Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈԿԱ ԿՈԼԱՆ» ՀԱՐԳՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Նոյեմբեր 14,1998 00:00
cola

Ինչի համար են մարդիկ գնում «Կոկա կոլա», «Սփրայթ» կամ «Ֆանտա». զովացուցիչ հյութ խմելո՞ւ, Արիզոնայով ճանապարհորդելո՞ւ, թե՞ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու կամ այլ թանկարժեք մրցանակներ շահելու համար։ Կարելի է վիճել, սակայն փաստ է, որ այդ ըմպելիքները գնելուց եւ խցանը հանելուց հետո, մարդիկ գերադասում են սկզբում տեսնել խցանին գրված թիվը, ապա փորձել շշի պարունակությունը։

Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղի մասին դեռեւս օրենք չկա, սակայն գործում է վիճակաղեր անցկացնելու ժամականավոր կարգ։ Այդ կարգի երկրորդ հոդվածը սահմանում է. «Վիճակախաղ է այն վիճակախաղը, որն իրականացվում է խաղարկությամբ եւ հանրայնորեն։ Ակնթարթային է այն վիճակախաղը, որի տոմսի սեփականատերն այն ձեռք բերելուց հետո անմիջապես կարող է որոշել տոմսը շահող է, թե՝ ոչ»։ Այժմ փորձենք պարզել, ինչ տարբերություն կա դասական ակնթարթային վիճակախաղի տոմսի եւ «Կոկա կոլա» ընկերության խցանների միջեւ։ Մեր կարծիքով, ոչ մի էական տարբերություն, բացի նրանից, որ առաջինները տպված են թղթի վրա, իսկ երկրորդները՝ մետաղյա թիթեղի։ Երկու դեպքում էլ անմիջապես կարելի է որոշել տոմսը շահող է, թե՝ ոչ։ Սա, իհարկե, մեր կարծիքով, սակայն ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վիճակախաղերի վարչության պետ Սուրեն Զալինյանը գտնում է, որ «Կոկա կոլա», «Կոտայք» ընկերությունների կողմից անցկացվող խաղարկությունը վիճակախաղ չէ եւ, բնականաբար, ենթակա չէ արտոնագրման։

Ըստ պրն Զալինյանի, «Կոկա կոլա» ընկերությունը նման խաղարկություն անցկացնում է իր շահույթների հաշվին, իսկ խաղարկությունը չի ազդում «Կոկա կոլայի» գնի վրա։ Խաղարկությունում գտնվող ապրանքներն ընկերությունը գնում է իր շահույթների հաշվին։ Իմ հարցին, թե որտեղից իրենք գիտեն, որ գինը չի բարձրանում, պրն Զալինյանը որեւէ կոնկրետ պատասխան չտվեց, եւ միայն ասաց, որ իրենք «Կոկա կոլա» ընկերության այս խաղարկությունը չեն արտոնագրում կառավարության 161 որոշման համաձայն։ Այս որոշումն ընդունվել է 1991 թ. մարտի 5-ին եւ ստորագրել է նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Սակայն այս որոշումը միայն սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության կարգը, եւ առանձնացնում գործունեության այն տեսակները, որոնք ենթակա են արտոնագրման։ Այդ ցանկում նշված է, որ ֆինանսների նախարարությունը պետք է արտոնագրի բոլոր կարգի վիճակախաղերի կազմակերպումը եւ անցկացումը։ Սակայն այս որոշումից այդպես էլ պարզ չդարձավ, թե «Կոկա կոլայի» անցկացվող խաղարկությունը վիճակախաղ է, թե ոչ։

