Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես ինձ չեմ խայտառակել, ուրիշները չեն կարող»

Նոյեմբեր 14,1998 00:00
ashot bleyan

Գտնում է «խարակիրի» արած Աշոտ Բլեյանը

«Օրագիր» թերթի այս անգամվա հյուրն էր «Նոր ուղի» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ Աշոտ Բլեյանը։ Թե ինչու 1992 թ.-ից գործող այդ կազմակերպության «գաղափարախոսությունը մի տեսակ աղանդի» ձեւով է հանդես գալիս, փորձեց պարզել «Օրագիր»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։ Փորձն անհաջող էր, քանզի Աշոտ Բլեյանն ավելի ճիշտ համարեց, որ այս հարցին լրագրողները պատասխանեն։ Լիբերալ-դեմոկրատական հնարավոր դաշինքի մասին խոսակցություններում, տարբեր կուսակցությունների հայտարարություններում «Նոր ուղի»-ն բացակայում է, սակայն ոչ այն պատճառով, որ Աշոտ Բլեյանը «խուսափում է, շփվող չէ»։

Ընդհակառակը, տիար Բլեյանը շարունակում է լավ հարաբերությունների մեջ մնալ տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ։ «Մեր ողբերգությունը մեր գրագետի, տվյալ դեպքում, կուսակցական գործչի մեջ է։ Մեր այսօրը Ղարաբաղյան շարժում անունը կրող քաղաքական ուժի պարտության արձանագրումն է։ Կունենա՞ն այդ մարդիկ (ՀՀՇ-ի եւ նրանից սերած կուսակցությունների ղեկավարները- Ա. Գ.) այնքան խիզախություն, որպեսզի բարձրաձայն ասեն այդ մասին»։ Տիար Բլեյանը գտնում է, որ դա անսկզբունք համաձայնությունների գնալուց, ինչպիսին համարում է «Հանրապետություն» բլոկը, ավելի դժվար է։ Եղած դաշինքները Աշոտ Բլեյանը «անլուրջ» է համարում եւ իր համար «վիրավորական»՝ դրանց մեջ լինելը։ Փոխարենը նա երեք սկզբունքներ ամրագրող մի նոր դաշինքի առաջարկությամբ հանդես եկավ, որը կոչվում է «Քաղաքացիական համաձայնություն»։

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Նոր ուղին» անպատճառ կմասնակցի, քանի որ դրանք միջոց են սկզբունքները հաստատելու։ Ըստ Աշոտ Բլեյանի, Հայաստանում այժմ բացակայում է պետական կարգը։ Իսկ տիար Բլեյանի ամենահետաքրքիր հայտարարությունը վերաբերում էր Հայաստանի «ստվերային իշխանությանը»՝ Վազգեն Սարգսյանին։ Ըստ նրա, անհրաժեշտ է, որ պաշտպանության նախարարի «փաստացի իշխանությունը լեգալացվի՝ նաեւ պատասխանատվությունը ստանձնելու համար»։ Աշոտ Բլեյանի կարծիքով, այժմ կա երկու կառավարություն՝ Վազգեն Սարգսյանի եւ Արմեն Դարբինյանի։ Նա Հայաստանի քաղաքական դաշտում հնարավոր փոփոխությունների մասին խոսեց, սակայն բացառեց իր ներկայությունը պետական կարգում, «որովհետեւ ուզում եմ, որ հանրապետությունը մի նախագահ եւ մի վարչապետ ունենա»։

Հարցեր եղան նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող ստուգումների մասին։ Այդ հարցերի պատասխանները նոր չէին «Առավոտ»-ի ընթերցողների համար։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30