Լրահոս
Օրվա լրահոսը

СЛАБО?

Նոյեմբեր 17,1998 00:00
dashnak

Բացատրություններ եւ արդարացումներ միշտ էլ կարելի է գտնել։ Դրանք մի կողմ թողնենք եւ արձանագրենք, որ ՀՅԴ հոկտեմբերի 30-ի հանրահավաքում հրապարակավ մեղադրված 11-ից 6-ը, որոնք նախապես ազդարարել էին, թե իրավապահ մարմինների միջնորդությանն են դիմելու իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար՝ այժմ զանազան պատճառաբանություններ ներկայացրին, թե ինչու դա չեն արել անցած 15 օրերի ընթացքում։ Ուստի եւ, լիովին իրավունք տվեցին Դաշնակցության գործիչներին պնդելու, որ նրանք դատարան չդիմեցին, քանզի «իսկապես անհանգստանալու պատճառ ունեն իրենց նախկին գործունեության առումով» (Վահան Հովհաննիսյանի հետ հարցազրույցից, «Հայոց աշխարհ», 14-ը նոյեմբերի)։

Վիգեն Խաչատրյանը հայտարարել էր. «Իմ պարտքն եմ համարում դատարան դիմել, որ մարդիկ օրենք հարգեն եւ մի քանի ստախոս իրենց չափը ճանաչեն» («Առավոտ», 31-ը հոկտեմբերի)։ Այժմ, մեր այն հարցին ի պատասխան, թե արդյոք կատարե՞լ է իր պարտքը, հիշեցրեց, որ հայտարարություն է արել, «Եվ ասացի, թե քանի որ մեղադրանքներ են հնչել, ապա հանրապետության գլխավոր դատախազը պարտավոր է այդ փաստերի վերաբերյալ քրեական գործեր հարուցել։ Իսկ անձամբ դատի չեմ տալիս հիմնականում այն պատճառով, որ Դաշնակցությունն ինքը (մասնավորապես Արմեն Ռուստամյանը «Գոլոս Արմենիիում») խոստովանեց, որ դրանք ուղղակի հերյուրանքներ են, որոնք պնդելու ընթացքում հույս ունեն, թե նոր փաստեր կհայտնաբերվեն։ Առավել եւս, գլխավոր դատախազը պիտի գործեր հարուցելով նոր փաստեր հայտնաբերի։ Ես ընդառաջել եմ ՀՅԴ-ին»։

Լեւիկ Խաչատրյանն այն ժամանակ վերապահումով էր արտահայտվել. «Երեւի ես էլ դատարան դիմեմ» («Առավոտ», 3-ը նոյեմբերի)։ Այժմ ասաց. «Ես դեռ թղթերն եմ նախապատրաստում։ Մտադրությունիցս չեմ հրաժարվել»։ Վաչագան Հարոյանն էլ հանրահավաքից հետո մասնավորապես նշել էր. «Պատրաստվում եմ իրավապահ մարմիններին դիմել։ Այլապես ստի համար անպատիժ մնալով հեռու չենք գնա»։ Նա երկրորդն էր, որ չէր հրաժարվել մտադրությունից։ Ուղղակի իրագործումը հետաձգել է մինչեւ հունվար. «Ես նաեւ նշել էի, որ դիմելու եմ ցմահ ընտրված դատավորներին եւ ոչ այսօրվա դատարանին։ Սպասելու եմ, մինչեւ նոր դատարաններ կազմվեն՝ այն ժամանակ էլ կդիմեմ»։

Տեր Հուսիկ Լազարյանը նախապես էր ասել, որ ճիշտ է, դիմելու է իրավապահ մարմիններին, բայց առանձնակի ակնկալիքներ չունի։ Արդյոք, հենց այ՞դ պատճառով էլ չկատարեց այդ քայլը. «Նաեւ այդ պատճառով։ Բացի այդ, մտածեցի, թե ինչու պիտի ե՛ս դիմեմ դատարան։ Թող իրենք դիմեն եւ ապացուցեն, որ ես հանցագործություն եմ արել։ Իսկ եթե դա չեն անի, ուրեմն իրենք զրպարտիչ են»։ Երջանիկ Աբգարյանն այն ժամանակ նույնպես վերապահումով էր արտահայտվել. «Ես, ըստ երեւույթին, դատարան կդիմեմ՝ դեռ վերջնական որոշում չեմ կայացրել։ Այդ բանսարկությունն այնքան անհեթեթ է ձեւակերպված, որ ինձ համար դժվար էլ է դրան լրջություն հաղորդելը»։ Այժմ միայն հավելեց. «Ճիշտն ասած, ինձ որոշ մարդիկ տեղեկացրին, այդ ելույթ ունեցողը մոտավորապես այնպիսի անձնավորություն է, ինչպիսին ՀՀՇ-ի Գեւորիկն է։ Ինձ թվում է, լուրջ բան չէ այդ կարգի մարդու դեմ դատարան դիմելը։ Եվ ըստ երեւույթին, արդեն դատարան չեմ դիմի»։

