Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի՞թե ձեզ համար միեւնույն է

Նոյեմբեր 14,1998 00:00

Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին

Մի քանի փաստ՝

1. Դուք արհամարհեցիք մեր ժողովրդի մեծամասնության եւ ԱԺ պատգամավորների կարծիքը, ովքեր մտահոգված էին ազգային արժեք ներկայացնող Երեւանի կոնյակի գործարանի հանցավոր եւ խայտառակ օտարումը կասեցնելու գործով, իսկ արջի ծառայություն մատուցելու համար գործարանի նախկին տնօրեն Հերոյանին արժանացրիք մարզպետ դառնալու պատվին։

2. Դուք արհամարհեցիք «Ձեր ժողովրդի» այն թշվառ միամիտներին, ովքեր պաշտպանության կարիք ունեին եւ չունեին ոչ մի ուրիշ հնարավորություն, քան հայտարարել հացադուլ եւ պառկել նախագահի նստավայրի առաջ՝ արժանանալու համար գոնե մի քանի րոպե նախագահի ուշադրությանը։ Այն ժամանակ մի քիչ զարմանալի էր, այժմ չենք զարմանում, թե ինչպես կարողացաք դուք ձեր երեխաների հետ վայելել Ֆրանսիայի հարավային ափերը ողողող ծովի տաք ջրերը, երբ հայ երեխաները հացադուլի մեջ էին իրենց ծնողների հետ։

3. Դուք պահպանեցիք քար լռություն եւ չմիջամտեցիք նույնիսկ այն ժամանակ, երբ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հ. Խաչատրյանը ներկայացել էր ԱԺ՝ ստանալու պատգամավոր Նվեր Չախոյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ խորհրդարանի համաձայնությունը, երբ ժողովուրդը անթաքույց ուրախությամբ հետեւում էր իրադարձություններին, եւ երբ մտավախություն ունեցող պատգամավորները աբսուրդ փաստարկներով բոյկոտեցին քվեարկությունը, ապա գլխավոր դատախազ նշանակեցիք Աղվան Հովսեփյանին, որը 1994-ին ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ սպանության փորձ կատարած բանդայի ղեկավար Արմեն Տեր-Սահակյանին ազատ արձակեց։ 1996-ի քաղաքական աշնանը Աղվան Հովսեփյանը Կիմ Բալայանին առաջադրեց մեղադրական 3 հոդված, որոնցից երկուսը Գերագույն դատարանը դեն շպրտեց։ Հայտնի է, որ ձեր որոշումներն ու հրամանները ընդունվում են որոշակի պետական քաղաքական այրերի ցանկություններին, շահերին եւ ճաշակին համապատասխան։

4. Ձեր վարած կադրային քաղաքականությունը նախկին քաղաքականության շարունակությունն է՝ չնչին տարբերությամբ, պարզապես դեռ կուսակցություն չեք փակել եւ անհատի չեք հետապնդել։ Միեւնույն ժամանակ ժողովրդի սերն ու հարգանքը, վստահությունը վայելող մարդիկ, պրոֆեսիոնալ արժանիքներով օժտված անհատներ դուրս են մնացել ձեր տեսադաշտից։ Իսկ ՆԳ եւ ԱԱ նախարարության արհեստավարժության մակարդակի մասին, որը քաղաքակիրթ երկրներում օգնում է պաշտպանելու օրինականությունը, կարգուկանոնը, ժողովրդի եւ պետության շահերը, կարելի է դատել ընդամենը մեկ փաստով, ամիսներ շարունակ պատվերով սպանությունների մեղադրանքի կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Ռոմեն Ղազարյանը գալիս է հանրապետություն, օրը ցերեկով մասնակցում իր բարեկամներից մեկի հուղարկավորմանը եւ չի ձերբակալվում։

Մի քանի օր առաջ առավել մեծ հիասթափություն ապրեցինք ձեզ սատարող քաղաքական կուսակցություններից գլխավորի՝ դաշնակցության հրավիրած հանրահավաքին մասնակցելով։ Պարզվեց, որ ալան-թալանի ողջ ժամանակահատվածում պետության եւ իշխանության առաջին դեմքերը խոր հիպնոսի մեջ են եղել, բնականաբար, նաեւ անտեղյակ խոշորամասշտաբ կողոպուտից։ Ինձ մնում է հարցնել, դեռ ինչքան ժամանակ պետք է խուսափեք նախկին վարչախմբի եւ նախկին նախագահ Լ. Տ. Պ.-ի պաշտոնավարությանը եւ գործունեությանը քաղաքական գնահատական տալուց։ Դաշնակցության որոշ լիդերների հաջորդ հանրահավաքին ձեր ցուցումով նախորդ իշխանությունների ո՞ր էշելոնի կողոպուտների ցուցակն են ներկայացնելու, մի՞թե ձեզ համար միեւնույն է, որ զայրացած ժողովուրդը նրանց ուղղակի կարող է բզկտել։

ՍԻՄՈՆ ՎԱԹՅԱՆ

«Քաղաքամայր» հասարակական կազմակերպության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30