Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ «Երկրապահին», ո՛չ էլ միասնականին

Նոյեմբեր 14,1998 00:00
Aleqsandr Agamalyan

ԳիԱրՔՄի-ն համամասնական եւ մեծամասնական ընտրահամակարգերի 70/30 կամ, ծայրահեղ դեպքում՝ 60/40 հարաբերակցության կողմնակից է։ «Երկրապահների առաջարկած թվերը միանգամայն անընդունելի են»,- ասաց ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը։

«Բայց մենք ոչ մի տարբերակի կողմնակիցն էլ չենք։ Ճիշտն ասած, համոզված ենք, որ քաղաքական ընտրանու 90 տոկոսն ուղղակի ամբողջությամբ չի էլ կարդացել եւ ոչ մի տարբերակի տեքստը։ Այլապես կնկատեին, որ երկու նախագծերում էլ այնպիսի կոպիտ, լեզվական, տրամաբանական եւ այլ սխալներ են առկա, որ ուղղակի անթույլատրելի է դրանք ԱԺ-ի հաստատմանը ներկայացնել։ Երկու նախագծերում էլ մեզ համար միանգամայն անընդունելի դրույթներ կան։ Իսկապես, վատի եւ վատթարի միջեւ ընտրության առաջ ենք, որը միշտ որեւէ լավ բանի չի հանգեցնում։

Ասենք, հանձնաժողովների ձեւավորումը մեկը պատկերացնում է պետության ներկայացուցիչների միջոցով։ Եվ պարզ չէ, թե դա ինչպես է լինելու եւ ինչու, բայց ակնհայտ է, թե դա ում օգտին է եւ, որ անհավասար պայմաններ է ստեղծելու։ Իսկ միասնական տարբերակով էլ առավելություն են ստանում ԱԺ-ում ներկայացված կուսակցություններն ու բազմիցս նշվել է սրա աննպատակահարմարությունն այն պայմաններում, երբ ԱԺ-ն քաղաքական ուժերի իրական պատկերը չի արտացոլում։

Մեր առաջարկը շատ հստակ է՝ հաշվել ենք, որ վերջիվերջո ընտրություններին 15-ից ավելի կուսակցություններ կամ միավորումներ չեն մասնակցի։ Հայտեր կներկայացնեն 30-ը, կգրանցվեն 20-ը, մի քանիսն էլ ստորագրությունների քանակը չեն ապահովի կամ ընտրագրավը չեն մուծի եւ 15-ից ավելին չի լինի։ Էլ ինչի՞ համար է այս իրարանցումը. բոլոր այն կուսակցությունները, որոնք կգրանցվեն ընտրություններին մասնակցելու համար՝ պիտի հանձնաժողովներում տեղ ստանան։

Ընտրագրավների եւ ստորագրությունների քանակը, մեր կարծիքով, շատ ուռճացված է։ Առավելություն է տրվում այն կազմակերպություններին, որոնք ֆինանսական եւ կազմակերպական ավելի շատ լծակներ ունեն։ Այդ թվերը պիտի զգալիորեն իջեցվեն՝ հավասար պայմաններ ապահովելու համար այն կուսակցությունների համար էլ, որոնց առավելությունը, կներեք, նրանց ծրագիրն է եւ որակը։

Երկու նախագծում էլ այն հին դրույթն է պահպանվել, որ բոլորին դեմ ձայները չեն հաշվառվում։ Ընտրողների 90 տոկոսը կարող է այդպես քվեարկել, եւ դա ոչինչ չի նշանակի՝ պատգամավորները ընտրված կհամարվեն՝ սա բոլորովին տրամաբանական չէ։

Բազմաթիվ նման հարցեր կան։ Եվ կարծում ենք, որ մի նոր տարբերակ պիտի մշակվի (գուցե առկա նախագծերը հաշվի առնելով)։ Եվ Քաղաքական խորհուրդն էլ հնարավորություն ունի այստեղ միջնորդի դեր ստանձնել՝ ներգրավելով քաղաքական այն բոլոր ուժերին, որոնք մասնակցելու են ընտրություններին՝ կարելի է բանակցել եւ բոլոր կնճռոտ հարցերը բացառել։

Իսկ եթե կողմերից մեկը գնա հարցերը «կոճակային» տարբերակով լուծելու ճանապարհով՝ ապա մի անգամ էլ տեղապտույտ կարվի։ Արդեն նման դառը փորձ ունենք, թե այդ ամենն ինչի է հանգեցնում»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30