«Առավոտը» ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին խնդրել էր ասել, թե ինչպես է վերաբերվում Լեոնարդ Պետրոսյանին ՀՀ պաշտպանության փոխնախարար նշանակելուն։ (Հիշեցնենք. Սամվել Բաբայանի հետ տարաձայնություններն էին պատճառը, որ Լեոնարդ Պետրոսյանը ստիպված եղավ թողնել ԼՂՀ վարչապետի պաշտոնը)։ Սամվել Բաբայանի օգնականը մեզ հաղորդեց նրա պատասխանը. «Ոչ մի մեկնաբանություն չի լինի։ Դա Հայաստանի ներքին գործն է»։
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ
Վերջին օրերին Գեղարքունիքի մարզում է Հայկոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը, որը Վարդենիսում եւ Սեւանա լճի ավազանի մյուս բնակավայրերում կուսակցական պլենումներ է անցկացնում։ Նախորդ օրն այդ գործում նրան է միացել նաեւ Լեոնիդ Հակոբյանը։
ՀԺԿ-Ն ԱԺ-ՈՒՄ
Կարդացեք նաև
Մինչեւ նոյեմբերի վերջ, ըստ ՀԺԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, Ազգային ժողովում կձեւավորվի եւ իր գոյության մասին կհայտարարի Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության պատգամավորական խմբակցությունը։ Դրա կողքին, ըստ «Առավոտ» հասած լուրերի, կստեղծվի եւս մեկ, բոլորովին անկախ, կուսակցական խմբակցություն։
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ ՏԱՐԱԿՈՒՍՈՒՄ ԵՆ
Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց Ազգային պահպանողական կուսակցության խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը եւ իր տարակուսանքն ու ցավը հայտնեց՝ նույն օրը կայացած իրենց կուսակցության ասուլիսը Ազգային հեռուստատեսությամբ, իր կարծիքով, խեղաթյուրված ձեւով ներկայացնելու առթիվ։ Պրն Մկրտչյանի տեսակետից, հատկապես Ազգային հեռուստատեսությունը, որը գոյատեւում է հարկատուների հաշվին, պարտավոր է լինել ճշգրիտ եւ անաչառ։