Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԵՌԵՎՍ ԿԳՆԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Նոյեմբեր 18,1998 00:00
orensgirq

Ընտրական օրենսգրքի միասնական տարբերակի շուրջ համախմբված կուսակցությունների ներկայացուցիչները նոյեմբերի 17-ին նորից հավաքվել էին՝ որոշելու հետագա անելիքների ռազմավարությունը։ Խոսվում էր ընդհուպ մինչեւ ԱԺ նիստերին մասնակցելուց հրաժարվելու նպատակահարմարության մասին։ «Առավոտ» հասած տեղեկությունների համաձայն, այդ հարցը թեպետ չի քննարկվել, սակայն նշյալ հավաքում արծարծումների թեմա դարձել է։ Իսկ թե ի՞նչ նախաձեռնումներ են հնարավոր առաջիկայում՝ ընթերցողը կարող է ընդհանրական եզրակացության հանգել կուսակցությունների ղեկավարների տեսակետներին ծանոթանալով։

Էդվարդ Եգորյան («Հայրենիք» խմբակցության նախագահ)– Իմ կարծիքով, պետք է առաջին հերթին միասնական քայլեր մշակենք, որոնցով մշտապես կկարողանանք ընդդիմանալ մեզ սպասվող կեղծիքների հաղթարշավին։ Մեր առաջին քայլը կարտահայտվի միասնական հայտարարությամբ։ Այնուհետեւ գործի կդրվեն կոնկրետ ծրագրեր, որոնք կմշակվեն հընթացս։ Մենք սպասում ենք կուսակցությունների առաջարկություններին, որոնք միասնաբար կքննարկվեն եւ կմշակվի գործողությունների միասնական ծրագիր։ Մեր հայտարարությամբ կուսակցությունները պարզապես իրենց վերաբերմունքը կարտահայտեն Ազգային ժողովում տեղի ունեցածին, այն է՝ ուժային տարբերակով ընդունվեց սպասվող կեղծիքները քողարկող ընտրական օրենսգիրք։ Ընդունվելիք փաստաթուղթը կարտահայտի կուսակցությունների վերաբերմունքն այդ իրողության նկատմամբ, ինչպես նաեւ կարձանագրի, որ մենք նպատակ ունենք համատեղել ջանքերը ժողովրդավարության հաստատման համար։ Չենք համակերպվելու Ազգային ժողովում տեղի ունեցածի հետ։ Այսօրվա մեր հավաքին կոմունիստները չմասնակցեցին։ Նրանց պատգամավորական խմբակցության քարտուղարուհին մեզ տեղեկացրեց, որ կոմկուսի ղեկավարները քաղաքում չեն, ուստի իրենք չեն կարողացել նրանց տեղյակ պահել հանդիպման մասին։

Շավարշ Քոչարյան (ԱԺՄ վարչության անդամ)– Մենք դեռ հանդիպումներ կունենանք։ Համենայնդեպս, արդեն իսկ գնահատականներ տրվել են այն ամենին, ինչը կատարվել է։ Կուսակցությունների գնահատականները համընկնում էին՝ ըստ էության, կուսակցությունների տարբերակին հակադրվեց ոչ կուսակցական, ապաքաղաքական, անհատների տարբերակը։ Այսինքն, շարունակվում է այն գործընթացը, որն, ըստ էության, պատճառն է մեր ներկա իրավիճակի՝ տիպիկ ավտորիտար պետության գոյատեւման միտումը։ Իսկ ավտորիտար պետությունը բնորոշվում է հենց այդպիսի իրողությամբ. քաղաքական ուժերը խաղից դուրս են, ընդամենը շղարշի, քողի դեր են կատարում, իսկ իրականում այդ պետության մեջ հարաբերությունների ամբողջ շրջանակը կառուցված է անձերի, կլանների ներքին պայքարի վրա։ Արձանագրենք նաեւ, որ կոմունիստները դեմ քվեարկելով հանդերձ, նպաստեցին, որ «Երկրապահի» տարբերակն անցնի։

