Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՈՔ ՉԻ ԼՍՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ

Նոյեմբեր 14,1998 00:00
datapartyal

Դատապարտյալ Հակոբ(իկ) Ավետիսյանի հուշերից

Ամիսներով ցրտից ծռված, ծնկներս գրկած, գլուխս վերնազգեստիս մեջ քաշած, ընդարմացած շրջվում էի մի կողքիցս մյուսին, որ շարժման մեջ մնամ, չհիվանդանամ-մեռնեմ ի հեճուկս դա ցանկացողների։ Երբ վերջին լաթիս կտորը պոկեցին-տարան, ընդարմացման մեջ աչքիս դեմն էր գալիս տատիս ծաղկավոր վերմակը, որից երեխա ժամանակ ծխի, խոնավության ու նաեւ մկան հոտ էի առնում եւ գաղտնի խորշում։ Իսկ այժմ ես տենչալով տենչում էի այդ վերմակը, ուզում էի, որ դա իմ Անահիտ-Անուշիկի հարսանեկանը լիներ, թեեւ նա վաղուց էր ամուսնացել եւ ես նրա հետ երբեք չէի բացատրվել։ Ես այնպես ուժգին էի տենչում, որ թվում էր, թե իրական ու շոշափելի է այն բուրումնավետ թեյով բաժակը, որ ինձ էր մեկնում Անուշիկը եւ ծածկում բաց մարմինս տատիս վերմակով… Երազելն անգամ անհնար էր։ Այն ընդհատվում էր միջանցքի ռադիոյի խլացուցիչ հնչյուններով, որ ամեն առավոտ ժամը վեցին ազդարարում էր մեր չտեսնված, չլսված ազատ ու առատ Սովետական Հայաստանի հիմնը։ Հենց այդ պահին էլ վերակացուները, գերմանական ճշտապահություն դրսեւորելով, խուժում էին խցերը եւ սկսում փայտե նառերը գամել պատերից եւ մեզ քշել սառը բետոնի վրա։ Իսկ իրենք ճարպի առատությունից ու ավելորդ կշտությունից բթացած դեմքերին խորհրդավոր արտահայտություն տալով, հոտոտում էին օդը.

– Էլի ծխե՞լ ես, մի խաբիր։ Հենց քեզ նմանների՞ն եմ տեսել։ Ինձ չես «ֆռցնի», ասա, ո՞ւր է ծխախոտդ։

– Չունեմ, չեմ ծխել։ Եթե ծխել էլ եմ, ապա անցել է, չկա։ Դրանով քեզ ի՞նչ վնաս եմ տվել, որ ողջ հերթափոխը քո հիմար ենթադրության պատճառով լցնում ես առանց այդ էլ սառած ու ծեծկված ջանիս։ Բա դու մարդ չե՞ս…

– Այ տղա, մեղք ես, լեզուդ քեզ քաշիր։ Լեզվիդ պատճառով բանտում ես սատկելու,- սրանք «ամենաքնքուշ» խոսքերն էին, որով պատասխանի էին արժանացնում ինձ։

Ես ինձ «շոյված» էի զգում, ու երբ կարցերից ինձ «զոն» էին թողնում, դա ինձ համար հավասարազոր էր ազատության։ Դա շատ կարճ էր տեւում, ավաղ, ընդամենը մի քանի օր, որովհետեւ զոնում ես տեսնում էի ահավոր անարդարություններն ու միջամտում էի՝ պաշտպանելով խեղճերին, որոնց ճնշելով, մի քանիսն աշխատում էին էժան հեղինակություն վաստակել։ Կռվիս հաջորդ ճակատը միմյանց հետ սերտորեն համագործակցող ադմինիստրացիայի պետերն ու «զոն նայողներն» էին։ Նրանք ցանկանում էին ստրկացման մեջ պահել բոլորիս։ Ես ըմբոստանում էի, որի համար էլ նրանք տանել չէին կարող ոչ ինձ, ոչ էլ իմ նմաններին եւ անմիջապես տեղափոխում էին զոնից կամ կարցեր, կամ 6 ամսով «ԲՈՒՌ»։ Իսկ սցենարն այսպիսին էր.Ընդհանուր գումարից մաս, հագուկապի վարձքը ամսվա վերջին գաղութի պետին հանձնելիս, պետը վերջում, իբր իմիջիայլոց, ասում էր.

– Էդ քյորփեն (խոսքն իմ մասին է) արդեն համը հանում է։ Երեկ էլի անմեղ տեղը հայհոյել է հսկիչ այսինչին։ Ձեր խաթրու է, որ բանտային չեմ ուղարկում, թողնում եմ, որ լռեցնեք…

Ինձ կանչում են, որ լռեցնեն։ Ես չեմ գնում։ Իրենք են գալիս ու գոռում.

