Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ

Նոյեմբեր 17,1998 00:00

Գրողների նախաձեռնությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթ օրը Գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տանը հանդիպեց նրանց հետ։

Ռեպետիցիա

Մինչ նախագահի գալը, գրողները հավաքվեցին դահլիճում։ Հրանտ Մաթեւոսյանն առաջարկեց որոշել ասելիքը, որպեսզի խառնաժողով չստացվի։ Սիլվա Կապուտիկյանին եւ Անահիտ Սահինյանին դուր չեկավ Հրանտ Մաթեւոսյանի առաջարկը։ «Նույնիսկ տոտալիտար ռեժիմի ժամանակ ոչ ոք մեզ չէր ասում, թե Դեմիրճյանի հետ ոնց խոսենք»,- ընդվզեց Ս. Կապուտիկյանը։ Երկու այդ տիկնանց՝ տեղերից արված կիսատ խոսակցությունները զայրացրին շատերին։ -Ընկեր Հայրյա՛ն, դուք նստեք պրեզիդենտի տեղը, որ փորձը սկսենք,- Գ. Հայրյանին դիմեց Հրաչյա Մաթեւոսյանը։ Երիտասարդ գրողները չդիմացան ավագների ռեպլիկներին։ Վեճ սկսվեց։ Ակադեմիկոս Լեւոն Մկրտչյանը (ԵՊՀ ռուս բանասիրության ամբիոնի վարիչ) առաջարկեց բանաստեղծություններ կարդալ ամբիոնից։ «Սիրտս վկայում էր, որ մի վատ բան պիտի լինի, բանաստեղծությունից փախել-եկել ենք ու հիմա մեր վրա բանաստեղծություն են ուզում կարդալ»,- տեղից ասաց «Գրական թերթի» նախկին խմբագիր Հովհաննես Գրիգորյանը։

 

Razmik Davoyan

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը այդ առաջարկը լուրջ ընդունեց ու գնաց, ամբիոնից արտասանեց, որից հետո Լ. Մկրտչյանը բարձրացավ ամբիոն, մի քանի ուրախ պատմություններ պատմեց Ռ. Քոչարյանի ընտրությունների օրերին կատարած իր աշխատանքներից, ապա ընթերցեց անծանոթ մի հեղինակի էրոտիկ բանաստեղծություն, որը բոլորը մերժել ու չեն տպել. Տանձի ծառ եմ, Տանձի ծառ եմ, Տակս ջրեք, Տանձս կերեք։ «Ռեպետիցիան» բարեհաջող ավարտվեց։ Մնաց, որ նախագահը գա։

Սկիզբը

Ռոբերտ Քոչարյանն ակնկալում էր ավելի նեղ, անմիջական մթնոլորտում հանդիպել գրողներին՝ կլոր սեղանի շուրջ. ստացվեց, որ շատերն էին ցանկացել տեսնել նախագահին։ «Մշակույթի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո ակտիվացել է մշակութային կյանքը»,- ասաց նախագահը՝ ավելացնելով, որ պատրաստ է լսել սուր քննադատություններ, ամենաիրատեսական առաջարկություններ։ Գրողները ճշտեցին նախագահի՝ իրենց տրամադրելիք ժամանակը։ «Վայելեցի՜նք», տեղից հրճվանքով գոչեց բանաստեղծուհի Մետաքսեն, երբ լսեց, որ 4 ժամ դեռ ունեն նախագահին տեսնելու եւ լսելու համար։ Նախագահն ավելի շատ հակված էր լսելու գրողներին։ Առաջինը խոսեց Սերգեյ Սարինյանը՝ «պետություն կատեգորիայի մասին»։

«Ո՞ր թերթն է վարում պետության քաղաքականությունը եւ գաղափարաբանությունը։ Այ, օրինակ, «Հայաստանի Հանրապետութիւն» թերթը վերջին փոփոխությունից հետո, որոշ իմաստով լրջացել է։ Առաջ դա թերթ չէր, այլ գավառական մի օրգան էր… Բայց, ի վերջո, մեր պետությունը պետք է ունենա՞ իր ժուռնալը, իր տեսական ամսագիրը, թերթը։ Բոլոր թերթերը օպոզիցիոն են եւ մեջտեղը չկա պետական գաղափարախոսություն»։ Ապա նա բարձր գնահատեց ՀՀ վարչապետի հայտարարությունն այն մասին, թե «քրեական կամ այլ կարգի պատասխանատվության կենթարկեն նրան, ով կխոսի մեր պրեզիդենտի ոչ լեգիտիմության վերաբերյալ»։