Վահագն Խաչատրյանը պատրաստվում էր այդ զրպարտության համար դատարան դիմել եւ հիմա էլ նշեց, որ սա դեռ իր համար վերջացած պատմություն չի. «Ըստ էության, որոշ հանգամանքներ ինձ համար դեռ վերջնականապես պարզ չեն։ Խնդիրն այն է, թե ում դեմ հայցով պիտի դիմենք, ով պիտի պատասխանատվության ենթարկվի՝ այդ ցուցակը կարդացո՞ղը, թե՞ հանրահավաքի կազմակերպիչները։ Ի վերջո, այն եզրակացությանը հանգեցինք, որ ավելի ճիշտ է իրենք փորձեն ապացուցել, որ ես մեղավոր եմ, քան ես փորձեմ ապացուցել, որ ես արդար եմ։ Մոտեցումս այսպիսին է. հանրահավաքում հայտարարություն է արվել, լրատվամիջոցներն այդ մասին հաղորդել են եւ, եթե նորմալ դատաիրավական համակարգ ունենք՝ դատախազությունը պիտի գործ հարուցեր այն մարդկանց նկատմամբ, ում վերաբերյալ հայտարարություններ են հնչել»։

Այս կրկնվող փաստարկի շուրջ նախապես հանրապետական դատախազության մամուլի խոսնակ Գուրգեն Ամբարյանին էինք դիմել՝ խնդրելով հայտնել, թե արդյոք դատախազությունը չի՞ պատրաստվում քրեական գործեր հարուցել կամ բացատրագրեր պահանջել Դաշնակցության հանրահավաքում հնչած մեղադրանքների առնչությամբ։ Գուրգեն Ամբարյանը պատասխանեց, որ դատախազությունն առանց այն էլ նշված անձանցից ոմանց վերաբերյալ գործեր է քննում եւ տվեց Էդվարդ Եգորյանի, Վահագն Խաչատրյանի, Աշոտ Բլեյանի, Պետրոս Մաքեյանի անունները։

Վահագն Խաչատրյանն այս առնչությամբ ասաց. «Ես կսպասեմ դատախազության քննության արդյունքներին։ Առայժմ ուղղակի հիշեցնեմ, որ իմ վերաբերյալ Դաշնակցության մեղադրանքները եւ այն գործը, որ իրենց վարույթում է՝ լրիվ ուրիշ բովանդակության են։ Բայց պատրաստ եմ դատախազության հետ համագործակցել եւ բոլորին ապացուցել, թե ով է ճիշտ կամ սխալ»։

Նշենք, որ Դաշնակցությանը զրպարտության համար իրավական պատասխանատվության ենթարկելու մտադրության մասին ցուցակի միայն այս անձինք էին հայտարարել (Աշոտ Բլեյանը միայն նոյեմբերի 13-ին նոր հայտարարեց, թե դիմելու է դատարան կամ դատախազություն)՝ մնացածը նախընտրել էին քաղաքական եզրահանգումները։ Նաեւ հավելենք, որ դատախազության խոսնակը չանդրադարձավ այն հարցին, թե ինչու են լռության մատնում այն անձանց վերաբերյալ հնչած մեղադրանքները, որոնց առնչությամբ քրեական գործեր չեն քննվում։ Ի դեպ, նախադեպեր կան, որ հանրահավաքի ելույթները կամ մամուլի հրապարակումները բավարար հիմք են համարվել գործեր նախապատրաստելու համար։ Իսկ այժմ, եթե ընդունենք, որ ՀՅԴ հանրահավաքում ասվածը 100 տոկոսանոց ճշմարտություն է՝ ուրեմն դատախազությունն անարձագա՞նք է թողնում պաշտոնական դիրքի չարաշահման, հափշտակումների, դրամաշորթման եւ այլնի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները եւ չի էլ փորձում անգամ դրանց վերաբերյալ բացատրություննե՞ր ստանալ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30