Նախորդ շաբաթ այցելելով տարածաշրջան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հարցի կարգավորման նոր առաջարկներ մատուցեցին։ Դրանց վերաբերյալ եղած տեղեկատվության հիման վրա իրենց տեսակետներն են ներկայացնում հայաստանյան կուսակցությունների ղեկավարները։
Արմեն Հովսեփյան – Հայդեմկուսի փոխնախագահ
-Դժվար թե կարողանամ ընթերցողին բավարարող տեսակետ ներկայացնել։ Համանախագահները առաջարկություններով ժամանել էին Անդրկովկաս, բայց քանի որ որեւէ պաշտոնական բան չի ասվել (քանզի որոշում կա կոնֆիդենցիալ պահել, չհրապարակել փաստաթղթի բովանդակությունը), չեմ կարծում, թե գործին անմիջապես տեղյակ մարդկանցից դուրս որեւէ մեկը կարողանա էական բան ասել։ Մամուլում էլ առանձնապես խորությամբ խնդիրը վերհանող թղթակցություններ չերեւացին, չհաշված «Առավոտ» թերթի գլխավոր խմբագրի բառախաղը, որով նա փորձում էր մեկնաբանություններ տալ։ Հուսադրող է այն, որ խոսք կա ընդհանուր պետության գաղափարի մասին։ Պետք է ենթադրել, որ նրանում ընդգրկվելիք երկու սուբյեկտները նույն կարգավիճակը կարող են ունենալ։ Դա արդեն նոր բան է, որի շուրջ հակամարտող կողմերի ղեկավարները կփորձեն բանակցել։
-Իսկ, պարոն Հովսեփյան, դուք որեւէ առավելություն չունե՞ք տեղեկատվությանը տիրապետելու առումով, հաշվի առնելով այն, որ ձեր կուսակցության ղեկավարը նախագահի խորհրդականն է արտաքին հարաբերությունների գծով։
Կարդացեք նաև
-Մենք ոչ մի արտոնություն չունենք։ Այն տեղեկատվությունը, որ նախագահի խորհրդականը հարկ է համարում բաց տեքստով ասել, դրանով հանդես է գալիս մամուլում։ Այդ առումով մենք որեւէ արտոնություն չունենք, մեր խոսակցությունները հիմնականում կուսակցության խնդիրների, կուսակցության հիմնահարցերի շուրջ են։ Իսկ ընդհանրապես, կա նաեւ այլ հանգամանք. կառավարական, պաշտոնական էթիկա, որի սահմաններում էլ ամեն ինչ արվում է։
Անդրանիկ Մարգարյան – Հանրապետական կուսակցության նախագահ
-Մեր ունեցած տեղեկատվությունը, փաստորեն, ոչ պաշտոնական է։ Այն ամբողջական չէ, եւ վերջնական տեսակետ հայտնելը դժվար է։ Սակայն այնքանը, որքանը հայտնի է մամուլից ու հեռուստատեսությունից, բոլոր դեպքերում, իմ կարծիքով, թույլ է տալիս դատել, որ հնարավորություն ստեղծվեց մեկ քայլ անել այս մեռյալ սեզոնից դուրս գալու ուղղությամբ՝ անկախ նրանից, թե ինչ արդյունք կունենա Մինսկի խմբի համանախագահների այս նախաձեռնությունը։ Կարեւորն այն է, որ միջազգային հանրությունը, մանավանդ՝ Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո իր ուշադրությունը նորից կենտրոնացրեց Ղարաբաղի հարցի վրա։ Ցավոք, դեռեւս առաջարկությունների պայմաններն ամբողջապես հայտնի չեն, սակայն արդեն իսկ եղածը հայկական կողմին, իմ կարծիքով, ամբողջապես բավարարում է գոնե առաջին փուլի համար. մեկ պետության մեջ՝ երկու պետություն, իրավահավասար պայմաններով։ Բնական է, որ Ադրբեջանը դա չպետք է ընդուներ, կամ ընդուներ սվիններով։ Համանախագահներն ու հայկական կողմը մեկ քայլ արել են, եւ հիմա կոնստրուկտիվ քայլի հերթը Ադրբեջանինն է։ Նրա վերաբերմունքից կախված՝ գործընթացը կամ առաջ կգնա, կամ էլ նոր խնդիրներ, նոր պայմաններ առաջ կգան։
