Արդեն անվարան կարելի է փաստել, որ ԱԺ ընտրարշավը սկսված է եւ քաղաքական դաշտում ուժերի վերադասավորման նոր հնարավորություններ են առաջացել։ Նախագահական արտահերթ ընտրությունների արդյունքում պալատ են տեղափոխվել էքս-ընդդիմության կուսակցությունները, կան խռովածներ, կան իրենց իսկ բացած վիհի մեջ ընկածներ եւ, իհարկե, հավաքական մի ձայն, որն առայժմ տեր չունի. ժողովրդի ձայնը։ Ժողովուրդն այսօր հախուռն ընդդիմությունն է, անկազմակերպն ու միակը թե՛ նորելուկ իշխանությունների եւ թե՛ կուսակցությունների նկատմամբ։ Ահա այս ֆոնի վրա ամեն մի հավաք նրա հետ դժվար է լինելու։ Դժվար էր եւ մեկ օր առաջ Հայաստանի ժողովրդական կազմակերպության համար։
Ելք… ապրելու համար
Արմավիրի մարզի կուլտուրայի տանը նախորդ օրը տեղի ունեցավ Հայաստանի ժողովրդական կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումը տեղի բնակչության, կազմակերպության անդամների, համախոհների հետ (հավաքին չմասնակցեց ՀԺԿ նախագահ Կարեն Դեմիրճյանը)։ «Գաղափարադաստիարակչական աշխատանքի ուժը խոսքի եւ գործի մեջ է». մուտքին փակցված կարգախոսն էր պատճառը, թե մի այլ բան, երբ ուղղակի պաշարման մեջ հայտնվեցինք մենք։ Մի հավատավոր կին ճչում էր, թե ինքը «70 տարվա սովետի հացը չի ուրանա», մի «ֆանատ» ԻՄ-ական ավետում էր, թե Լեւոնի գլուխը կտրեցին, որ տեղն ուրիշ բան դնեն, մեկն օգնություն էր խնդրում։
Մի փոքր ներկազմակերպական
Կարդացեք նաև
Վերջապես հասանք դահլիճ։ Դահլիճականներից մեկը նկատեց, թե ավելի շատ կլինեին, եթե չվախենային (հասկանալի էր՝ տեղի իշխանություններից), թեեւ այն լեփ-լեցուն էր եւ մարդիկ նույնիսկ ոտքի վրա էին հայտնվել։ Արմավիրի տարածաշրջանային կազմակերպությունը, ինչպես տեղեկացրեց ՀԺԿ քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը, ունի 17 սկզբնական կազմակերպություն, որոնց անդամագրված է 200-ը։ Կազմակերպության նախագահ Սարգիս Հարությունյանն էլ ամենաերիտասարդն է սկզբնականների նախագահների մեջ՝ 21 տարեկան է։ Այս կապակցությամբ քաղաքական քարտուղարը նույնիսկ նկատեց, որ «ՀԺԿ-ն չի ուզում սեպ խրել սերունդների միջեւ՝ ահելների-ջահելների»։
Կազմակերպությունը նախապատրաստվում է դեկտեմբերին իր անդրանիկ համագումարին, հետեւաբար նմանօրինակ հանդիպումների կարեւորությունն է խոսել ծրագրերի եւ իրենց նպատակների մասին։ ՀԺԿ-ն ձախ կենտրոնական է եւ դավանում է «հասարակական տեսլականի»՝ ժողովրդական սոցիալիզմի գաղափարին։Իսկ թե ինչպես ստեղծվեց կազմակերպությունը, Հ. Հովհաննիսյանն ասաց. «ՀԺԿ-ն ստեղծվեց նյութականացնելու համար Կարեն Դեմիրճյանին տրված վստահության քվեները»։ Արդ, նա չթաքցրեց նաեւ, որ ՀԺԿ-ն նախապատրաստվում է ԱԺ ընտրություններին, որը վերջին հնարավորությունն է դուրս բերել երկիրը առկա ճգնաժամից, տալով ներքին վիճակի լուծման պատասխանները։
«Բոլորս հիասթափված ենք։ Բայց այսօր ասել, թե ես ոչ ոքի չեմ հավատում եւ հրաժարվում եմ որեւէ կուսակցության աջակից լինելուց՝ սխալ կլինի,- շարունակեց նա,- ինչո՞ւ. որովհետեւ հնարավորություն կտրվի այն ուժերին, որոնք թալանում են այս երկիրը, շարունակել իրենց թալանը»։ Իսկ արմավիրցիները, ինչն ակնհայտ էր դահլիճային տրամադրություններից, չեն հավատում ընտրությունների ազատ-արդարի անցկացմանը, քանի որ…
«Գալուբիե պրիշլի», ուռա՜
-Ես թոռը գցեմ, ձուկը բռնեմ, տան էս մարդուն, նա էլ ասի՝ ե՞ս եմ բերել… Կամ՝ -99 տոկոսով ձայներս տվեցինք Կարեն Սերոբիչին, բա ինչի՞ չընտրվեց։
-Բայց որ ղեկավարն ինքն է ստիպում հակառակը քվեարկել՝ դրան ի՞նչ կասեք։
-Երեք անգամ խաբվել ենք ու չենք խրատվել։ Հիմա ցույց տվեք՝ ո՞ր ճանապարհով շարժվենք։
-Բոլոր կուսակցությունները խոսում են ալան-թալանից, հիմա ի՞նչը պիտի պաշտպանենք, ումի՞ց, պատասխան տվող գտնվելո՞ւ է, թե՞ ոչ։
-Ո՞ւր գնա քյասիբ գյուղացին, մեկն ասում է՝ կրասնիե պրիշլի՝ ուռա, բելիե պրիշլի՝ ուռա, գալուբիե պրիշլի՝ ուռա…
Մրգաշատ գյուղից մեկն էլ, իմանալով, որ լրատվամիջոցներից ներկայացուցիչներ կան, պարզապես խնդրեց մեզ գրել այսպես. «7000 բնակչի անունից խնդրում ենք մեզ ջուր տալ, Մրգաշատում ջուր չկա, ծարավ ենք»… Երկար հարց ու պատասխաններից հետո մեկը խորհուրդ տվեց Հմայակ Հովհաննիսյանին, թե՝ «երբ որ ձեզ կպնում են, ինտելիգենտ ձեւով մի պատասխանեք, մի քիչ էլ էն ձեւ… պատասխանեք»…
Գուցե ճիշտ էր խորհուրդ տալիս մարդը, ինչ իմանաս, իսկ ընդհանրապես՝ ՀԺԿ-ն այս պահին վարկանիշ ունի եւ երեւի թե դա էր պատճառը, որ մինչեւ ուշ գիշեր մարդիկ դժվարությամբ բաց թողեցին նրա ներկայացուցիչներին։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Արմավիր-Երեւան