Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԵՐՎԱՅԻՆՆԵՐԻՆ ԽՆԴՐՎՈՒՄ Է ՉՆԱՅԵԼ

Նոյեմբեր 13,1998 00:00
strip

Ինչ խոսք, վերջին տարիներին մեզ մոտ բարքերն ազատականացվել են։ Ում մտքով ինչ անցնում է՝ անում է։ Ես էլ մտածեցի, օրինակ, ինչու մի լրագրողական հարցում չանցկացնեմ՝ պարզելու համար Երեւանի քաղաքացուհիների տեսակետն այն մասին, թե ինչպես կվերաբերեն այն հարցին, որ Երեւանում հանկարծ տղամարդկանց սթրիփթիզ-շոու բացվի։ Համեմատության համար ասեմ, որ լավ թե վատ, շատ թե քիչ, Երեւանում կանանց սթրիփթիզ-շոուներ եղան։

Հայ տղամարդիկ թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս նման «зрелищя»-ի ականատես եղան, իսկ «խեղճուկրակ» հայ կանանց աչքը ջուր կտրեց։ Ինչ վերաբերում է արտասահմանյան փորձին, ասեմ, որ 200-ամյա ազատության խորհրդանիշ Ամերիկայում միայն վերջին տարիներին փորձ արվեց բացել տղամարդկանց սթրիփթիզ-շոուներ։ Հետաքրքիր է, որ աչքները կուշտ ամերիկուհիները անթաքույց հաճույքով են գնում նման շոուների։ Իսկ թե ինչպիսի՞ն է մեր կանանց կարծիքը՝ ներկայացնում ենք ստորեւ։

Ռուզան – Անհրաժեշտ է, որովհետեւ վայրի չտեսության գործոնը հետզհետե կվերանա եւ տղամարդկանց նայելուց կանայք հիվանդագին ցնցումներ չեն ունենա։

Գալյա – Ես չեմ գնա, ավելի լավ է ես այդ ամենը տեսնեմ առավել ինտիմ պայմաններում։

Գայանե – Ոչ մի կերպ։ Ոչ կգնամ, ոչ էլ կվատաբանեմ։ Կարծում եմ, գեղագիտական տեսարան չի լինի։

Կարինե – Վատ, շատ վատ։ Ես չեմ ընդունում։

Պայծառ – Նորմալ, բայց ինքս չեմ գնա։

Անուշ – Ոչ մի կերպ, որովհետեւ չեմ կարծում, թե դա որեւէ վերաբերմունքի արժանի է։

Նառա – Նորմալ կվերաբերեմ, թե անհրաժեշտ գումար ունենամ՝ կգնամ։ Ինչո՞ւ կանանց սթրիփթիզ կարող է լինել, իսկ տղամարդկանց՝ ոչ։ Մանավանդ որ, արտասահմանյան երկրներում շատ ընդունված է նման սթրիփթիզ- շոուները եւ որքան ինձ հայտնի է, այնտեղ կանանց մուտքն անվճար է եւ միայն տղամարդիկ են վճարում տղամարդկանց սթրիփթիզների համար։ Թեպետ չեմ կարող հավատալ, որ երբեւէ Հայաստանում նման շոու գործի։

Լյուդա – Ես կարծում եմ՝ Հայաստանում վաղուց արդեն գործում են տղամարդկանց սթրիփթիզ-շոուներ։ Եթե նկատի ունենանք, որ սաունաներ հիմնականում տղամարդիկ են այցելում, կնշանակի իրենք իրենց համար ու նաեւ եզակի կանանց համար սթրիփթիզներ են կազմակերպում։

Ժաննա – Սովորական, բայց ինքս երբեք չեմ գնա։

Արմինե – Նորմալ եմ վերաբերում, քանի որ տղամարդկանցով էլ հետաքրքրվողներ կլինեն եւ, ի վերջո, որոշ տղամարդիկ այլեւս Կարապի լճի մոտ չեն հավաքվի։

Արեւ– Ինձ կանանց սթրիփթիզն էլ դուր չի գալիս, դրա մեջ արհեստական պահ կա։ Ես կարծում եմ, որ մի կինը գոնե այդ իրավիճակում պետք է հանվի մի տղամարդու համար, եւ հակառակը։

Մարգարիտ – Ընդհանրապես դեմ եմ ամեն տեսակի ցուցադրական մարմնավարժանքների։ Գուցե հնաոճ թվա, բայց ամեն անգամ, երբ ստիպված եմ մարմնի (նաեւ հոգու) մերկություն դիտել, սրտխառնոց եմ զգում։ Ամեն ինչի խորհրդավորն է հետաքրքիր։

Հասմիկ – Քանի որ միշտ կանանց սթրիփթիզ է եղել, ինձ թվում է արդեն դա հետաքրքիր չի, իսկ տղամարդկանցն ավելի հետաքրքիր կլինի՝ դա ավելի վայրի է։

Սաթիկ – Հետաքրքիր է, որ լինի, լավ կլինի, որ լինի։ Թեկուզ այն բանի համար, որ ազգային մենթալիտետի վրա դա լավ իմաստով կազդի։ Հետո էլ, թող մեր տղամարդիկ իրենց փրչերը ցույց տան, իրենք իրենց կողքից տեսնեն։ Երբ որ տեսնեն, ինձ թվում է կսկսեն հետեւել, ուշադրություն դարձնել իրենց մարմնի մասերին։ Իհարկե, լավ կլինի, որ հետո այդ սթրիփթիզ -շոուն ցուցադրվի նաեւ ուրիշ պետություններում, այդպիսով շուկա կձեւավորվի, հատկապես ՌԴ-ում։ Դրանով պետբյուջեն կլցվի, ազգի համար մի քիչ գործ կանեն, էլի։ Բայց ամեն դեպքում հույս ունեմ, թե կհասնենք դրան, լավագույն դեպքում հոմոսեքսուալիստները կգնան, այն էլ մի քանի տարի հետո։

Անահիտ – Ցանկացած երեւույթ, եթե մարդը դրա կարիքն ունի եւ դրա իրականացումը չի խանգարում մյուսների ազատությանը, ապա ընդունելի է։ Չգիտեմ, ինքս կգնա՞մ, թե՞ ոչ, բայց նորմալ եմ ընդունում։

Նարինե – Այդ տեսակ երեւույթներին ես շատ ազատ եմ վերաբերում, պարզապես մեր հայ տղամարդկանց չեմ պատկերացնում այդ դերում։ Այ, եթե դրսից գան ու հատկապես սեւամորթներ՝ հաճույքով կտրվեմ վայելքներին։

Մարի – Եթե հաջողվի Հայաստանում կազմակերպել իսկապես սթրիփթիզ-շոու, կգնամ հաճույքով, քանի որ մարմնի գեղեցկությունը միշտ էլ վեր է ամեն տեսակ գեղեցկություններից։ Մանավանդ, երբ այն մատուցվում է գեղագիտական ձեւի մեջ։ Իհարկե, ես համոզված եմ, որ հայ տղամարդկանց սթրիփթիզ չի լինի, ոչ թե այն պատճառով, որ հանվողներ չեն լինի, այլ այն, որ նրանց գնդակահարողները շատ կլինեն։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30