Լրահոս
Օրվա լրահոսը

30 ՄԻԼԻՈՆ՝ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 18,1998 00:00
vark

ՀԲ-ն մունիցիպալ զարգացման (ոմանք թարգմանում են՝ համայնքային) վարկ է տրամադրել Հայաստանին։ Այն կօգտագործվի Երեւան քաղաքի ջրամատակարարման որոշ հարցեր կարգավորելու համար։ Այսօր Հայաստանում ջրի պակասություն չկա, այլ կա ջուրը սպառողին հասցնելու խնդիր։ Ըստ պաշտոնական տվյալների, խմելու ջրի 37 տոկոսը չի հասնում սպառողին։ Այս թիվը, մասնագետների կարծիքով չափազանց մեղմացված է եւ խմելու ջրի իրական կորուստը մոտ 50 տոկոս է կազմում։ Փաստորեն ջրի պաշարի կեսը մնում է անօգտագործելի եւ չի հասնում սպառողին։ Ջրամատակարարման ցանցի շահագործման վաղեմության, մաշվածության եւ այլնի մասին վաղուց է գրվում։ Ջրի վարձի բարձրացման մասին եւս բազմիցս գրվել է, սակայն վարձի բարձրացումը, հասկանալի է, չի կարող նշանակել ջրի բարձրացում ե՛ւ բարձրահարկերին, ե՛ւ ցածրահարկերին։

Մունիցիպալ (համայնքային) զարգացման ծրագրի գրասենյակի ղեկավար Վարազդատ Ավոյանը երեկ մի խումբ լրագրողների ներկայացրեց գրասենյակի կողմից կատարվող եւ կատարվելիք աշխատանքները, նաեւ՝ վարկի օգտագործման ձեւերը եւ ուղիները։ Վարկի ընդհանուր գումարը 35,5 միլիոն է, որից 5,5-ը տրամադրել է Հայաստանի կառավարությունը։ Մունիցիպալ զարգացման ծրագիրը կառավարությունը ձեռնարկել է դեռ 1994 թվականից։ Ըստ պրն Ավոյանի, այժմ կառավարության ուշադրության կենտրոնում ջրամատակարարման խնդրի լուծումն է, մասնավորապես Երեւանում, քանի որ սա ամենահրատապ խնդիրներից մեկն է։

Հնարավոր է, հաջորդ տարի կունենանք նաեւ մյուս բնակավայրերի ջրամատակարարման ծրագիրը, որը նույնպես նախատեսված է կարգավորել ՀԲ-ի միջոցով։ Զուգահեռ ուսումնասիրություններ են կատարվում նաեւ աղետի գոտու բնակարանային շինարարության ռազմավարության ուղղությամբ։ Ի դեպ, համայնքային (մունիցիպալ) զարգացման ծրագրի գրասենյակը ստեղծվել է աղետի գոտու գրասենյակի հիմքի վրա։ Ծրագրի մասին խոսելիս պրն Ավոյանը մասնավորապես շեշտեց. «Անհապաղ ներդրումների ծրագիրը ունի երեք հիմնական բաղադրիչներ։ Փորձնական ձեւով ծրագրի շրջանակներում իրականացվում են Երեւան քաղաքի Դավիթաշեն եւ Ֆիզիկայի ինստիտուտի թաղամասերի ջրամատակարարման խնդիրը, որը նախատեսվում է ավարտել մինչեւ հաջորդ տարվա վերջը, կամ մի փոքր ավելի ուշ։ Այս երկու թաղամասերը կունենան 24 ժամյա ջրամատակարարում… Մրցութային եղանակով նախագծերի ընտրություն է կատարվելու, այնուհետեւ շինարարների ընտրություն։

Հաջորդ բաղադրիչը, որն անհապաղ ներդրումների ծրագրում է նախատեսված, Արզականի ջրագծի խնդիրն է, որը Երեւանին մատակարարում է մոտ 600 լիտր/վրկ ջուր։ Նախատեսված է նրա հզորությունը դարձնել 1000, պաշտպանել ջրագիծը գարնանային հեղեղումներից եւ այլն»։ Այս աշխատանքների վրա նախատեսված է ծախսել մոտ 5 մլն դոլար։ Ծրագիրը 5 տարվա համար է կազմված։ 1,5 տարվա ընթացքում Դավիթաշենի եւ Ֆիզիկայի ինստիտուտի շրջակա թաղամասերը կունենան 24 ժամյա ջրամատակարարում, իսկ ծրագրի շրջանակներում Երեւանում բարելավումներ պետք է անցկացվեն, որոնց արդյունքում ջրի կորուստները կնվազեն 25 տոկոսով, շուրջօրյա ջրամատակարարումը կավելանա 50 տոկոսով, էլեկտրաէներգիայի սպառումը կկրճատվի 20 տոկոսով, մուտքագծերին կտեղադրվեն մոտ 6 հազար ջրաչափեր, վթարները կկրճատվեն ջրահեռացման ցանցում՝ 50 տոկոսով, ջրամատակարարման ցանցում՝ 80 տոկոսով։ Նախատեսված վերանորոգման աշխատանքների միջին ժամանակը կկրճատվի եւ 24-ից կհասնի 6 ժամի։ Այսինքն՝ 6 ժամվա ընթացքում ցանկացած վթարի հետեւանք կվերացվի։

Նախատեսվում է անցկացնել Երեւանի քարտեզավորում, եւ մի շարք այլ աշխատանքներ, որոնցից յուրաքանչյուրի համար հատուկ խորհրդատուներ են վարձվում, որոնց վարձատրությունը՝ նույն վարկի հաշվին։ Պրն Ավոյանը ուրախացրեց, թե ջրի սակագինը չի բարձրանալու չորս տարով, իսկ ջրավարձերի հավաքումը նախատեսված է առայժմ բարձրացնել 20 տոկոսով։ Այս վարկի ընդամենը 1,8 տոկոսն է նախատեսված խորհրդատվական ծախսերի համար, օպերատորին վարձելու համար նախատեսված է 5 միլիոն դոլար։ Ծրագրի շրջանակներում չեն տեղավորվում Երեւանի խմելու ջրի խողովակները փոխելու կամ վերանորոգելու հարցերը։ «Որպեսզի Երեւանի ջրամատակարարումը բարելավվի, այսօրվա հաշվարկներով անհրաժեշտ է մոտ 250 միլիոն դոլար, իսկ մոտավորապես այդքան, մի քիչ պակաս 200 միլիոն դոլար էլ՝ կոյուղու վերանորոգման համար։

… Հիմա, 30 միլիոնը այդ խնդրի լուծման մեջ… Ոչ թե 30 միլիոնով մենք լուծում ենք Երեւանի ջրամատակարարման բուն խնդիրը, որ բոլորը ջուր ունենան, այլ 30 միլիոնի այս ծրագրով մենք շահագործման, սպասարկման գաղափարախոսությունն ենք փոխելու եւ մոտեցումներն ենք փոխելու»։ Մենք մեր կողմից այս պահին ավելացնելու ոչինչ չունենք։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Գրասենյակի աշխատողների միջին աշխատավարձը կազմում է 300 դոլար (հիմա աշխատում են 20 աշխատակից)։ 5 տարիների ընթացքում գրասենյակի ծախսերի համար նախատեսված է 9020 դոլար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30