– Ինչո՞ւ ես «պալաժենին» խախտում։

– Դա «մենթերի» պալաժենին է,- ասում եմ ես,- ինչո՞ւ եք կարծում, որ բոլորս կույր ենք ու չենք տեսնում ձեր արարքները։ Ախար, դուք մի ծռված մեջքս դզելու էլ ընդունակ չեք։

Եվ այսպես, խոսքը վերածվում է կռվի։ Մի երկու ժամ հետո մի ուրիշ, ավելի զորեղ հսկիչ է գալիս եւ ձեռքը բերանս կոխելով գոռում.

– Ինչո՞ւ մազերդ խուզած չեն։

Կամ մի այլ բան կասեն, ես կպատասխանեմ, եւ նորից ինձ կտանեն ԲՈՒՌ՝ հետն էլ վարկաբեկելով, որ դուրս է իմ գողական, մաքուր ապրած կյանքի «ռամկեքից»։ Եթե ես լռեի ու չտեսնելու տայի իրենց արարքները, ապա ես էլ իրենց հետ կլինեի։ Բայց քանի որ այդպես չէ, ուրեմն ես իրենց դեմ եմ, այսինքն՝ անարդարության, անմարդկայնության դեմ եմ։ Ես շատ մեծ դժվարությամբ իմ էության մեջ եմ ներմուծում անմահ ուժերի հովանավորությունը, որովհետեւ ոչ ոք չի կամենում լսել ինձնից դուրս հորդող արդարության ձայնը։ Եվ ես ամփոփվում եմ ինքս իմ մեջ, բայց եւ ուզում եմ հագուրդ տալ ձեր հարցասիրությանը։ Ուզում եմ, բայցեւ մի բան եմ խնդրում ձեզնից։ Հայաստանի բոլոր կալանավայրերում գտնվող որեւէ հեղինակություն՝ «ավտարիտետ», որ անկիրթ է, տանջված, ինչպես ես, եթե կարողանա բացատրել այդ «հագուրդ» բառի իմաստը, ապա ես խոստանում եմ շատ բան պատմել ձեզ… կամ՝ մի ուրիշ օրինակ բերեմ, որից դուք կեզրակացնեք, թե ես ինչպիսի մարդկանց շրջապատում եմ նստում եւ ինչ վիճակում եմ գտնվում։ Դեկտեմբերի սկզբներին էր, ծրագիր ենք կարդում, մեկ էլ ասին կինոֆիլմ պետք է լինի՝ «Իրազեկը» վերնագրով։ Հիմա մեկը մյուսին հարցնում է, թե դա ինչ է նշանակում։ 120 հոգուս մեջ մեկն իրեն կարդացած ու խելացի էր համարում եւ ասաց. «Ես հաստատ գիտեմ, որ դա դատարանային բառ է»։

Մյուսն էլ ասաց, որ դա նշանակում է իրականությունից զուրկ։ Մի ուրիշն էլ իրեն բոլորիցս գիտակ համարելով ասաց. «Ախպեր, ինչ կա չհասկանալու։ Իրազեկ նշանակում է իրա զեկը, այսինքն՝ իրա կալանավորը»։ Իսկ ես լռում եմ՝ մտածելով, թե ում հետ եմ կյանքիս ճամփան անցնում։ Առայժմ իմ ճակատագիրն այսպիսին է. հասկանալ, խորապես տանջվել ու ինքնակամ ստրուկ չդառնել։ Դրա համար մարդիկ ինձ չեն աջակցում։ Ես ստիպված ընկերություն եմ անում խուցս ներս ու դուրս անող կենդանիների, հատկապես առնետների հետ, որոնք ի հակադրություն բանտապահների, շատ անգամներ են փրկել ինձ ստույգ մահից։ Մի անգամ փախուստ անելուց բռնվեցի եւ, որպեսզի չավելացնեն, ընկա շառուշուռի հետեւից, հացադուլ հայտարարեցի։ 12 օր չկերա։ Դռանս վրա կրկնակի փականք դրեցին, կնքեցին։ Դժվարը առաջին հինգ օրերն էին, հետո արդեն սով չէի զգում։ Բայց կռիսներս չթողեցին, որ ես սովից մեռնեմ։ Կարցերի շենքի հսկիչների տեղամասից նրանք իրենց դնչիկներով բերում էին պերաշկու, երշիկի մնացորդներ, չորացած հացի կտորտանքներ։ Գուցեւ աղբանոցից էին բերում։ Դա ինձ համար կարեւոր չէր։ Ես նրանցից չէի զզվում։ Ես ավելի շուտ մարդկանցից եմ զզվում եւ նրանց սպասքից երբեք չեմ օգտվել։ Ես հաճույքով ուտում էի կռիսների բերածը՝ զգալով, որ նրանք հոգատար են իմ նկատմամբ…

Շարունակելի

Թ. ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30