Սերգեյ Սարինյանի կարծիքով, սխալ է թերթերում Դավիթ Շահնազարյանի, Եգորյանի լուսանկարները տպագրելը. «Ո՞ւմ նկարն է ավելի շատ երեւում, ընդդիմությա՞ն, թե՞ պետության»։

Նախագահի աստեղային ժամը

Նորայր Ադալյանը նախագահին անընդհատ հիշեցնում էր, որ գտնվում է իր բարեկամների շրջանում. «Վերջին 10 տարիներին մենք ապրում ենք տաժանակիր կյանքով։ … Մեր ժողովուրդը, հայրենիքը մի խումբ իշխանավորների կողմից ենթարկվեցին ռեկետի, թալանվեց հայրենիքը, աղքատության եզրին հասավ ժողովուրդը։ Այդ գործընթացը շարունակվում է եւ վերջին փշրանքներն է, որ կարող են մեզնից խլել,- ասաց նա, նախագահին հիշեցնելով Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ» վեպը։ -Եթե կա ոճիր, ուրեմն պետք է հետեւի նաեւ պատիժը։ Եթե ոճիրը չի պատժվում, ապա դա նոր ոճիրների դուռ է բացում»։

Գրողներին մտահոգում էր էլեկտրաէներգիայի գների բարձրացումը. «Եթե մեկ լումայով անգամ էլեկտրականությունը թանկանա, ես ձեզ հավատացնում եմ, որ մեր հույսերը վաղվա օրվա նկատմամբ կարող են հավասարվել զրոյի»,- ասաց Նորայր Ադալյանը։ Գրողներին հատկապես դուր եկավ Ն. Ադալյանի՝ Վ. Տերյանի, Ավ. Իսահակյանի տողերով շարադրված ելույթը՝ հոգեւոր Հայաստան կառուցելու եւ առատ սեղանների շուրջ հոգեպես աղքատ լինելու մասին. «Ձեր աստեղային ժամն է, պարոն նախագահ, դուք կարող եք շատ բան անել, բայց կարող եք եւ չանել»։

«Նոր Դար»-ական

Արտաշես Ղազարյանը խոսեց Սեւանի ցամաքելու, «պատուհասված» հայ դպրոցի, սերունդների դաստիարակության, այսօրվա դպրոցից տղամարդ ուսուցիչների հեռանալու մասին։ Սեւակ Արզումանյանն իր գլխին ոսկի թափելը չփոխանակեց նախկին իշխանություններին քաղաքական գնահատական տալու հետ. «Եթե հիմա դուք, պարոն նախագա՛հ, սոցիալապես մեր գլխին ոսկի թափեք, ես այնքան նշանակություն չեմ տա, ինչքան այն բանին, որ դուք այսօր քաղաքական գնահատական տաք անցած իշխանություններին։ Այս ժողովուրդը միայն այդ խնդրով է վառվում»։ Ազատ Եղիազարյանը բողոքեց Ակադեմիայի ներկայիս վիճակից, որը ո՛չ տպագրական հնարավորություններ ունի, ո՛չ փորձարարական բազաներ է կարողանում ապահովել, ո՛չ էլ աշխատավարձ. «Եվ պետք է լինի գիտության զարգացման կոնցեպցիա»։

