Հայաստանի էներգետիկ իրավիճակով մտահոգված, ցանցի կորուստներով անհանգստացած եւ վառելիքի ներկրման հիմնախնդիրներով տառապող մի խումբ աշխատավորների խնդրանքով հաջորդ տարվա հունվարի 1-ից 1 կվտ ժամի գինը սահմանվում է 25 հայկական դրամ։ Վերջապես հաղթահարվեց սոցիալական անարդարությունը։ Այսուհետեւ բոլորը հավասար են փոփոխական հոսանքի առջեւ։ Կա մի գին՝ բոլորի համար։ Այդ գինը վիճարկել չեմ համարձակվում, քանզի սահմանել են տասնյակ արհեստավարժներ՝ հնգօրյա «դռնբաց» նիստերի արդյունքում (ասում են՝ որոշ ինքնակոչ մաթեմատիկոսներ էլ կային այդ նիստերին, որոնք արհեստավարժներին հակաճառելու ապարդյուն փորձեր են ձեռնարկել)։ Ասելիքս ուրիշ է։
Վերջին երկարատեւ նիստից հետո հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանը բավարարված դեմքով դուրս եկավ (բոլորը սպասում էին՝ հոգնած դեմքով դուրս կգա) ու հավերժ չբավարարվածներիս տեղում համոզեց, որ մի մեծ բան չի փոխվել. 25 դրամ էր, նույնքան էլ մնաց, պարզապես վերացավ վճարումների եռաստիճան համակարգը եւ, ճիշտն ասած, մի 13 տոկոս էլ թանկացավ։ Հիմա տեսնենք իրական պատկերը։
Էլեկտրաէներգիայի սպառումն, առհասարակ, բնակչության սոցիալական վիճակի ծանրակշիռ ցուցիչներից է։ Եռաստիճան սանդղակի դեպքում դա շատ պարզ էր երեւում. ծայրահեղ աղքատ ընտանիքներում էներգիայի ամսական ծախսը գրեթե չի գերազանցում 100 կվտ-ն։ Աղքատության շեմին մոտ գտնվող (բայց ոչ միջին կենսամակարդակի) ընտանիքը թող ծախսեր մինչեւ 300 կվտ հոսանք, միջին ընտանիքները՝ 400-500, եւ հարուստները՝ որքան սրտներն ուզի։ Եթե վերջին թանկացմանը նույնպես տարբերակված մոտենանք, ապա ծայրահեղ աղքատների համար էլեկտրաէներգիան թանկացավ 100%-ով, մինչեւ 200 կվտ սպառողների համար՝ 40%-ով, մինչեւ 300 կվտ սպառողների համար 25%-ով, մինչեւ 400 կվտ ծախսողների համար՝ 18%-ով։ Միայն նրանք, ովքեր իրենց թույլ են տալիս 500 եւ ավելի կվտ հոսանք սպառել, անվերապահորեն կարող են հավատալ արհեստավարժների այն պնդմանը, որ էլեկտրաէներգիան թանկացել է 13%-ով։
Անձամբ ես՝ վերջինների շարքում եմ։ Ինձ համար ճիշտ 13%-ով է թանկացել։ Ահա թե ինչու ես վստահում եմ մեր կառավարությանը։ Բայց առնվազն կույր պիտի լինել՝ չնկատելու համար, որ պետությունն անապահով ընտանիքներին անմիջապես իր հովանու տակ է առնում։ Մի այլ կաբինետում, արհեստավարժների մի այլ խումբ մշակել է սոցիալական նպաստների սահմանման եւ բաշխման նոր եղանակ. հստակ, արդար, անարատ։ Այնպես որ, անապահով խավերը մտահոգվելու հիմք չունեն։ Կառավարությունն իրենց միջից ամենաաղքատներին կգտնի (երեւի այս ընտրության չափանիշը հյուծվածության աստիճանը կլինի), նպաստներ կվճարի, ու թանկացումը ոչնչով չի անդրադառնա նրանց վրա։ Տեսնո՜ւմ եք, Աստված մի դուռ փակում է, մյուսը՝ բացում։ Հիմա հարցի երկրորդ տեսակետը։ Լույսը 25 դրամ դարձնելով՝ երկրի բյուջեն պիտի լցնենք։ Լուրջ հակափաստարկ բերելն անգամ մեղք է. կարծես թե տեղամասային հսկիչների մանկության երազանքն է բյուջեն ավելացնելը։