Դավիթ Շահնազարյան («21 դար. ԺԱԿ»)– Ընտրական օրենսգրքի՝ Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքները մեկ ավելորդ անգամ եւս ապացուցեցին, որ այսօրվա իշխանությունն, առանց թաքցնելու, նպատակ ունի շարունակել գործադրել կեղծիքի այն համակարգը, որն 98 թվականի նախագահական ընտրություններում արդեն հասցվել էր կատարելության։ Հիմա արդեն քաղաքական ջրբաժանը ոչ թե տարբեր գաղափարախոսություն դավանող կուսակցությունների, այլ քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերի միջով է անցնում։ Կա կարեւորագույն մի խնդիր՝ ծառացած քաղաքական ուժերի առջեւ. Հայաստանում հաստատել ժողովրդավարություն։ Միակ ճանապարհն ընտրություններն են։ Քաղաքական ուժերը պետք է ձգտեն համագործակցության՝ օրինական ճանապարհով ժողովրդավարությանը հասնելու համար։ Այն, որ ներկայիս իշխանությունների հոգեվարքն արդեն սկսվել է՝ պարզորոշ երեւում է նրանց վերջին գործողություններից։ Ընդդիմությունը պետք է գնա ժողովրդավարական ճանապարհով, իսկ դրա միակ միջոցն ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններն են։ Հանուն այդ նպատակի, մեկ տասնյակից ավելի այդ կուսակցությունները, վստահ եմ, կսկսեն լուրջ համագործակցություն՝ արդեն ավելի լայն քաղաքական սպեկտրում, քան գոյություն ուներ մինչ հիմա, երբ գործակցությունը սահմանափակվում էր զուտ ընտրական օրենսգրքով։

Վիգեն Խաչատրյան (ՌԱ(ԼԴ)Կ նախագահ)– Նախ, պետք է արձանագրել, որ Ազգային ժողովում ներկայացված եւ նրանից դուրս գտնվող 11 համախմբված կուսակցությունների ներկայացուցիչներից եւ ոչ մեկը կողմ չքվեարկեց «Երկրապահի» այդ տարբերակին։ Այսինքն, ուժի դեպքերից անցկացված օրենսգրքի տարբերակը որեւէ հեռանկար չունի։ Վստահ եմ, որ Հայաստանում նման օրենսգրքով ընտրություններ չեն կարող կազմակերպել։ Իսկ ինչ վերաբերում է նոյեմբերի 17-ի հավաքին, ապա ասեմ, որ մենք շտապողականություն ցուցաբերել չենք ցանկանում։ Քննարկումները կշարունակվեն։ Հայաստանում ժողովրդավարության հաստատման ճանապարհին դեռ շատ անելիք կա, ինչը կուսակցություններին կդրդի ավելի սերտ համագործակցության եւ ավելի արդյունավետ քայլերի։ Վստահ եմ, որ կմիավորվեն բոլոր այն ուժերը, որոնք համոզված են՝ միայն ժողովրդավարության հաստատումից հետո Հայաստանում զարգացման հեռանկարներ կբացվեն։

Անդրանիկ Հովակիմյան (ՀՀՇ փոխնախագահ)– Տեղի ունեցած նիստի ժամանակ արձանագրվեց, որ քով-քովի եկած կուսակցությունները, բացի կոմկուսից, պահեցին պայմանավորվածությունը։ Ինձ թվում է, որ ընտրական օրենսգրքի երկրապահական տարբերակը անցկացվեց ԱԺ կանոնակարգի որոշ խախտումներով, որոնց մասին հետագայում, հավանաբար, կխոսվի։ Կարծում եմ նաեւ, որ հայտարարության, կամ մեկ այլ ձեւով, կուսակցություններն իրենց դիրքորոշումը կարտահայտեն։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30