Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ ՄԶԿԻԹԻ, ՏԱՆ ՔԱՆԴՎԱԾ ՊԱՏԻ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նոյեմբեր 18,1998 00:00
dat

Այս հոկտեմբերի 10-ին մենք անդրադարձանք Կրիվոյ նրբանցքի թիվ 24 տան բնակիչ, կենսաթոշակառու Փիրուզա Ղուշօղլյանի պատմությանը՝ կապված Կապույտ մզկիթի շինարարական աշխատանքներն իրականացնող «Սազմանե Մոստազեֆին» կազմակերպության գործունեության հետ («Կենսաթոշակառուի տան փլված պատի՞ց է կախված երկու պետությունների բարեկամությունը» հոդվածում)։ Թվում էր, թե մեր բարձրացրած մի շարք հարցադրումներին կտրվեին պատասխաններ, մասնավորապես՝ ե՞րբ է Հայաստանի Հանրապետությունում կատարվելու 1997 թ. նոյեմբերի 13-ի Սպանդարյանի շրջանի (Կենտրոն) ժողդատարանի վճիռը, հարգվելո՞ւ է Գերագույն դատարանի քաղգործերի դատական կոլեգիայի 1998 թ. հունվարի 13-ի որոշումը (փոխհատուցել հօգուտ կենսաթոշակառուի 9605 ԱՄՆ դոլար գումար), ե՞րբ է նրա տան քանդված պատը վերակառուցվելու, ՀՀ-ում բոլո՞րն են հավասար եւ պատասխանատու օրենքի առաջ։ Սակայն ի՞նչ պարզվեց։

Հոկտեմբերի 30-ին արտգործնախարարության պարսկական բաժնի աշխատակիցներ Խուրշուդյանի, Վարդանյանի, Մնացականյանի, Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Սիսակյանի, Կենտրոնի ժողդատարանի կատարածուի, Պարսկական դեսպանատան հյուպատոսի եւ մզկիթի շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ներկայացուցչի հետ հանդիպեց Փիրուզա Ղուշօղլյանը «կլոր սեղանի» շուրջ՝ «համաձայնության գալու ժողդատարանի վճռի մասին»։ Պատմում է Փ. Ղուշօղլյանը. «Ինձ, որպես հայցվորի, թվաց, թե ամեն ինչ կընթանա հարթ ու բարեկամական, ինչպես բազմիցս կրկնում էր հյուպատոսը։ Երեք ժամ անընդհատ շեշտվող հայ-իրանական հարաբերությունները, մզկիթի վերակառուցման աշխատանքների կարեւոր դերն ու նշանակությունը մեզ՝ հայաստանցիներիս համար դասախոսությունը լսելուց հետո եւ իրենց պատրաստակամությունը հայտնելու՝ իմ տան քանդված պատերը «վերանորոգելուց» ընդհանուր հայտարարի չգալով, հյուպատոսը հանգեց այն եզրակացության, որ դատավճռի գումարի չափի հատուցման մասին որոշումը համարում են հայ-իրանական կառավարությունների լուծման խնդիր եւ ամենեւին էլ ի զորու չեն այն ի կատար ածել, քանի որ «Սազմանե Մոստազեֆին» կազմակերպությունը որպես այդպիսին գրանցված չէ Հայաստանի տարածքում եւ այնտեղ էլ գտնվող որեւէ բանկում նախահաշիվ չունի»։

Այն հարցին՝ թե պատասխանող կողմը հակընդդեմ հայցով դիմելո՞ւ է «անարդարացի» վճռի կապակցությամբ «հյուպատոսը պատասխանեց, որ բանավոր ասվել է, բայց քանի որ հանրապետության դատախազը մահացել է, իրենք չեն հասցրել գրավոր բողոքարկել», միեւնույն ժամանակ հայտնելով, թե կդիմեն նոր դատախազին՝ գործին նոր ընթացք տալու համար։ Փիրուզա Ղուշօղլյանը անկողին ընկավ, իսկ սկսված անձրեւները լցվեցին նրա տուն… Սակայն ոչինչ չասող պատասխաններից զատ նա հարցնում է. «Մի՞թե երկու տարին բավական չէր, որ մեր բարեկամները հասկանային, որ ես էլ ունեմ իմ հավատը սպառելու լիմիտ, մի՞թե պարսկական դեսպանատունը որպես պատասխանատու ատյան ի վիճակի չէ լուծելու այս խնդիրը, մի՞թե մեր հանրապետության տարածքում գերագույն մարմնի՝ դատարանի վճիռը կարելի է խոսքերով հերքել, մի՞թե կարելի է շինարարական նմանօրինակ հսկայածավալ աշխատանքներ կատարել ի հաշիվ իմ՝ միայնակ թոշակառուիս պատը փլելու եւ հանգիստ խղճով իմ աղերսներն անտեսելու»։

Պարսկական կողմը օգտվելով «բարեկամասեր» երեւալու մեր որոշ պաշտոնյաների ճիգերից, շարունակում է նույն անտարբերությամբ իր վերակառուցողական աշխատանքները։ Լավ, ընդունենք, որ Կենտրոնի ժողդատարանը սխալվել է Փիրուզա Ղուշօղլյանի հայցը բավարարելով։ Բայց չէ՞ որ դատարանի վճիռը բեկանելու առումով վճռաբեկ գանգատ, այնուամենայնիվ, ներկայացրել էր «Սազմանե Մոստազեֆինը», այն էլ ԳԴ քաղգործերի դատական կոլեգիային։ Վերջինս, «վերլուծելով գործի նյութերը եւ գանգատի փաստարկները», գտել էր, որ դատարանի վճիռը պետք է թողնել անփոփոխ, իսկ վճռաբեկ գանգատն էլ՝ առանց բավարարման։

Ավելին՝ ՀՀ քաղ.օր. 448 հոդվածի համաձայն, վերոնշյալ կազմակերպությունը պարտավոր է հատուցել այն վնասը, որ նրա աշխատողներն իրենց մեղքով պատճառել են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս։ Ընդ որում, սա շեշտում եմ խնդիրը շահարկողների համար «գանգատաբերի պատճառաբանությունն այն մասին, որ շինարարական ծախսերը հատուցելու վերաբերյալ հաշվարկը կատարվել է չափազանցված գումարով, դատարանի վճիռը բեկանելու հիմք հանդիսանալ չի կարող, քանի որ պատշաճ ապացույցներով չի հիմնավորված» եւ որ «հակասում է գործով ձեռք բերված տվյալներին»։

Մի անգամ էլ կրկնենք. Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչության կողմից (պետ Գ. Սարիբեկյան) Կապույտ մզկիթի վերականգնողական աշխատանքների իրականացման համար թույլտվություն չի տրված։ Ինչպես տեսնում եք, խոսքը ոչ թե երկու ժողովուրդների բարեկամության, այլ օրենքի նկատմամբ պատասխանատվության եւ հարգման շուրջ է, ինչը, չգիտես ինչու, խեղաթյուրվում է…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30