Բոլոր այն տասնմեկ կուսակցությունները, որոնք համախմբվել էին ընտրական օրենսգրքի միասնական տարբերակի շուրջ, իրենց ներկայացուցիչներին ուղարկել էին լրագրողներին հայտնելու, որ «Երկրապահը» վերջնականորեն «քաշեց» իրենց։
Էդվարդ Եգորյանը մանրամասն ներկայացրեց միասնական տարբերակի հեղինակների եւ «Երկրապահ»-ի բանակցությունների ընթացքն ու հատկապես ավարտը։ Բանակցությունների ընթացքում բացահայտվել է նաեւ «մշուշապատ խոսքերի մասնագետ» Խոսրով Հարությունյանի մետամորֆոզը՝ բանակցությունները վարողից՝ «Երկրապահ»-ի տարբերակ ներկայացնողի։
Հիշեցնենք, որ միասնական տարբերակի հեղինակներին համախմբել էին ընտրական հանձնաժողովների, ընտրական ցուցակների, բանակի եւ համամասնական-մեծամասնական դրույթները։ Բանակցությունների ընթացքում մի քանի անգամ տարբեր առաջարկություններ անելով եւ մերժվելով, միասնականի հեղինակները հայտարարում են, որ իրենք չեն տեսնում, թե ինչու պիտի հավանեն այն դրույթները, որոնք նախկին օրենքում կային եւ լուրջ խախտումների հնարավորություն էին տալիս։ Եվ քանի որ չեն ուզում «քող հանդիսանալ», անիմաստ են համարում այդ ձգձգվող բանակցությունները։
Երկրապահ Սմբատ Այվազյանը հայտարարել էր, որ միասնականի հեղինակների հետ կբանակցեն նախագծերից որեւէ մեկը հիմք ընդունելուց հետո։ Սա, ըստ պրն Եգորյանի, նշանակում է ընդամենը ժամանակ շահել՝ բանակցելու քողի տակ։ Էդվարդ Եգորյանի ունեցած տեղեկատվությամբ, վաղուց նրանք (ընտրական օրինագծի իշխանամետ նախագծի հեղինակները) արդեն ունեն մաժորիտար ընտրատարածքների պատգամավորների ցուցակները։ Թե ինչ կանեն իրենք, եթե ընդունվի «Երկրապահ»-ի տարբերակը, միասնականները դեռ չեն քննարկել, բայց «տուն չեն գնա եւ քնի»։
Կարդացեք նաև
Ա. Գ.