Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՐԵՏԵՆԿԱ»-ԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԽԱԲԵ՞Լ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՁԳՁԳՎՈՒՄ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Նոյեմբեր 13,1998 00:00
qimprom

Թե ինչ է նշանակում քիմիան Հայաստանի համար, թերեւս ավելորդ անգամ նշելու հարկ չկա։ Գաղտնիք չէ, որ որոշ քաղաքներ, ինչպիսիք էին Ալավերդին եւ Կիրովականը, ամբողջապես կախված էին տեղի քիմիական հսկաներից։ 1988 թ. երկրաշարժից անմիջապես հետո կանգնեցվեցին Կիրովականի քիմիական գործարանները, հազարավոր մարդիկ գործազրկության մատնվեցին։ Միութենական նշանակության գործարանները մոռացվելով, քիչ անց թեւակոխեցին խողովակ առ խողովակ վաճառվելու «շուկայական» փուլը։ Այս տարվա գարնանը Վանաձորի քիմիական համալիրում հսկայական ներդրումներ է անելու մոսկովյան «Սրետենկա» ասոցիացիայի ղեկավարությունը։ «Սրետենկան» տասնյակ ֆիրմաներ միավորող բազմաճյուղ ասոցիացիա է, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում քիմիայի բնագավառում։ Վանաձորի քիմիական համալիրի հնարավոր վերակառուցման մասին մեր հարցերին պատասխանում է «Սրետենկա Պետրոլիում» ֆիրմայի գլխավոր տնօրեն Գասպար Պետրոսյանը։

-Պրն Պետրոսյան, ինչպե՞ս առաջացավ «Մարկոս հայքիմարդինվեստ» ֆիրմայի ստեղծման գաղափարը։

-Նախ նշեմ, որ մենք համագործակցում ենք Ձերժինսկու եւ Կիեւի քիմիական գործարանների հետ։ Հայկական քիմիայի բնագավառում ներդրումներ կատարելու նախաձեռնությունը մեզ հետ միաժամանակ եղավ նաեւ Հայաստանի ներկա ղեկավարության կողմից։ Մեր մասնագետների խումբը անմիջապես մեկնեց Հայաստան եւ համապատասխան ուսումնասիրություններից հետո մենք կանգ առանք Վանաձորի քիմիական համալիրի վրա։ Այդ ժամանակ արդեն ստեղծվեց «Մարկոս հայքիմարդինվեստ» ձեռնարկությունը, որտեղ մենք սկսեցինք ներգրավել վերոնշյալ քիմիական համալիրում աշխատած բանիմաց մասնագետների։

-Այսինքն՝ Կիրովականի քիմիական գործարանի առաջատար մասնագետներն արդեն ձեզ դիմո՞ւմ են։

-Այո, եւ ոչ միայն գործարանի, այլեւ ողջ համալիրի։ Մեր թիմում մենք ներգրավել ենք նույնիսկ ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության նախկին փոխնախարարին, որը ժամանակին ղեկավարել է Կիրովականի համալիրը եւ շատ լավ ծանոթ է իրավիճակին։ Մեզ հետ են գործարանի այն մասնագետները եւ ղեկավարները, որոնք հինգ մատի պես գիտեն համալիրը, սկսած շինարարությունից, վերջացրած տեխնոլոգիական բարդ շղթաներով։

