Լրահոս
Օրվա լրահոսը

Անբարոյականությո՞ւն է, արդյոք, քաղաքականությունը

Նոյեմբեր 18,1998 00:00
xochyndot

«Կառավարման ողջ արվեստը ազնիվ լինելու արվեստն է»

Թոմաս Ջեֆֆերսոն

Տիրապետո՞ւմ են այս արվեստին մեր իշխանությունները, եւ եթե այո, ապա իշխանության որ ճյուղը ինչ չափով է տիրապետում։ Գործադիր թեւում տարեսկզբին տեղի ունեցած հեղաշրջումը, հաջորդած հետեւանքներով հանդերձ, կարծես թե այնտեղ թարմություն, բարելավման հեռանկարներ բացեց։ Այն, որ նման միտումներ ուրվագծվում են ներկայիս կառավարությունում, դժվար է չնկատել, բայց որ այդ մարմինը դեռեւս հեռու է լավագույնս հասարակությունը կառավարելու իր կոչումից, նույնպես անվիճելի է։ Կան, իհարկե, օբյեկտիվ խանգարող հանգամանքներ, որոնք են՝ նախորդ վարչակարգից ժառանգած ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, որի շտկման փորձն անգամ մեծ դժվարությունների հետ է կապված։ Դրան ավելանում է նախկին վարչախմբի կողմից ցույց տրվող դիմադրությունը, որը նպատակ է հետապնդում իրադրության անելանելիության պատրանք ստեղծել, արդարացնելով իրենց եւ միաժամանակ վարկաբեկել ներկայիս ղեկավարությանը։

Լուրջ խոչընդոտներ են նաեւ վերջին նախագահական ընտրությունների ոչ միարժեք արդյունքները, որոնք ամեն առիթով կարող են շահարկվել թե՛ ներքին եւ թե՛ արտաքին ուժերի կողմից։ Բայց կան նաեւ սուբյեկտիվ թերություններ, որոնք պատճառ են հանդիսանում անարդյունավետ կառավարման դրսեւորման համար։ Այս առումով աչքի են ընկնում ներկայիս ղեկավարության երկու կարեւոր նախաձեռնությունների իրականացման ձեւերը։ Առաջին։ Ներկայիս նախագահն իր հաշվին գրանցեց հայ արտաքին դիվանագիտության դոկտրինայի հիմնադրի կոչումը, առաջին անգամ միջազգային ատյաններում հնչեցնելով 1915 թ. Հայոց ցեղասպանության հարցը։ Բայց այդ դիվանագիտական կտրուկ քայլով պայմանավորված, արտաքին քաղաքական շրջադարձը իրականացնում է արտգործնախարարը, որը հանդիսանում է նախկինում պարտվողական, հեղհեղուկ արտաքին քաղաքականության եթե ոչ հեղինակը, ապա համահեղինակներից մեկը։

Մյուս պատմական քայլը ներկայիս նախագահի կողմից՝ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ստեղծումն է։ Ստեղծվեց մի մարմին, որը նպատակ էր հետապնդում արմատական բարեփոխումների միջոցով բարձր արագագործությամբ, ավտորիտար ռեժիմ սահմանող սահմանադրությունը դարձնել ժողովրդավարական։ Ակնհայտ է, որ այդ հանձնաժողովի անդամներից շատ բան է կախված։ Իսկ ի՞նչ սկզբունքներով են ընտրվել կամ նշանակվել նրանք։ Եվ եթե ինչ-որ սկզբունք գործել է, ապա ինչպե՞ս են այնտեղ հայտնվել 1995 թվականի Ազգային ժողովի եւ Հայաստանի ներկայիս Սահմանադրության հանրաքվեն «կազմակերպող» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը եւ Սահմանադրական դատարանի անդամ Ալբինա Գյուլումյանը։ Ապացուցե՞լ է անհրաժեշտ, որ Գ. Ջհանգիրյանը՝ կեղծիքների ճանապարհով ներկայիս Սահմանադրությունը հասարակությանը պարտադրելու հանցավոր «միջոցառման» մասնակից է։

Կամ կարելի է ասել, որ տիկին Գյուլումյանը միայն հանդիսատեսի համեստ կեցվածք է ընդունել, երբ ՍԴ-ն 1996 թ. նախագահական ընտրությունների արդյունքների խեղաթյուրման հովանավորությունն էր ստանձնել, դատավորի դերի փոխարեն։ Ինչպիսի անփոխարինելի ծառայություն էլ մատուցեն այսպիսի մարդիկ վերոհիշյալ հանձնաժողովին, միեւնույն է, նրանց ներկայությունն այնտեղ վարկաբեկում է այդ հանձնաժողովը։ Հաշվի առնելով մեր ողջ քաղաքական համակարգի «ազնվականության աստիճանը», թվում է՝ այդ բառակապակցության բարձրաձայն արտաբերումն անգամ կարող է միայն հեգնանք ու ծիծաղ առաջացնել։ Չէ՞ որ վերջին 7-8 տարիների ընթացքում մենք ականատես ենք «քաղաքականությունն անբարոյականություն է» կարգախոսի հետնորդների սրընթաց հաջողություններին։ Բայց նույն այդ տարիների փորձը հուշում է, որ անազնիվ (մեղմ ասած) ճանապարհով նվաճած հաջողությունը երկար չի տեւում։ Եթե այլ բնագավառում անբարոյական գործելաձեւը կարող է լոկալ հետեւանքներ ունենալ, ապա մեր իսկ փորձը ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ այն կարող է չարիք դառնալ ողջ հասարակության համար։