«Կոկա կոլա» ընկերությունում մարքեթինգի բաժնի ղեկավար Նաիրան մեզ պարտավորեցրեց չնշել ոչ մի ազգանուն, քանի որ իրենց ընկերության ռազմավարությունը թույլ չի տալիս առանց ղեկավարի թույլտվության խոսել։ Օրիորդ Նաիրան նույնությամբ կրկնեց Սուրեն Զալինյանի փաստարկները։ Որ սա վիճակախաղ չէ, սա ընկերությունը կազմակերպել է սեփական եկամուտների հաշվին, ավելի շատ գովազդային արշավ է, քան որեւէ եկամուտ ստանալու նպատակ։ Մինչդեռ օրիորդ Նաիրան միտումնավոր փորձում է գովազդը տարանջատել շահույթ ստանալուց, նա որպես լավ շուկայագետ պետք է հասկանա, որ գովազդը ինքնանպատակ չէ, այլ հետապնդում է շահույթ ստանալու նպատակ։ «Մենք ե՛ւ խաղարկությունների ժամանակ, ե՛ւ խաղարկություններից հետո մեր ընկերության արտադրանքը վաճառում ենք նույնպիսի գնով՝ 86,25 դրամ, այսինքն խաղարկությունները չեն ազդում ապրանքի գնի վրա»,- բացատրում է օրիորդ Նաիրան։

Փորձենք ուսումնասիրել այս տարվա օրինակը։ Վաճառքի համար լավագույն պիկում՝ Ամանորի տոնակատարությունների ժամանակ եւ դրանից հետո, ընթանում էր Արիզոնայով ճանապարհորդություն խոստացող խաղարկությունը։ Ապա սկսվեց եւ մոտ 3 ամիս շարունակվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու հեռանկար խոստացող վիճակախաղը։ Իսկ օգոստոսի 1-ից սկսվել է «Անկրկնելի զովություն, բանալին խցանի տակ» վիճակախաղը։ Այսպիսով, տարվա մեծ մասը, մոտ 10 ամիս, «Կոկա կոլա» ընկերությունը անցկացրել է վիճակախաղեր։ Եվ մեզ մնում է զարմանալ, թե ինչու չէր իջնում ըմպելիքի գինը վիճակախաղերի միջեւ ընկած կարճ ժամանակաշրջանում։ Մեկ հանգամանք եւս։ «Կոկա կոլա» ընկերությունը մշտապես խախտել է վիճակախաղերի անցկացման ժամկետները։

«Անկրկնելի զովություն» վիճակախաղի ավարտը նշված է մինչեւ հոկտեմբերի 10-ը, սակայն այսօր դեռեւս շարունակվում է թե՛ գովազդը եւ թե՛ այդ վիճակախաղի տարբերանշաններով ըմպելիքների վաճառքը։ Վիճակախաղի կարգի մասին 27 հոդվածը սահմանում է «Խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը հերթական խաղարկությունից ոչ ուշ, քան մեկ օր առաջ պարտավոր է իրացնող կազմակերպությունից հետ վերցնել չիրացված վիճակախաղի տոմսերը եւ լիազորված մարմնի սահմանած կարգով ստեղծված հատուկ հանձնաժողովի միջոցով հաշվառել ու ոչնչացնել դրանք։ Ակնթարթային վիճակախաղի կազմակերպիչը խաղարկության ավարտից հետո 5-օրյա ժամկետում պարտավոր է իրացնող կազմակերպությունից հետ վերցնել վիճակախաղի չիրացված տոմսերը եւ լիազորված մարմնի սահմանած կարգով ստեղծված հատուկ հանձնաժողովի միջոցով հաշվառել եւ ոչնչացնել դրանք»։ Ժամկետները խախտելու հարցին օրիորդ Նաիրան ասաց, որ իրենք ուշ են վերջացնում խաղարկությունը, քանի որ այն ուշ են սկսել։ Բայց ամենակարեւորն այն է, որ նա շատ լուրջ սպառնաց վիճարկել մեր հրապարակումը, եթե այն ուղղված լինի ընկերության դեմ։ Հուսով եմ, որ իմ հրապարակումը ոչ մեկի դեմ ուղղված չէ:

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ. Գ. Ընկերության գլխավոր հաշվապահը խոստովանեց, որ իրենց մոտ եւս նման հարց է առաջացել՝ վիճակախաղ է դա, թե ոչ, բայց իրենց իրավաբան, արդարադատության նախկին նախարար Վահե Ստեփանյանն իրեն ասել է՝ ոչ, վիճակախաղ չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30