Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԻՆՉՈ՞Ւ ԲԱԽՎԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Նոյեմբեր 14,1998 00:00
sahmanadrutyun

Սահմանադրական դատարան ուղարկված ՀՀ նախագահի դիմումը խնդիր ուներ պարզել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 71 հոդվածի 8-րդ կետի եւ 93 հոդվածի 4-րդ կետի Սահմանադրության համապատասխանության հարցը։ ՀՀ նախագահի լիազոր-ներկայացուցիչն այս գործում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էր։ Պատասխանող կողմ էր ճանաչվել ԱԺ իրավաբանական ծառայության պետ, պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանը։ Ընդ որում, գործում առկա էր նաեւ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի որոշման տեքստը, ըստ որի փաստվել էր Սահմանադրության 38 հոդվածի 2-րդ մասի խախտման հանգամանքը, այն է. յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ եւ օրենքով իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունքը եւ որ «ամրագրված իրավունքների պաշտպանությունը նախապայմաններ չի կարող ունենալ»։ Սա էլ հանձնաժողովի գնահատականն է եղել՝ ուղղված ՀՀ նախագահին։

Փաստորեն, բավականին վիճահարույց մեկնաբանությունների տեղիք տվեց վերոնշյալ օրենքի 71 հոդվածի 8-րդ կետը, որով սահմանված էր բաժնետերերի դատական կարգով գանգատարկելու իրավունքը «իրավական ակտերի եւ ընկերության կանոնադրության պահանջների խախտմամբ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշման» դեպքում, երբ նշված որոշմամբ խախտվել են նրա օրինական շահերն ու իրավունքները։ «Դատարանն իրավունք ունի ուժի մեջ թողնել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, եթե այդ բաժնետերերի քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, թույլ տված խախտումները էական չեն եւ որոշումը վնաս չի պատճառել բաժնետիրոջը»։

Պարզվեց, այս հոդվածը Սահմանադրության հետ չուներ եւ հակասում էր նրա «իշխանամետ» բովանդակությանը։ Ինչ վերաբերում է 93 հոդվածի 4-րդ կետին, «ընկերությունը կամ ընկերության բաժնետերը (կամ հոգնակի տերը), որը (էլի հոգնակի տերը) համատեղ տնօրինում է (կամ՝ են) ընկերության տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի մեկ եւ ավելի տոկոսին, իրավունք ունեն ընկերության խորհրդի անդամների, ընկերության գործադիր տնօրենի, ընկերության վարչության անդամների, ինչպես նաեւ կառավարիչ կազմակերպության եւ անհատ կառավարչի դեմ հայցով դիմել դատարան՝ ընկերությանը պատճառած վնասների, փոխհատուցման պահանջով»։

Այս հոդվածն էլ ՍԴ երեկվա նիստի որոշմամբ չէր հակասում դեռ գործող Սահմանադրությանը։ Պատասխանող կողմ ճանաչված Վլադիմիր Նազարյանը պաշտպանեց վերոնշյալ հոդվածների Սահմանադրական լինելու «կանխավարկածը», հետեւաբար, ԱԺ «թասիբը քաշեց», գտնելով, որ ընդամենը ձեւակերպումների անհրաժեշտություն կար, բայց ոչ՝ դատական իրավունքի պաշտպանության սահմանափակում կամ խախտում։ Նա չբացառեց, որ հակառակ դեպքում դատական առանձին ատյաններ կստեղծվեն, որոնք կզբաղվեն բաժնետիրական ընկերությունների վեճերով… Նա նշեց նաեւ, որ նոր օրենքով աուդիտի իրավունք կտրվի ընկերության այն անդամներին, որոնք տնօրինում են սովորական բաժնետոմսերի ոչ թե 1%-ին, այլ 10%-ին. «Չի կարելի ձեռնարկատիրական ռիսկը կոմպենսացնել դատական համակարգի հաշվին». ձեւակերպումն այսպիսին էր։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30