Միշտ էլ նման հանդիպումներում լինում է մեկը, որի ելույթը զվարճացնում-աշխուժացնում է մռայլ ու «թթված» մթնոլորտը։ Այդ անկեղծը Սասուն Գրիգորյանն էր. «Զզվել ենք էդ պատգամավորներից, ինչքան կարիերիստ կա Հայաստանում, բոլորն ուզում են պատգամավոր դառնալ։ Հետո պատգամավոր են դառնում, դու մի ասա կեսը զակոննի գողեր են… Ոչ մի նամակ ձեր ձեռքը չի հասնում։ Էն ստորին օղակներում կարծում են, թե Սասուն Գրիգորյանը կառավարության տեղը չգիտի։ Կառավարություն էլ մի ասա, մի Թոխմախ գյոլ… Գրողը պիտի թոշակի անցնի. բանից պարզվում է, որ գրողը, ակադեմիկոսը, ժողովրդական նկարիչը պիտի մի գողի, անառակի, քրեական հանցագործի չափ թոշակ ստանա։ Բա սա տրամաբանություն ա՞… սենց Ազգային ժողով կլինի՞, մկների ժողովում ըտենց որոշում չեն կայացնի… Էդ նախարարների կեսն անարխիստներ են. կառավարական հեռախոսով զանգում ես՝ քարտուղարուհու քարտուղարուհին ա պատասխանում… Հայաստանում 85-90 կուսակցություն կա։ Հետո էլ ասում են՝ հայեր, միացե՛ք, էլ միանալ կլինի՞… Մարդիկ էլ կան, որ գիշերը կոմունիստ են, լուսադեմին՝ դաշնակ, կեսօրին՝ հնչակ, իրիկվան՝ ՀՀՇ-ական, մյուս օրը՝ լեյբորիստ… Առաջ գրողները խոսում էին՝ ասում էին հակա են, հիմա խոսում ենք՝ ասում են ընդդիմություն, չենք խոսում՝ ասում են մտավորականություն չկա»։

Մերուժան Տեր-Գուլանյանը նախագահից խնդրեց «Մաշտոց» գրքի հեղինակ Արտաշես Մարտիրոսյանին ակադեմիկոսի կոչում եւ Մաշտոցի անվան շքանշան տալ։ Սիլվա Կապուտիկյանը բողոքեց Աշոտ Բլեյանի գործունեությունից, որը շրջանառությունից հանեց «Անլռելի զանգակատունը», դասագրքերից՝ հայրենասիրական բանաստեղծությունը։ Ս. Կապուտիկյանն առիթը բաց չթողեց եւ հենց ամբիոնից Ռ. Քոչարյանից հանդիպում խնդրեց. «Ես շատ բան ունեմ ասելու»։ Ս. Կապուտիկյանը, հատուկ այս ելույթի համար, մոսկովյան մամուլից որոշ մեջբերումներ էր «ջոկել» Ամերիկայի 30-ականների ճգնաժամերի ու Ռուզվելտի մասին. «Շատ եմ սիրում եվրոպաների հետ համեմատվել»։

Ի՞նչ հանդիպում առանց Ափինյանի «ժպիտի»

Abgar Apinyan

Աբգար Ափինյանը բեմ բարձրացավ, «Նոր Դար» ամսագիրը նվիրեց, հետո Գ. Խանջյանի, Ա. Ղազարյանի, Գ. Հայրյանի, Մ. Փոլադյանի գրքերը հատ-հատ՝ երկարացնելով նվիրելու հաճույքը։ Իհարկե, նաեւ իր գիրքը. «Նախագահը հույս է հայտնում, որ չեք նվիրի»,- վերջին գիրքը տալիս Ափինյանին ասաց Հրանտ Մաթեւոսյանը։ Ապա, միայն իրեն բնորոշ՝ յուղի լայն շերտով պատված խոսքերով Ափինյանը շարունակեց ելույթը՝ նախագահին համոզելով, որ աշխատում են, պարապ չեն մնում, որ այսօր ստեղծվում է այնպիսի գրականություն, որը կարող է հարաբերվել աշխարհի գրականության հետ։ «Ամենասուրբ» Ափինյանը հանրապետության բարոյական մթնոլորտի վատառողջ լինելը իր «մաքրահոգի» գործունեության դեմ «Առավոտում» տպագրված հոդվածներով մեկնաբանեց. «Մի բան ձեռնարկիր՝ հազար սեւ հոգի կկանգնի դեմդ…