-ՀՀԿ-ն, իբրեւ Վազգեն Սարգսյանին՝ պաշտպանության նախարարին, մերձեցված կուսակցություն, հավելյալ մանրամասնությունների չի՞ տիրապետում։
-Քանի որ, ըստ համանախագահության հետ ունեցած համաձայնությունների, ինչպես նաեւ բանակցող կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության, քննարկումները պետք է գաղտնի լինեն, հետեւաբար, նկատի առնելով բանակցային գործընթացի շահերը, անիմաստ է որեւէ բան ասել։
-«Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ Վիկտոր Դալլաքյանը նախորդ եռօրյայում շատ տարօրինակ մի հարց ուղղեց արտգործնախարար Վարդան Օսկանյանին, ասելով՝ եթե Ադրբեջանը մերժի այս նոր առաջարկները, Հայաստանը չի՞ հայտնվի դիվանագիտական փակուղում…
-Սա առաջին դեպքը չէ, երբ համանախագահների առաջարկները կամ Հայաստանն է մերժում, կամ Ադրբեջանը, կամ Արցախը, սակայն դրանից հետո էլ փակուղային վիճակը երկար չի տեւում, իսկ եթե տեւում էլ է, ապա դա ուրիշ հիմքեր է ունենում եւ ոչ թե առաջարկների մերժման պատճառը։ Ես համաձայն եմ Վարդան Օսկանյանի պատասխանում հնչած մտքերին, որ մենք փակուղային վիճակում չենք հայտնվի։ Պարզապես համանախագահները ստիպված կլինեն նոր մոտեցումներ ցուցաբերել։ Եթե մենք դիտարկենք այս գործընթացը տարիներ ի վեր, ապա կարձանագրենք, որ վերաբերմունքից կախված, առաջարկների մեջ փոփոխություններ կատարվել են։ Դրա վկայությունն են նաեւ այս վերջին առաջարկները։ Հետեւաբար, եթե Ադրբեջանը մերժի այս փաստաթուղթը, նոր առաջարկներ պետք է լինեն եւ ոչ թե կրկնվեն հները։ Բոլոր դեպքերում, դեռեւս բանակցային գործընթացի մասին է խոսքը եւ ոչ թե որոշում կայացնելու հեռանկարի։
Կարեն Վարդանյան – ՍԻՄ-ի քաղաքական հանձնաժողովի նախագահ
-ԵԱՀԿ համանախագահների այս վերջին առաջարկությունները մեզ մոտ որեւէ զարմանք չառաջացրին։ Մենք լավ ենք գիտակցում, որ ԵԱՀԿ-ի նպատակն ամենեւին էլ ղարաբաղյան հարցի կարգավորումը չէ, այլ կոնկրետ Արեւմուտքի կողմից ռեգիոնալ կառավարման խնդիրները լուծելը։ Այդ նպատակով նրանք դեռ երկար ժամանակ, տարբեր առաջարկություններով, ֆանտաստիկ եւ ոչ ֆանտաստիկ, կգան ռեգիոն եւ կգնան՝ հանրապետությունների իշխանությունների դիրքորոշումները համաչափելով իրենց մոտեցումներին, որպեսզի այստեղ տարբեր քաղաքական գործընթացներ խաղարկեն։ Մեր գնահատականը Հրանտ Խաչատրյանը տվել է դեռեւս նախընտրական փուլում։ ԵԱՀԿ գործընթացները խիստ արհեստական են եղել վերջին տարիներին, որոնց, երբ Հայաստանի իշխանությունները տրվեցին, կորցրեցին իշխանությունը։ Դեռեւս 1988 թվականից մենք բազմիցս ասել