Այս աշխարհի վրա, ինչպես հայտնի է, ոչ մի նոր բան չկա: Ավելի ճիշտ, ամեն նոր բան լավ մոռացված հինն է: Եթե ԱՄՆ-ը Հարավսլավիան ռմբահարելու հույսը կորցնելուց հետո այսօր նույնպիսի եռանդով ցանկանում է վերադառնալ Իրաքին հրթիռային հարվածների գնով ծնկի բերելու գաղափարին եւ ամենավճռական քայլերն է ձեռնարկում այդ ուղղությամբ, ապա դրա մեջ, անկասկած, նոր քաղաքականության նշույլ իսկ չկա: Իսկ իբր թե նոր կեղեւի տակ հինը որոնելը այնքան էլ մեծ ջանքեր եւ, առավել եւս, քաղաքական պայծառատեսություն չի պահանջում:
Եվ, այսպես, ինչու՞ են ԱՄՆ-ի «ձեռքերը քոր գալիս» հենց այն պահերին, երբ թվում է, թե աշխարհի ավանդական «տաք կետերում» գոնե ժամանակավոր խաղաղություն է հաստատված, եւ կարելի է ապրել առանց նոր հակամարտությունների մշտական տագնապի: Համաշխարհային մամուլում համարյա ընդունված կարծիք է, որ Քլինթոնը արտաքին լարվածություն ստեղծելով փորձում է թուլացնել իր անձին վնաս բերող ներքին սպառնալիքները, բայց նման բացատրությունները կարող են համոզիչ թվալ միայն նրանց, ովքեր քաղաքական գործունեության միակ ձեւը պոպուլիզմն են համարում: Իրականում ամեն ինչ, եթե նույնիսկ շատ բարդ չի, ապա Մոնիկա Լեւինսկու շրջազգեստի քղանցքի պես պարզունակ չի պատկերանում: Այդ իսկ պատճառով փորձենք ավելի լուրջ հիմնավորումներ գտնել:
Ակնհայտ է, որ գլոբալ հակամարտությունների ժամանակաշրջանի ավարտը վաղ թե ուշ պիտի հանգեցնի ՈՒԺԻ գործոնի արժեզրկմանը: Քանի որ աշխարհի միակ գերտերությունը հիմա ԱՄՆ-ն է, ապա խոսքը հենց այն ուժի մասին է, որի վրա հենվում է այդ պետությունը: Չգործածվող ուժը չեղածի պես բան է. մարդիկ որտեղի՞ց իմանան, որ դու իրոք գերհզոր ես, եթե ոչ մեկի քիթ-մռութը չես ջախջախում: Այլ կերպ ասած, ուժի գոյությունն ապացուցելու համար կռիվ է անհրաժեշտ, որն սկսելն այնքան էլ հեշտ չէ, քանզի ակնհայտ ուժեղի հետ գլուխ դնողը առնվազն հիմարի համբավ կարող է վաստակել: Իսկ ոչ մի տեղ չգործադրված ուժը գրպանում պահված երեք մատի կոմբինացիայի է նման, որի գոյությունը անկասկած ուրախացնում է, բայց հոգին չի ջերմացնում: Բացի բոլոր վերը հիշատակված գործոններից, գոնե չժանգոտելու նպատակով ուժի գործադրման համար նաեւ տեսական հիմք է պետք ապահովել, այլապես շրջապատին կարող է թվալ, թե դու գաղափարազուրկ փողոցային աքլոր ես ու կռվում ես միայն կռիվ անելու համար:
Հենց այստեղ է, որ պետք է գալիս լավ մոռացված հինը: Եվ նավթալինի հաստ շերտի տակից հանվում ու իբրեւ քաղաքական մտքի նոր նվաճում է ներկայացվում մշակույթների եւ քաղաքակրթությունների բախման դեռ տեւտոնական ժամանակներում մշակված տեսությունը, որի համաձայն բոլոր «ճիշտ երկրները» կանգնած են համաշխարհային բարիկադների մի կողմում, իսկ «սխալները»՝ մյուս: Ես չափազանց ուրախ կլինեի գոնե փոքր-ինչ տեղայնացնել այս միտքը, ճշտելով, թե բարիկադների ո՞ր կողմում է Հայաստանը, սակայն տեսության հեղինակները, ցավոք, մեր մասին ընդհանրապես չեն հիշում, ըստ երեւույթին թողնելով, որ ինքներս որոշենք մեր տեղը: Իսկ Ռուսաստանի մասին, օրինակ, ասում են, որ այն ակնհայտորեն «ոչ ճիշտ» երկիր է: Հարավսլավիան՝ նույնպես: Դե, իսկ Իրաքի մասին խոսելը նույնիսկ ավելորդ է:
Կարդացեք նաև
Քաղաքակրթությունների անխուսափելի բախման տեսության ջերմ երկրպագու Սէմյուէլ Հանթինգտոնը, որը Հարվարդի համալսարանի ճանաչված պրոֆեսորներից է եւ ամերիկյան արտաքին քաղաքական կողմնորոշիչների մշակողներից մեկը, դեռեւս մի քանի տարի առաջ անկեղծորեն խոստովանեց, որ «համոզիչ» հակառակորդի բացակայության դեպքում ԱՄՆ-ը ակնհայտորեն կարող է կիսել ԽՍՀՄ-ի ճակատագիրը, որի անհանգիստ ուրվականը հիմա, ինչպես հայտնի է, մտամոլոր դեգերում է պատմության մոխրակույտերում: «Այսօր մենք անհանգստացած ենք ոչ այնքան նրանով, որպեսզի ամերիկյան նպատակների իրականացմանն անհրաժեշտ ուժեր որոնենք,- գրում է պրոֆեսորը,- որքան այն բանով, որ արժանի նպատակակետեր գտնենք այդ ուժերի կիրառման համար»:
ԱՄՆ-ի սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ջեսսի Հելմսը ՆԱՏՕ-ի նոր անդամների ընդունելության հետ կապված պրոբլեմների քննարկման ժամանակ հայտարարել է, որ «հաջորդ դարի սկզբներին ամենայն հավանականությամբ Ռուսաստանը պիտի փորձի նոր հեգեմոնիա հաստատել: Դրա համար էլ ՆԱՏՕ-ի ռազմավարական ընդարձակման նպատակը պիտի լինի ազգայնական կամ իմպերիալիստական Ռուսաստանի վերածնունդից պաշտպանվելը»:
Խոսքն, ինչպես տեսնում եք, հաջորդ դարի մասին է եւ այն էլ այն դեպքում, եթե Ռուսաստանը իրոք կարողանա հաղթահարել տեւական ճգնաժամը եւ վերագտնել իր նախկին հզորությունը: Իսկ մինչ այդ չափից ավելի հարմար թիրախներ են եւ՛ Հարավսլավիան, եւ՛ Իրաքը: Իսկ հետո Իրանի հերթն էլ կհասնի հենց թեկուզ մարզական ձեւի մեջ մնալու համար մինչեւ այն պահը, երբ հարկ կլինի կռիվ տալ հիմնական հակառակորդի դեմ: Այս ամենից բացի, արաբներին կամ սլավոններին մշտական լարման մեջ պահելը մեկ ուրիշ եւ ոչ պակաս կարեւոր պատճառ ունի: Ռազմական արդյունաբերությունը թեեւ կրճատվում, բայց կանգ չի առնում
Նոր տեխնիկան, ինչ խոսք, կարելի է փորձարկել նաեւ պոլիգոններում, սակայն իսկական հեղինակություն ունի միայն այն զենքը, որն արդեն մասնակցել է իսկական պատերազմական գործողությունների: Բոլորովին վերջերս Հունաստանը նոր զինատեսակներ գնելու տենդեր էր հայտարարել եւ հիմնական մրցակցությունը գնում էր ամերիկյան «Պետրիոտների» եւ ռուսական C-300-ների միջեւ: Մասնագետները միահամուռ պնդում էին, որ ռուսական զենքը շատ ավելի հզոր է, սակայն տենդերում, միեւնույն է, հաղթեցին ամերիկացիները: Եվ միայն այն պատճառով, որ «Պետրիոտները» արդեն մասնակցել էին Պարսից ծոցի պատերազմին եւ իրենց վատ չէին դրսեւորել: Այնպես որ հանգիստ թողեք Մոնիկա Լեւինսկուն: Խոսքը ավելի լուրջ բաների մասին է…
ՆԱՐԵԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