Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ՓՈՓՈԽՎՈՒՄ»

Նոյեմբեր 18,1998 00:00
Vahe Gabrielyan

Նախագահն այսօր կայցելի Լոռու մարզ, շաբաթավերջին՝ Վրաստան։ Նախագահին այս շաբաթ կայցելի ԱՊՀ գործադիր քարտուղար Բորիս Բերեզովսկին։ Եվ քանի որ Արմեն Դարբինյանն էլ Հաագա է այցելելու՝ Ռոբերտ Քոչարյանը նրա փոխարեն, թերեւս, կվարի կառավարության նիստը։ Այս տեղեկություններն իր երեկվա ճեպազրույցում հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը։

Կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ

Թերեւս, սա ճեպազրույցի ամենահետաքրքրական թեման էր։ Վահե Գաբրիելյանը լրագրողների խնդրանքով ներկայացրեց, թե նախկինում ինչով են զբաղվել նորանշանակ նախարարները։ Նորությունը միայն այն էր, որ էներգետիկայի նախարար Մերուժան Միքայելյանը ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար եղած ժամանակ զբաղվել է էներգետիկայի հարցերով։ Այն հարցին ի պատասխան, թե արդյոք Գագիկ Մարտիրոսյանի նոր պաշտոնը փաստացի փոխվարչապետակա՞ն է՝ խոսնակն ասաց. «ՀՀ Սահմանադրությամբ փոխվարչապետի պաշտոն նախատեսված չէ։ Սակայն կան հարցեր, որոնք ավելի լայն լիազորություններ են պահանջում եւ մի քանի տարբեր ոլորտների համակարգում (ավելի ուշ մասնավորապես նշեց էներգետիկայի, ջեռուցման եւ տարածքային հարցերը- Ա. Ի.) ամենօրյա հիմունքներով, որոնք կթեթեւացնեն վարչապետի աշխատանքը։ Այսինքն, լիազորությունները կլինեն հավանաբար նախարարներից մի փոքր ավելի եւ մինչեւ վարչապետը»։

Ըստ էության, հաստատեց, որ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարը փաստացի փոխվարչապետի գործառույթներ է ունենալու։ «Ինտերֆաքսի» թղթակիցը փորձեց բացատրություններ ստանալ նախարարների պաշտոնանկության վերաբերյալ։ Վահե Գաբրիելյանը հերքեց, թե պատճառը թերացումներն էին. «Դինամիկա է։ Փոխվում է կյանքը, փոխվում են պահանջները։ Ի հայտ են գալիս նոր խնդիրներ։ Ի հայտ է գալիս քաղաքականության ճշգրտում։ Պետք են նոր մոտեցումներ։ Նոր ծրագրեր են իրականացվում, որոնց համար անհրաժեշտ են նոր մարդիկ»։ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին էլ հետաքրքրում էր, թե արդյոք նոր աշխատանք առաջարկվելո՞ւ է պաշտոնանկ նախարարներին։ Խոսնակը տեղյակ չէր. «Կարծեմ նրանցից ոմանք ինչ-որ անձնական պատճառներ ունեն, առողջական խնդիրներ եւ այլն։ Չգիտեմ, թե ինչ է առաջարկվել կամ ինչ նպատակներ ունեն»։

Մինսկի խմբի նոր առաջարկներ

Փորձ արվեց փոքր-ինչ բացահայտելու այդ առաջարկների էությունը։ «Իրավունքին» մասնավորապես հետաքրքրում էր «միասնական պետության» սխեման. «Ապագաղութացման վերաբերյալ երկարատեւ պայմանագի՞ր է, դաշնությո՞ւն, համադաշնությո՞ւն»։ Խոսնակը վաղաժամ համարեց սխեմաների մասին խոսելը եւ առաջարկների սկզբունքը հիշեցրեց, որ իրավահավասարությունն է։ «Առավոտը» խնդրեց նշել գոնե մոտավոր ժամկետը, երբ Հայաստանը կհայտնի իր դիրքորոշումը համանախագահների նոր նախաձեռնության վերաբերյալ. «Որեւէ վերջնաժամկետ գոյություն չունի,- պատասխանեց խոսնակը։ – Համանախագահները խնդրել են՝ որքան հնարավոր է շուտ, այնքան լավ, որպեսզի գործընթացը դինամիկ լինի։ Կտրուկ պայմաններ չեն դրվել»։ ՔԽ-ի նախաձեռնությունների շուրջ Վահե Գաբրիելյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն առանձին անդրադառնալու է նախորդ իշխանությունների վարած քաղաքական գծին գնահատական տալու խնդրին։

Ըստ ամենայնի, որոշ լրագրողների դարձյալ նախագահի հետ թեյի սեղանի շուրջ զրույցի են հրավիրելու։ Հույս հայտնենք, որ այս անգամ բացառապես իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն հրավիրվի։ Եթե Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է սուր հարցերի պատասխանել՝ թող այս անգամ նրա հետ զրուցեն «Հայքի», «Օրագրի», «Գոլոս Արմենիի», «Այժմի» եւ ընդդիմադիր այլ թերթերի թղթակիցները, որոնցից եւ ոչ մեկը նախորդ հանդիպմանը հրավիրված չէր։ Ինչեւէ։ Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ ՔԽ-ի առաջին եզրակացության նկատմամբ նախագահի խիստ բացասական դիրքորոշումը այդ առաջարկի հեղինակները փորձում էին բացատրել նրանով, որ Ռոբերտ Քոչարյանը թյուրիմացության մեջ է, կամ դրանք պահի տակ ասված խոսքեր էին։

«Առավոտը» խնդրեց մեկ անգամ եւս պարզաբանել, թե արդյոք դա իրո՞ք նախագահի դիրքորոշումն էր, որեւէ թյուրիմացություն կա՞։ Վահե Գաբրիելյանի պատասխանը մասնավորապես առնչվում էր էներգետիկայի հանձնաժողովի անկախ լինելու պնդմանը. «Նրա գործունեությանը եւ մասնագիտական հաշվարկներին ու եզրակացություններին որեւէ քաղաքական ուժ կամ անհատ չպետք է միջամտեն, այլապես հանձնաժողովի անկախությունն ի չիք կդառնա։ Այլապես, դա կարող է ամեն անգամ օգտագործվել քաղաքական նպատակներով՝ ընտրություններից առաջ բարձրացնել, ընտրություններից հետո իջեցվել… Էներգետիկայի հանձնաժողովն անկախ է, եւ որեւէ մեկի միջամտությունը նրա գործունեությանը թույլատրելի չէ»։ Այս փաստարկը շատ հաճախ էր կրկնվում, ուստիեւ ստիպված եղանք հիշեցնել, որ այդ անկախ հանձնաժողովը կառավարության հանձնարարականներն է կատարում։

Չնայած հրապարակված համապատասխան փաստաթղթերի առկայությանը՝ նախագահի խոսնակը հերքեց մեր վերջին պնդումը. «Ամեն անգամ հաջորդ տարվա բյուջեն սահմանելուց առաջ կառավարությունը դիմում է էներգետիկայի հանձնաժողովին եւ մասնագիտական եզրակացություն ստանում հաջորդ տարի էլեկտրաէներգիայի կամ այլ սակագների փոփոխության հնարավորության մասին, որպեսզի համապատասխան հաշվարկներ կատարվեն պետական բյուջեի ծախսային կամ եկամտային մասերում։ Բյուջեից այդքան էլ լավ չեմ հասկանում»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30