Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱՎԹԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԿՐԱԿ ՉԵՆ ՎԱՌՈՒՄ

Նոյեմբեր 17,1998 00:00
navt

Մեր հասարակության գիտակցության մեջ, չգիտես ինչու, համառորեն ներդրվում է այն սեւեռուն գաղափարը, թե նավթային անուրջների լիակատար խորտակումն ապրած Ադրբեջանը ուրիշ ելք չունի, քան Ղարաբաղյան պատերազմը վերսկսելը: Առանձին ապացույցներ ոչ մեկը չի բերում՝ թերեւս նաեւ այն պատճառով, որ սեփական ենթադրությունները վերջին ատյանի ճշմարտություն են թվում համարյա բոլորին, ովքեր այս հարցում արտահայտել են իրենց ծանրակշիռ կարծիքը:

Անցյալ ամառ ինձ հետ վիճելու էր եկել ԱՄՆ-ում բնակվող մի հայ մարդ, որն արդեն վաղուց է պնդում, թե Կասպից ծովում նավթ չկա: Եվ քանի որ հայկական բոլոր թերթերը մինչ այդ արդեն տպագրել էին այդ միտքը զարգացնող նրա հոդվածը, իսկ ես թերահավատ էի… Մի խոսքով, արդեն որերորդ անգամ ստիպված էի լսել, որ եթե հավատում եմ Կասպիական նավթի գոյությանը, ուրեմն պարզապես…հայրենասեր չեմ: Այս պրոբլեմին հետեւող ընթերցողը երեւի նկատել է, որ Կասպիական նավթի պաշարների մասին հիմնականում գրում են նրանք, ովքեր իրենց ողջ կյանքի ընթացքում նավթարդյունաբերության հետ որեւէ կապ չեն ունեցել: Օրինակ՝ գրողները: Եվ հիմնականում հայ ընթերցողի համար: Մտքում, սակայն, երեւի գաղտնի հույս փայփայելով, թե կարդալով իրենց հոդվածները, արեւմտյան նավթարդյունաբերողները իսկույն կհասկանան, որ սխալ ճանապարհի վրա են:

Մինչդեռ մասնագետները շարունակում են պնդել, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթի պաշարները հասնում են 11 միլիարդ տոննայի եւ որ այդ տարածաշրջանը հաջորդ դարում խոստանում է դառնալ էներգակիրների համաշխարհային շուկայի գլխավոր մատակարարը: Իրենց համոզմունքը անմիջական ներդնողները վերահաստատում են ամենաբարձր մակարդակով կնքված նորանոր պայմանագրերով: Մեզանում, սակայն, գերադասում են ձեւացնել, որ նման փաստեր պարզապես գոյություն չունեն: Ադրբեջանական նավթի համարյա լիակատար բացակայության տեսության կողմնակիցներին հազիվ թե հանգստացնեն նաեւ մի քանի ԶԼՄ-ների ընդհանուր առմամբ իրատեսական հաղորդումներն այն մասին, որ նավթը միշտ չէ, որ հարստություն է բերում այն երկրին, որի տարածքում հայտնաբերվում է: Սա իրոք լուրջ կռվան է, որի մասին արժե խորհրդածել, չմոռանալով, սակայն, մի չափազանց կարեւոր հանգամանք. ավաղ, մի քանի լատինաամերիկյան երկրների օրինակները համոզիչ չեն՝ թեկուզ այն պատճառով, որ նավթի պաշարներն այնտեղ փոքրաքանակ են եւ Կասպիականի հետ ոչ մի կերպ չեն կարող համեմատվել:

Այնպես որ, Կասպիականի շրջակայքը երկրորդ Քուվեյթի վերածելու առասպելը չի կործանվի, այդ առիթով աշխարհը ցնցած աղմուկը բլեֆ չի դառնա, եւ մենք հանգիստ շունչ չենք քաշի այն մտքից, որ Ադրբեջանն այլեւս նավթային հզոր հաղթաթուղթ չունի: Իրականում այն շարունակում է գոյություն ունենալ եւ ավելի ծանրակշիռ է դառնում նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանի նավթային ներդրումների մեծ մասը Արեւմուտքին, եւ առաջին հերթին ԱՄՆ-ին են պատկանում: Իսկ նրանք լավ գիտեն, թե ինչպես պիտի պաշտպանեն իրենց կապիտալները: Այլ հարց է, որ ԱՄՆ-ը Կասպից ծովի նավթի արտահանման հարցերում շտապելու մտադրություն չունի: Եվ ոչ միայն այն բանի համար, որ նավթի միջազգային գները հիմա իրոք խիստ ցածր են: Պատճառը թերեւս այն է, որ ԱՄՆ-ը ոչ այնքան շահագրգռված է նավթի արտահանմամբ, որքան նավթով հարուստ տարածաշրջանում սեփական վերահսկողությունը հաստատելով: Դա նշանակում է, որ մոտակա քսան տարիների ընթացքում ո՛չ նավթի խոշոր արդյունահանումներ են լինելու եւ ո՛չ էլ Ադրբեջանը հեքիաթային հարստություններ է դիզելու:

Գուցե հենց այս հանգամանքը նկատի ունեն մեր հոռետես վերլուծաբանները, երբ պնդում են, թե սեփական էլեկտորատի վստահությունը վերաշահելու համար Բաքուն պատերազմը վերսկսելուց բացի այլ ելք չունի: Բայց ո՞վ է ասել, որ հարստության եւ բարեկեցիկ կյանքի երկընտրանքը պատերազմում հեղված արյունն է: Եվ ո՞վ է հորինել, որ Ադրբեջանի երջանկությունը միայն նավթի մեջ է: Մեր ողջ ուշադրությունը սեւեռելով այն հարցի վրա, թե Բաքվում ինչ ստորագրեց եւ ինչու ստորագրեց Հայաստանի արհեստավարժ վարչապետը, մենք համարյա մոռացանք, որ այդ նույն օրերին նույն Բաքվում իրոք նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ: Հաստատվեց ՏՐԱՍԵԿԱ-ի ծրագիրը, Բաքուն դարձավ այդ ծրագրի իրականացման կենտրոնը: Եթե որեւէ մեկն ասի, որ ՏՐԱՍԵԿԱ-ն ամենեւին էլ այլընտրանք չէ նավթին, ապա այդ մտքի հերքումը կարելի է մի առանձին հրապարակման նյութ դարձնել:

Բայց հիմա… Հիմա պիտի ընդունենք, որ Կասպիական նավթի արտահանման եւ Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման հետաձգումը (եթե դա իրոք այդպես է), չի մղի Ադրբեջանին խելահեղ քայլերի: Առավել եւս, որ տարիներ շարունակ այդ երկրի բնակչության գլուխն են մտցրել այն միտքը, թե Ղարաբաղը վերադարձվելու է ոչ թե մարտի դաշտերում, այլ միջազգային հանրության կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու ճանապարհով: Բացի դրանից, Ալիեւը այնքան միամիտ չէ, որ չհասկանա նույնիսկ անտեղյակ մարդկանց հայտնի ճշմարտությունը. Ադրբեջանի նախկին նախագահներ Մութալիբովն ու Էլչիբեյը գահընկեց եղան հենց պատերազմին գերապատվություն տալու պատճառով: Իսկ Ալիեւը ոչ միայն չի ցանկանա կիսել նրանց ճակատագիրը, այլեւ ամեն ինչ կանի երկրի ղեկը որդուն հանձնելու համար…

Մեծ նավթարդյունահանման գործը քսան տարով հետաձգելն, ինչ խոսք, շարքային որոշում չէ եւ վերջնական տեսք ստանալուց հետո կարող է որոշակի հուզումներ առաջացնել այն ադրբեջանցիների շրջանում, որոնք այս կամ այն պատճառով դուրս են մնացել Մոսկվայի շուկաներից եւ հույս ունեին իրենց երկրում նորահայտ Ռոտշիլդներ դառնալ: Երկու տասնամյակը, անշուշտ, նշանակալից ժամանակահատված է եւ այդ տարիները հազիվ թե անցնեն հակամարտությունների ինքնընթաց ,,ներծծման,, սպասումով: Սակայն հարկ է լավ հիշել, որ ԱՄՆ-ը ,,ոսկե ձվեր,, է դրել այդ կողմերում եւ դրանով իսկ ոչ միայն Ապշերոնը, այլեւ ամբողջ տարածաշրջանը իր սեփական ,,հավանոցն,, է հայտարարել ինչպես հիմա, այնպես էլ, ըստ երեւույթին, ամբողջ հաջորդ դարի ընթացքում: Իսկ Ամերիկայի պես ,,աքլորները,, իրենց հավանոցներում ուրիշ տերերի չեն հանդուրժում: Խաղի կանոնները, հետեւաբար, կանխորոշված են շատ երկար ժամանակահատվածի համար: Եվ այն ակնհայտ հաշվարկով, որ նավթի հարեւանությամբ կրակ վառելը խիստ վտանգավոր է ոչ միայն անմիջականորեն նավթահորերի մոտ գտնվողների համար…

ՆԱՐԵԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30