-Ձեր փորձագետների խմբի ուսումնասիրությունների արդյունքները հուսադրո՞ղ էին։

-Կարելի է ասել՝ այո։ Բայց այստեղ առաջացավ մեկ այլ հարց։ Պարզվեց, որ միայն քիմիական գործարանում ներդրումներ կատարելը աննպատակահարմար է։ Արտադրանքի մրցունակությունն ապահովելու համար անհրաժեշտ է հսկայական ներդրումներ կատարել Վանաձորի քիմիական ողջ համալիրում, այսինքն՝ քիմիական գործարան գումարած մանրաթելերի գործարան՝ գումարած ՋԷԿ, որը ժամանակին կառուցվել է վերոնշյալ գործարանները հոսանքով ապահովելու նպատակով։ Բանն այն է, որ արտադրանքի մեկ միավորի ինքնարժեքի մոտ 50 տոկոսը կազմում է էլեկտրականությունը, իսկ Հայաստանում, ինչպես գիտեք, հոսանքը շատ թանկ է։ Բայց մենք կարող ենք ՋԷԿ-ում համապատասխան աշխատանքներ կատարելուց հետո էժան գներով մազութ ներկրել, որը կապահովի քիմիական գործարանների պահանջարկը։ Ինչեւէ, այս հարցերը մենք քննարկեցինք հանրապետության ղեկավարության հետ, որից հետո անմիջապես մեր մասնագետների խումբը սկսեց կազմել համալիրի վերականգնման պլանը։ Կարճ ժամանակամիջոցում մեր փորձագետները ութ անգամ եղան Վանաձորում, կատարեցին մանրամասն հետազոտություններ, որոնց հիման վրա մենք ՀՀ ղեկավարությանը ներկայացրինք մանրակրկիտ բիզնես-պլան եւ առաջարկությունների փաթեթ։ Այս տարվա հոկտեմբերի 1-ից, ըստ մեր պլանի, մենք արդեն պետք է սկսեինք շինարարական-վերականգնողական աշխատանքները։ Մենք նույնիսկ տանիքը վերականգնելու շինանյութերն էինք արդեն պատվիրել։ Ինվեստիցիոն պլանին մասնակցելու պատրաստակամություն էին հայտնել Ամերիկյան ֆինանսարդյունաբերական խմբի մեր գործընկերները, որոնք, ի դեպ, մասնակցում էին մեր ասոցիացիայի պաշտոնական հանդիպմանը ՀՀ նախագահի հետ։

-Իսկ պլանից շեղվելու եւ ժամանակին աշխատանքները չսկսելու պատճառը միայն Ռուսաստանում առկա տնտեսական ճգնաժա՞մն է, թե՞ այլ պատճառներ էլ կան։

-Կան այլ պատճառներ եւս։ Մենք մի քանի օր առաջ միայն իմացանք, որ ՀՀ կառավարությունը մեզանից բացի, այլ ձեռնարկությունների հետ էլ է բանակցություններ վարել, որի մասին մեզ զգուշացրել է, մեղմ ասած, «խիստ ուշացումով»։ Ընդհանուր առմամբ, տենդերի, այսինքն՝ մրցույթի սկզբունքը ողջունելի է եւ Հայաստանի համար լավ կլինի, որ քիմիայի վերականգնմանը մասնակցեն մի շարք ձեռնարկություններ։ Բայց դա լավ է, երբ իրականում տեղի է ունենում մրցույթը՝ բոլորի համար հավասար մեկնարկային ժամկետով եւ պայմաններով։ Հիմա այնպես է ստացվում, որ մենք ահռելի հետազոտական աշխատանք ենք կատարել, կողմերի հետ բանակցությունների արդյունքում հասել ենք պայմանավորվածության, աշխատանքների մեջ ներգրավել ենք մեր շատ լուրջ գործընկերներին եւ միայն այդքանն անելուց հետո ենք իմանում, որ ունենք ինչ-որ հիպոթետիկ մրցակից, որին անհայտ նկատառումներով առաջնություն է տրվում։ Շատ տգեղ կստացվի, եթե հանկարծ պարզվի, որ մեր կազմած մանրակրկիտ բիզնես-պլանը հանկարծ հայտնվեն մեր մրցակցի գրասեղանին։ Նորից եմ կրկնում, մենք կողմ ենք մրցույթին, հենց այսօր էլ պատրաստ ենք դրան մասնակցել եւ վստահ ենք, որ Վանաձորի քիմիական համալիրի վերականգնման եւ վերագործարկման մեր նախագիծը մրցունակ է ինչպես ֆինանսատեխնիկական հիմնավորմամբ, այնպես էլ նպատակահարմար է Հայաստանի տնտեսության զարգացման համար։

