարավորությունից»։

Քաղաքականացվածության

«Ես արդեն կարոտել եմ մեր անցյալ տարիների քննարկումներին, որոնք անհամեմատ ոչ զգացմունքային էին եւ շատ ավելի բովանդակային բնույթ ունեին։ Իսկ այժմ երբեմն հենց սկզբից առճակատում է գնում. անգամ տեքստին ծանոթ չլինելով, եթե նախաձեռնության հեղինակը, ասենք, Եգորյանն է, անմիջապես նախագծին «դեմ» են արտահայտվում։ Մի քիչ չափազանցնում եմ՝ քաղաքականացվածության մակարդակը ցույց տալու համար։ Ես «պոլիտիկանությանը» դեմ եմ եւ կուզեի, որ նախագծերը երեւան գային ու քննարկվեին առանց «պոլիտիկանության»։ Եվ չեմ կարծում, որ այս նախագծի դեպքում հանգամանալից քննարկումներ կլինեն։ Տարիքիցս ելնելով մի կոչ կանեի. եկեք քարը փեշերիցդ թափեք, մարդավարի նստեք կլոր սեղանի շուրջ եւ այս հարցի բովանդակային քննարկում արեք։ Մերձեցման եզրեր հնարավոր է գտնել»։

Տնտեսական

«Չէի ցանկանա, որ այս նախարարությունների տարանջատման խնդիրը զուտ տնտեսական տեսանկյունից քննարկվեր։ Չնայած, դա շատ էական հանգամանք է։ Ես, ասենք, կուզենայի այս նախարարության վերաբերյալ բյուջետային քննարկումներին մասնակցել (դրանք փակ էին- Ա. Ի.) եւ իմանալ, թե իրականում ինչ վիճակ է։ Գոնե ինձ համար միակ հակափաստարկը պետության նյութական հնարավորությունների սակավությունն է։ Ես կարդացի ՆԳ եւ ԱԱ փոխնախարար Գորիկ Հակոբյանի տեսակետը, որն էական չէր համարել այն հանգամանքը՝ այդ համակարգերը միացյա՞լ կլինեն, թե՞ անջատ։ Իսկ ես դա էական եմ համարում, եթե խոսքը պետության հնարավորություններին է վերաբերում։ Եթե ընդունում ենք, որ լավ կլիներ դրանք առանձին լինեին, բայց այսօր դեռ պետության հնարավորությունները դա մեզ թույլ չեն տալիս՝ նշանակում է հեռանկար կա, որ հնարավորություն լինելու դեպքում մենք կառանձնացնենք այդ կառույցները»։

Տնտեսական-2

«ОБХСС հապավումն այսպես է բացվում՝ отдел борьбы с хищниками социалистической собственности։ Եվ շատ բնական էր, որ սոցիալիստական սեփականության հիմնական տերը՝ պետությունը Կըղհհ էր պահում, որ պայքարեր կողոպտիչների դեմ։ Ես դեմ չեմ, որ պետական սեկտորում այժմ գործի այդ նույն վարչությունը։ Բայց ինձ հասած տեղեկությունների համաձայն (բավական մոտ եմ գործարար մարդկանց հետ)՝ շատ ազատ այդ «շեստոյը» մասնավոր սեկտոր է թափանցում։ Մասնավոր ձեռնարկատերերը պետության հետ միայն հարկային երակով պիտի առնչվեն։ Եվ նրանցից պատասխան պիտի պահանջեն միայն հարկերն ավելի կամ պակաս մուծելու համար, այլ ոչ՝ հետաքրքրվեն, թե ինչու է այս կամ այն աշխատակիցն այսքան աշխատավարձ ստանում։ Իմ կարծիքով, սա անթույլատրելի է։ Մասնավոր սեկտորի նկատմամբ չպիտի օգտագործվեն վերահսկողության այն մեխանիզմները, որոնք Կըղհհ-ը շատ հիմնավոր կերպով օգտագործում էր պետական սեկտորի նկատմամբ»։

Ա՛ն-ջա՛-տո՛ւմ։ Մի՛-ա՛-ցո՛ւմ

«Ես տարանջատման կողմնակից եմ, քանի որ դեռ գլխավոր դատախազ աշխատելու տարիներից գիտեի, թե ինչքան լավ է, երբ այդ նախարարությունները միասին չեն։ Յուրաքանչյուրից առանձին-առանձին տեղեկատվություն էի ստանում, եւ ավելի ճշգրիտ էր լինում երկու նախարարությունների վերաբերյալ պատկերացումը։ Ես Ալեքսան Հարությունյանի հետ համաձայն եմ, որ իրոք պատերազմող երկրում պաշտպանության նախարարությունը բոլորիս հոգածության առարկան պիտի լինի եւ դրա սուպերնախարարություն լինելու պարագան որեւէ քննարկման ենթակա չէ։ Բայց չեմ կարող նույն չափանիշները կիրառել ՆԳ նախարարության նկատմամբ, քանզի չեմ կարող հորինել, որ դա շա՜տ կապված է մեր երկրի պաշտպանության կամ Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Բայց չես կարող սուպերնախարար չլինել, եթե սուպերնախարարություն ես ղեկավարում՝ քեզ ուղղակի դեն կնետեն եւ մեկ ուրիշին կբերեն, որը կհամապատասխանի կառույցի թելադրանքին։ Եթե նախարարությունն իրոք սուպեր չէ՝ կլինես շատ համեստ այն տեղում, որտեղ պիտի լինես, անկախ նրանից՝ սուպեր անձնավորությո՞ւն ես, թե՞ ոչ։ Եվ ամենավտանգավորը. այդ սուպեր դառնալը միշտ ինչ-որ մի բանի հաշվին է»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30