«Հանրապետություն» խորհրդարանական խմբակցությունը կանգնած է նոր տրոհման եզրին։ Նրանից դուրս գալու դիմում է ներկայացրել Քաշաթաղի ղեկավար Ալեքսան Հակոբյանը։ Հեռանալու դիմում է գրել նաեւ Հակոբ Հակոբյանը, իսկ պատգամավորներ Գագիկ Աբրահամյանը, Խաչիկ Սաֆարյանը, Կառլեն Միքայելյանը եւ Կտրիճ Սարդարյանը, հակառակ խմբակցության ընդունած որոշման, կողմ են քվեարկել «Երկրապահի» տարբերակին։
ՀԺԿ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՆՐ ԵՐԿՈՒՆՔԸ
«Առավոտի» հետաքրքրությանը, թե ե՞րբ է Կարեն Դեմիրճյանի գլխավորած կուսակցությունը սեփական պարբերականը հրապարակելու, կուսակցության քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց՝ թեպետ կառավարությունը սեփականաշնորհման նախարարությանը հրահանգել էր ՀԺԿ-ին տարածք հատկացնել, սակայն մինչեւ ամռան սկիզբը նախատեսված բոլոր ժամկետներն ավարտված են ու գրասենյակ չի տրամադրվել։ Դրանից նաեւ՝ բարդություններ թերթի տպագրության հարցում։ Իսկ «Առավոտին», այնուամենայնիվ, հաջողվեց պարզել, որ մոտ ժամանակներս Դեմիրճյանի թերթը լույս կտեսնի։
ԿՀԱՍՆԵ՞Ն ԲԼԵՅԱՆԻ ՀԵՏԻՆ ԽԵԼՔԻՆ
Կարդացեք նաև
Աշոտ Բլեյանի գործունեությունը ստուգողներից մեկը հայտնեց, որ «հրահանգ է տրված գործը հասցնել դատարան»։ Ըստ նույն աղբյուրի, սակայն, Բլեյանի դպրոցի 1995-98 թթ. շինարարության ծավալների փաստացի մանրակրկիտ չափումները հիասթափեցրել են քաղաքային դատախազությանը։ Ապարդյուն է նաեւ դասագրքերի տպագրության հետ կապված չարաշահումների փնտրտուքը։ Ստուգումները շարունակվում են։
ԽՈԶՈՒԿԸ ՓԱԿՈՒՄ Է ԴՊՐՈՑՆԵՐ
Խոզուկ հիվանդության պատճառով մայրաքաղաքում երկու դպրոց դադարեցրել է գործունեությունը։ Դրանցից մեկը Շենգավիթի, իսկ մյուսը Էրեբունու տարածքում է։ Ու թեպետ դպրոցներից մեկը փակվել է դեռեւս նոյեմբերի 3-ից, սակայն հետագայում նույնպես նման քայլի դիմելու անհրաժեշտություն է առաջացել։