Ուստի, հրամայական է դարձել քաղաքական ասպարեզում բարոյական չափանիշների ներմուծումը։ Միայն այդպես կարելի է լուրջ նախադրյալներ ստեղծել հասարակության զարգացման համար։ Հակառակ դեպքում, ինչպիսի առաջադիմական գաղափարներ դավանող քաղաքականություն էլ տարվի, առանց բարոյական չափանիշների հետեւողական կիրառման, այն կվերածվի դատարկաբանության՝ հերթական անգամ հետ շպրտելով հասարակությանը։ Այս առումով Հայաստանի ողջ քաղաքական համակարգի համար անպատվություն է ներկայիս Ազգային ժողովի գոյությունը։ Նրա՝ իր գործունեության օրենքով նախատեսված ժամկետից թեկուզ մեկ օր շուտ լուծարելը կարող է կարեւոր նշանակություն ունենալ քաղաքական մթնոլորտի առողջացման համար։ Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ ընտրությունները վարկաբեկող խորհրդանիշ հանդիսացող մի մարմին մինչեւ վերջ անպատիժ ավարտի իր պաշտոնավարման ժամկետը։ Դրանով արդյոք անուղղելի հարված չի՞ հասցվի ընտրությունների նկատմամբ ժողովրդի վերաբերմունքին։

Ինչպիսին էլ լինի նոր ընտրական օրենսգիրքը, այն չի կարող վերականգնել ժողովրդի վստահության անհրաժեշտ ավանսը ապագա ընտրությունների հանդեպ, առանց անցյալում այդ կարեւոր քաղաքական միջոցառման ընթացքում կատարվածը վերագնահատելու։ Այնինչ, ներկայիս ԱԺ-ում մի շարք պատգամավորներ, որոնք անձամբ պատասխանատվություն են կրում Հայաստանում անկախության, ժողովրդավարության գաղափարների վարկաբեկման, 1995 թ. ԱԺ ընտրությունները ծաղրուծանակի վերածելու համար, այսօր համարձակվում են ժողովրդավարի, ազատ ու արդար ընտրությունների կողմնակցի դիրքերից հանդես եկող ընդդիմություն ձեւանալու անհեթեթությունը մատուցել հասարակությանը։ Հայտնի առածն ասում է. «Մի անգամ խաբեցիր՝ ամո՛թ քեզ։ Երկու անգամ խաբեցիր՝ ամո՛թ ինձ»։

Դրությունը միանգամայն այլ է մամուլի ոլորտում։ Վերջին տարիներին, ամենահուսահատական քաղաքական իրավիճակներում, երբ թվում էր, թե հանրապետությունում ժողովրդավարության համար ոչ մի հեռանկար չկա, հայաստանյան մամուլն աչքի էր ընկնում հուսադրող խիզախությամբ, համարձակորեն պաշտպանելով թե՛ սեփական ազատությունը, թե՛ ազատությունն ընդհանրապես։ Իհարկե, իշխանությունները որոշ չափով աշխատում էին լոյալ լինել ոչ պաշտոնական մամուլի հանդեպ, քանի որ վերջինս իշխանությունների համար ժողովրդավարության դիմակի դեր էր կատարում՝ հակաժողովրդավարական քաղաքականության իրականացման պայմաններում։ Բայց, նույնիսկ այս հանգամանքը միշտ չէ, որ զսպում էր նրանց տենչը մամուլի համարձակությունը «չափավորելու» հարցում։

Վկա են, մինչեւ վերջերս, խմբագրությունների եւ խմբագիրների նկատմամբ կատարվող բռնարարքների բազմաթիվ դեպքեր, որոնք, որպես կանոն, «աչքաթող» էին արվում իրավապահ մարմինների կողմից։ Եթե սրան ավելացնենք նաեւ պետական մեքենայի մյուս հնարավոր ճնշման ձեւերը, որոնց ազդեցությունը համարյա միշտ զգացել է հայ լրագրողը (խոսքս ոչ իշխանամետ լրագրողների մասին է), պարզ կդառնա, թե նա ինչպիսի անհավասար պայմաններում է հաղթանակ տարել՝ զինված լինելով միայն ու միայն ճշմարտության նկատմամբ ունեցած հավատով։

ԳԱՅԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30