Երեկ ԱԺ-ում հրավիրված բրիֆինգին Արշակ Սադոյանը կոչ արեց լրագրողներին մթնոլորտ ստեղծել էլեկտրաէներգիայի սակագների քննարկման նպատակով ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ Ինչպես եւ միշտ լինում է Արշակ Սադոյանի դեպքում, հարցը ներկայացվեց բավական խորքից եւ կրկնություններով՝ Սեւանի մակարդակը իջել է, էներգետիկների բանակը ԽՍՀՄ-ի ժամանակներից երեք անգամ մեծացել է։
4 տարի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրական ցանցեր եւ համակարգեր բաժնում սովորած Արշակ Սադոյանը 4-րդ իշխանության լուրջ գործերից կհամարի, եթե համատեղ «կարողանանք ստիպել վայ-արհեստավարժներին՝ իրենց կերած փողերը ժողովրդի հաշվին չմտցնեն գանձարան»։ Իսկ «նշանակովի ԱԺ» պատգամավոր Արշակ Սադոյանը կոչ արեց ձեւավորել «դիրքից դողացող իշխանություն», որը ոչ թե կվայելի իր իշխանությունը, այլ կծառայի ժողովրդին։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ժամանակի պահանջ ներկայացնելու փորձերը, ըստ պրն Սադոյանի, «ձեւ, շոու, ցուցադրություն են», որին իր մասնակցությունը իմաստ չուներ։
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