ենք, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ ազգի բռնանջատված երկու մասերի միավորման իրավունքի, բռնազավթված տարածքների ազատագրման եւ մյուս հիմնարար սկզբունքների հիման վրա։ Հայաստանն ինքը պետք է նախաձեռնություն ցուցաբերի հարցը ՄԱԿ-ի օրակարգ տեղափոխելու։ ԵԱՀԿ-ի շրջանակները շարունակելու են մնալ խաղ, ինչը ցույց են տալիս նաեւ այս վերջին առաջարկությունները։ Դրանք իրենց մեջ որեւէ լրջություն չեն պարունակում եւ բացառապես տարածքային դեստաբիլիզացիայի խնդիր են լուծում։
-Այսի՞նքն…
-Հայաստանի իշխանությունները կախված լինելով Արեւմուտքից, որոշակի ռեակցիաներ են տալիս այդ առաջարկներին, որից ընկնում է նրանց վարկանիշը, իրենք, բնականաբար, շեղվում են սեփական նախընտրական խոստումներից, թուլացնում են իրենք իրենց եւ պետական իշխանության համակարգը, ինչպես նաեւ՝ կոտրում են հավատը պետության նկատմամբ։ Մյուս կողմից էլ, տեսնում եք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում՝ նկատի ունեմ ոչ ստաբիլ իրավիճակը։ Այսպիսով, մեր կարծիքն այն է, որ հաշվի առնելով հարցի առաջացման պատմական ասպեկտները, այն պետք է մտցվի ՄԱԿ-ի շրջանակ, որպեսզի չշարունակի մնալ արտաքին ուժերի կողմից Հայաստանը կառավարելու եւս մեկ լծակ։
Հմայակ Հովհաննիսյան – Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղաքական քարտուղար
-Մեր կարծիքով, պետք է այս հարցով սատարել Հայաստանի իշխանություններին, որպեսզի այսօրվա վարչախումբը կարողանա մեր ժողովրդի հույսերին, ակնկալիքներին համահունչ լուծում գտնել։ Արտաքին քաղաքականությունը պետության մենաշնորհն է։ Իսկ ղարաբաղյան հարցն այն խնդիրն է, որի լուծման համար ազգովի պետք է սատարենք ցանկացած վարչախմբի, որը իշխանության գլխին կանգնած է այդ հարցին հայանպաստ լուժում տալու մտայնությամբ։ Եթե այս տեսանկյունով դիտարկենք հարցը, ապա մենք պետք է ցուցաբերենք զգոնություն, նրբանկատություն եւ օգնենք ղարաբաղյան խնդիրը լուծելու կարգախոսով իշխանության եկած վարչախմբին։ Մեր դիրքորոշումը սա է։ Մենք. իհարկե, կարող ենք վարչախմբի հետ վիճաբանել ներքաղաքական հարցերի, սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ, սակայն արտաքին քաղաքականության հարցերով պետք է հանդես գանք միասնական մոտեցմամբ։
Շավարշ Քոչարյան – ԱԺՄ վարչության անդամ
-Տպավորությունն այն է, որ ընդհանուր առմամբ այս վերջին ժամանակահատվածում միջազգային հանրության, Արեւմուտքի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ մեղմացել է, այսինքն՝ պարտադրանքն այնքան կոշտ չէ, որքան անցյալում։ Դա ունի մի քանի պատճառ։ Պատճառ թիվ մեկ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի տապալումը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանություններից ճնշումով կորզված ցանկացած որոշում չի կարող իրականացվել։ Հաջորդը։ Այն թեզը, որն անընդհատ օգտագործում է ադրբեջանական կողմը, թե Ստեփանակերտը ընդամենը դրածո իշխանություններ ունի, եւ բոլոր խնդիրները լուծվում են Երեւանում՝ կեղծ է։ Երեւաց՝ Ստեփանակերտն այնպիսի լծակներ ունի, որ հանուն Ղարաբաղի հարցի ճշմարիտ կարգավորման, կարող է նույնիսկ իշխանափոխության հասնել Երեւանում։ Այս հանգամանքն անտեսելն անհնար է։
