Վարչապետն «այո» ասաց իր իսկ կողմից կազմված 1999 թվականի բյուջեին եւ պատգամավորական խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ սպառնաց, որ այդ բյուջեն չհավանող կուսակցությունների դեմ կիրառելու է տնտեսական պատժամիջոցներ: Դրանով իսկ պրն Դարբինյանն անուղղակիորեն հաստատեց, որ մեր կուսակցություններն իրականում տնտեսվարող սուբյեկտներ են /ինչը օրենքի խախտում է/, իսկ նա այդ սուբյեկտների դեմ /նույնպես ապօրինաբար/ պայքարելու է տնտեսական մեթոդներով:
ԱԺ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
Զգալիորեն «դեմոկրատացած» խորհրդարանական ընդդիմությունը /նախկին իշխանությունը/ «այո» ասաց ՆԳ եւ ԱԱ նախարարության տարանջատմանը: Սույն նախարարության ղեկավարությունը, բնականաբար, այդ տրոհմանն ասաց՝ «ոչ»: Մինչդեռ, ըստ որոշ չստուգված լուրերի, պետավտոտեսչության տեսուչները եւ Ռամկավար ազատական կուսակցությունը նշված նախաձեռնությանն ասելու է «եսիմ»:
ՆՈՐ ԿԱԼԵԴՈՆԻԱՅԻ ԱԲՈՐԻԳԵՆՆԵՐԸ
Կարդացեք նաև
Շաբաթվա սկզբին տեղի ունեցած հանրաքվեում, կալեդոնական Լորիս Ճգնավորյանի համառ քարոզչությունից հետո, նրանք «այո» ասացին երկրի անկախությանը: Սակայն նոր կոլեդոնացիների բուռն ուրախությունը կարող է կարճատեւ լինել: Տեղեկություններ կան, որ Վոիսլավ Շեշելը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Աղասի Արշակյանը ծրագրեր ունեն նորանկախ Կալեդոնիան ներգրավելու Ռուսաստան-Բելառուս միության մեջ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