Կարդացեք նաև
Փոխարենը՝ հունվարի 1-ից էներգահամակարգի «կորուստները» մի գիշերվա մեջ կտրուկ ցատկ կկատարեն (դեպի մասնավոր գրպանները)։ Առհասարակ, ճիշտ են ասում, որ երկար աշխատանքը մարդուն բթացնում է։ Ահավասիկ, էներգետիկայի հիշյալ հանձնաժողովը երկարատեւ աշխատանքից հետո այն համոզմանը եկավ, որ միասնական տարիֆի անցնելու դեպքում այլեւս ոչ ոք մինչեւ արմունկները չի մտնի հաշվիչի մեջ՝ այն դանդաղեցնելու կամ հետ պտտելու մտադրությամբ։ Այս վերջին լավատեսությունը միայն էներգետիկներին է հատուկ, որովհետեւ առօրյա մտածողությունը չի կարող ընկալել, որ համընդհանուր 25 դրամի դեպքում Հայաստանի բոլոր հաշվիչները կտրականապես կհրաժարվեն հետ պտտվելուց, հսկիչները՝ կողմնակի եկամուտ ստանալուց, իսկ Արշակ Սադոյանը՝ «լափված» փողերը հետ պահանջելուց։ Հիմա՝ ամենագլխավորի մասին։
Էներգիայի հերթական թանկացման սցենարը 6 ամիս առաջ է գրվել, իսկ սակագների «անկախ» հանձնաժողովին (անկախ Վարդան Մովսիսյանի գլխավորությամբ) հանձնարարվել է հնգօրյա ժամկետում բեմադրել այդ սցենարը՝ թատերականացված հաշվարկին հրավիրելով ժողովրդի ծոցից դուրս եկած այլ գիտնականների։ Սակայն վերջիններս իրենց անհնազանդ վարքագծի պատճառով որակվեցին ԳիԱրՔՄի-ի «ինքնակոչ մաթեմատիկոսներ» (նրանցից շատերն այսօրվա արհեստավարժների երբեմնի դասախոսներն են), եւ հնգօրյա աննկարագրելի տքնանքի արդյունքում որոշումն ընդունվեց միաձայն, այսինքն՝ մի ձայնով, որ դեռեւս վաղուց հնչել էր վերեւից։ Հանձնաժողովի շոու ծրագիրը հումորի զգացումով ընդունեցինք, վերջին թանկացումն էլ մարսեցինք՝ անցավ։
Հիմա ուզում եմ հարցնել՝ դեռ որքա՞ն սպառողը պետք է փոխհատուցի էներգետիկ համակարգի կորուստներն ու մաշվածությունը, էներգակիրների ներկրման բարդությունները, վերջապես, այս ոլորտի ստվերային շրջապտույտի պատճառած վնասները, գրպանվող փողերը, եւ այլն, եւ այլն։ Դեռ որքան ժամանակ էներգետիկայի նախարարությունն իր գործը թողած՝ ձեռքը սպառողի գրպանը պիտի խոթի։ Իսկ իր գործը համակարգը կրճատելն է, ցանցը նորոգելն է, ալտերնատիվ էներգետիկան զարգացնելն է, համակարգիչների ներդրման ճանապարհով մարդկային գործոնը նվազագույնին հասցնելն է, գիշերային եւ ցերեկային տարիֆներ հաստատելն է (որը, դժբախտաբար, սպառողին էլ է ձեռնտու), խախտումների դեմն առնելն է… Գլուխ եմ տանում, չէ՞։ Սպառողի գրպանն ավելի մոտ է ու ավելի մատչելի…
ԴԱՎԻԹ ԱՍԼԱՆՅԱՆ
Հեռուստալրագրող