Ուրեմն, իշխանություններին պարտադրելը բավարար չէ, ուրեմն, այսպես թե այնպես, պետք է հաշվի առնել Ղարաբաղի տեսակետը նույնպես. Արցախը նույնպես պետք է մտնի բանակցային պրոցեսի մեջ։ Հաջորդ հանգամանքը պայմանավորված է Ադրբեջանով. դա այնտեղ կայացած նախագահական ընտրություններն են։ Ի վերջո, պետք է միշտ հիշենք, որ ազատ, արդար ընտրությունների ստանդարտը շատ էական է, եւ հիմա Ադրբեջանի վրա էլ մոտավորապես նույն մոտեցումն ու ճնշումն է տարածվում, իհարկե, շատ ավելի թույլ, որը ժամանակին զգացին ՀՀ իշխանությունները՝ 1996 թ. սեպտեմբերի իրադարձություններից հետո։ Այս ամենը հաշվի առնելով, կարելի է ակնկալել, որ այս անգամ առաջարկներն այդքան կոշտ չեն լինի։ Իհարկե, ընդհանուր պետություն հասկացությունը, եթե դա ընդամենն առաջին քայլ է նշանակում, հասկանալի է։ Բոլոր դեպքերում, դա որոշակի մեղմացում է միջազգային հանրության դիրքորոշման մեջ։
Եթե մենք կարողանանք այդ հանգամանքը եւ ժամանակը ճիշտ օգտագործել, ապա կարող ենք ավելի բարենպաստ դիրքորոշում ակնկալել։ Իսկ դրա բանալին մեկն է. բազմիցս ասվել է՝ Հայաստանը պետք է կատարի համակարգային փոփոխություններ, կարողանա առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացնել ազատ, արդար հիմքերի վրա՝ միջազգային դիտորդների ներկայությամբ, որոնք պետք է արձանագրեն այդ իրողությունը։ Դա նաեւ հիմք կծառայի մեր ներքին մթնոլորտի բարելավմանը եւ, ի վերջո, ամենակարեւոր հարցի լուծմանը՝ տնտեսության զարգացմանը։
Դավիթ Շահնազարյան – «21 դար. ժողովրդավարական ազգային կուսակցության» նախագահ
-Ընդհանուր պետության ասվածի նախադեպեր պատմությունը արձանագրել է, բայց չեմ կարծում, որ ճիշտ է մեկնաբանել cammon state հասկացությունն առաջարկված փաստաթղթից, հիմնատեքստից դուրս։ Պետք է ուսումնասիրվի փաստաթուղթն ամբողջությամբ, որից հետո միայն հնարավոր կլինի որեւէ եզրակացություն ներկայացնել, բայց առայժմ ես այդ փաստաթուղթը չեմ տեսել, եւ տեսնելու հնարավորություն էլ չունեմ։
Գագիկ Թադեւոսյան – Հայկոմկուսի կենտկոմի քարտուղար
-Ոչ ԱԳՆ-ն եւ ոչ էլ կառավարության որեւէ այլ մարմին ԱԺ-ին կամ հասարակական-քաղաքական կազմակերպություններին դեռեւս տեղյակ չի պահել, թե դրանք ինչ առաջարկություններ են։ Մանրամասնությունները մենք չգիտենք։ Չեմ կարծում, թե որեւէ առաջարկ պետք է միանգամից մերժել։ Դրանք պետք է ուսումնասիրվեն, որից հետո միայն հնարավոր կլինի կոնկրետ եզրակացությունների հանգել։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