-Պրն Պետրոսյան, ձեր նախագծով ի՞նչ ծավալի ներդրումների մասին է գնում խոսքը։

-Ընդհանուր առմամբ, խոսքը գնում է 55 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումների մասին։ Միայն հինգ միլիոն դոլար անհրաժեշտ է նախնական շինարարական աշխատանքներն իրականացնելու համար։ Պետք է տանիքապատվի 120 հազար քմ տարածք, 50 հազար քմ հաղորդակցական սարքավորումներ պետք է ջերմամեկուսացվեն, պետք է ամրացվեն հին պատերը, կառուցվեն նորերը, եւ այլն, եւ այլն… Աշխատանքների ծավալները հսկայական են, եւ անհրաժեշտ է հնարավորության սահմաններում շուտ սկսել աշխատանքները։ Շտապողականությունը թելադրվում է նաեւ շուկայի պահանջով։ Իրանը հսկայական գումարներ է հատկացրել՝ մոտ 6 մլրդ դոլար, նմանատիպ արտադրություն ստեղծելու համար։ Եվ եթե առաջիկա երկու տարում համալիրը չաշխատի, Հայաստանը կարող է հավերժ կորցնել շուկայի այն տեղը, որ այսօր դեռ կա։ Դրանից բացի, մի շարք քիմիկատներ արտադրվում էին միջազգային լիցենզիայով, որոնց մի մասի ժամկետներն արդեն լրացել են, մյուսներինը՝ շուտով կլրանան։ Հապաղման դեպքում Հայաստանը կարող է ոչ միայն կանգնել հավելյալ հսկայական ծախսերի առջեւ, այլեւ չի բացառվում լիցենզիան կորցնելու հնարավորությունը։

-Իսկ որքա՞ն աշխատատեղ կստեղծվի ըստ ձեր պլանի։

-Սա ամենակարեւոր հարցերից մեկն է, որովհետեւ համալիրի վերականգնման առաջնային նպատակներից մեկը աշխատատեղեր ստեղծելու հարցն է։ Մեր հաշվարկով, ողջ համալիրում կստեղծվի մինչեւ 5500 աշխատատեղ, այսինքն՝ մոտ 20 հազար մարդ կապրի բավական բարվոք կյանքով։ Մենք հսկայական աշխատավարձեր չենք խոստանում, բայց ապահովված ապրելու միջինը կպահպանենք։ Դրանից բացի, ամեն ինչ կարվի, որպեսզի գործարանների նախկին բանիմաց աշխատողները վերադառնան իրենց աշխատատեղեր։ Իմիջիայլոց, այս կապակցությամբ մենք մեծ հաջողությունների ենք հասել։ Այսօր արդեն մեր թիմում հավաքագրվել են մեծ թվով փայլուն մասնագետներ, որոնք այդ համալիրում 15-20 տարվա աշխատանքի փորձ ունեն, անգիր գիտեն իրենց գործարանները։

-Պրն Պետրոսյան, իսկ բնապահպանական միջոցառումների հարցին ինչպե՞ս եք վերաբերվում։

-55 միլիոն դոլար ներդրվելիք գումարի մեջ մեծ տոկոս է կազմում այդ հարցի լուծումը։ Բնապահպանական միջոցառումների իրականացումը սկսվելու է անմիջապես վերականգնողական աշխատանքներին զուգահեռ։ Մեր արեւմտյան գործընկերների հետ բանակցությունների հիման վրա կարող եմ նշել, որ համալիրը կստանա ոչ միայն նոր արտադրատեսակների եւ արդյունավետության բարձրացման, այլեւ բնապահպանական նշանակության ժամանակակից տեխնոլոգիաներ եւ համապատասխան սարքավորում։

-Պրն Պետրոսյան, հոկտեմբերն անցավ, աշխատանքները դեռ սկսված չեն, մեկնարկի հույս դուք դեռ ունե՞ք։

-Ամեն դեպքում ես լավատես եմ ու հույս ունեմ, որ շուտով ականատես կլինենք համալիրի վերագործարկմանը, որից առավելագույնս կշահի Հայաստանը։

Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30