Պետությունը պիտի կարողանա մեզ ազատել այդ հեղձուկից, որ աշխատող մարդը կարողանա գործ անել (Դահլիճն աղմկեց- Ս. Ս.)։ Հայ մամուլը բավական է, որպեսզի հակառակորդն իմանա՝ որտեղ են տեղաբաշխված մեր զորքերը, որպեսզի իսկապես աշխատող մարդիկ սեւանան եւ զանազան ստեր ու կեղծիքներ երեւան ասպարեզում,- նախագահին գանգատվեց Ափինյանը։ -Իմ մասին այդ նույն զազրաթերթը տպագրեց, որ ես սեփականաշնորհել եմ Երեւան-Թեհրան եւ Երեւան-Բեյրութ չվերթերը, մանուֆակտուրաներ եւ ֆերմաներ ունեմ, ռեստորաններ՝ Պռոշյան փողոցում…»։ Ափինյանը գրականության մասին լուրջ-լուրջ խոսում է, եւ «Առավոտում» տպագրված իր օբյեկտների մասին լուրերը թողած՝ հումորի բաժնում տպվածն էր լուրջ ընդունել, իսկ մենք առայժմ ժամանակ չենք ունեցել լրջորեն անդրադառնալ իր դեղագործական բնագավառի ձեռքբերումներին։ Նախագահից պահանջում էր անսանձ «Առավոտի» սանձահարումը, սակայն Ռ. Քոչարյանը Ափինյանից պաշտպանեց մամուլի ազատությունը եւ բացատրեց, որ Հայ մամուլն իրեն ավելի շատ է քննադատում, եւ նա կարողանում է դրան դիմակայել. «Չեմ կարող համաձայնել այն մտքին, որ պետք է սահմանափակենք մամուլի ազատությունը»,- ասաց նախագահը։

Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանն առաջարկեց հեղինակավոր, ծանրակշիռ գրական մրցանակ սահմանել Հայաստանի կամ Սփյուռքի կարող հայերի ֆինանսական աջակցությամբ։ Էդվարդ Միլիտոնյանը մտահոգված էր գրահրատարակչությունների ֆինանսավորման, ժամանակակից գրողների տպագրության, արվեստագետների գնահատման ու մրցանակներ տալու սխալ մեխանիզմներով։ Գրողներին անհանգստացնում էր նաեւ Հայաստանի գրողների միության եւ հայ գրողների «կեղծ» միության՝ դատարաններում տարիներով չարչրկված կոնֆլիկտի վերջնական լուծումը։

Հայ գրողների «ֆոնի» վրա

ՀՀ նախագահը փայլում էր գրականության ոլորտի խնդիրների եւ դրանց լուծումների լավատեղյակությամբ, մասնավորապես՝ գրահրատարակչության ոլորտի։ Նախագահը նկատեց, որ հայ գրողները գրեթե ամեն ինչի մասին խոսեցին, բացի գրականությունից։ Նա գրողներից ավելի կոնկրետ եւ պրակտիկ քայլեր էր ակնկալում։ Ընդունեց մրցանակների գաղափարը. «Ամեն ինչ կանեմ, որ մյուս տարի նման մրցանակներ լինեն, եթե անգամ ուրիշ բան չլինի, հենց պրեզիդենտի պահուստային ֆոնդից գումարներ կսահմանեմ»,- ասաց նա։

Նախագահը եւս մեկ անգամ հայ գրողներին հիշեցրեց, որ պետությունը փոխվել է եւ, որ այլեւս նախկին Սովետական Միությունը չէ։ Ավելացրեց, որ գրահրատարակչությունը պետք է կարողանա Հայաստանի սահմաններից դուրս գալ, համագործակցության դաշտ ստեղծել, կոնկրետ քայլեր նախաձեռնել։

Ամենեւին ոչ խորհրդավոր ընթրիք

Նախագահի հետ հանդիպումը շարունակվեց ընթրիքի սեղանների շուրջ։ Խնջույքի թամադա ընտրվեց Լեւոն Մկրտչյանը։ Հանդիպման ճաշարանային հատվածն ավելի ակտիվ էր եւ գրողներն անհամեմատ ավելի անկեղծ էին։ Շուտով հնչեցին կենացներ, Մերուժան Տեր-Գուլանյանը կենաց ասեց ու երգեց, Վոլոդյա Աբաջյանը արտասանեց, մշակույթի նախարարությունից Անդրանիկ Հարությունյանը երգեց, Մետաքսեն՝ «Կուզեի լինել վերնաշապիկը քո…» բանաստեղծությունը կարդաց, որի ընթացքում տեղերից կանչեցին՝ «վադալազկեն» (նախագահն այդ օրը «վադալազկա» էր հագել)։ Վանիկ Սանթրյանը արտասանեց Մ. Տեր-Գուլանյանին եւ Աղվան Վարդանյանի ջահել տարիներին նվիրված իր ոտանավորներից, որոնց տափակությունը, թե սրամտությունն արդեն գինովցած մարդիկ չզգացին։

Տեքստը եւ լուսանկարները՝ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30