Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԵՍ ԷԼ Է ՊԱՏԱՀՈՒՄ

Նոյեմբեր 13,1998 00:00
bjishk

Սուր ցավեր էի զգում։ Այցելեցի պոլիկլինիկայի ներքին օրգանների հետազոտման կաբինետ։ Չնայած հիվանդության քարտ չէի վերցրել, երիտասարդ բժիշկն ընդունեց ժպտալով, ջերմորեն։ Լսեց բողոքս, ապա օգնեց շորերս հանել։ Մոտ կես ժամ ապարատով հետազոտեց ներքին օրգաններս, օգնեց հագնվել։ Ապա ժպտադեմ բուժքրոջը թելադրեց հետազոտության տվյալներն ու թուղթը մեկնեց ինձ.

-Հայրիկ ջան, էս թուղթը կտաս բուժող բժշկին, ինքը նշանակումներ կկատարի։ Առողջություն ցանկացավ ու հաջողություն մաղթեց։

Լավ վերաբերմունքից զգացված՝ ձեռքս գրպանս տարա։

– Ձեռքդ գրպանիցդ հան, ամոթ է։ Իսկ բուժքույրը անկյունից վերցրեց ու ինձ հանձնեց ձեռնափայտս, նույնպես առողջություն ցանկացավ։

Դուրս եկա շոյված, զարմացած։ Միջանցքում մի բուժքրոջ հարցրի բժշկի անունը՝ Մարգարյան Մուրադ, իսկ բուժքույրը՝ Հակոբյան Սոֆիկ։ Նույնպիսի վերաբերմունքի արժանացա նաեւ բազմափորձ, անվանի թերապեւտ Սեդա Բոտոյանի կողմից։ Դարձյալ ջերմություն, ուշադրություն։ Պոլիկլինիկայից դուրս եկա զգացված, բարձր տրամադրությամբ։ Ինձ ապաքինված էի զգում։

Պատահում է նաեւ այսպես

Մի թիվ էր պետք իմանալ՝ քանի՞ շինարարական կազմակերպություն կա մարզում։ Ուղեւորվեցի մարզպետարան։ Ասացին, որ ճիշտ թիվը կարող է ասել քաղաքաշինության վարչության պետը։ Դուռը կրնկի վրա բաց էր։ Ոտքս նոր էի ներս դրել, երբ գրասեղանի հետեւում նստած հաղթանդամ երիտասարդը սաստեց.

– Պարո՛ն, հե՛տ դարձիր, իմ ընդունելության ժամը չէ՛։

Չհասկացա, որ խոսքը ինձ է վերաբերում, որովհետեւ՝ ես ի՞նչ պարոն։ Մի քայլ էլ առաջացա, բարեւեցի։ Գոնե գլուխն էլ չտմբտմբացրեց։

– Ասացի՝ դո՛ւրս արի, մի՛ խանգարի,- որոտաց։

Մի քայլ էլ առաջացա։ Հասնում էի գրասեղանին, երբ զարմացած իմ աներեսությունից, հսկան տեղից բարձրացավ, ինչպես մի Տորք Անգեղ ու քայլ արեց դեպի ինձ։ Շփոթվեցի, սարսուռ զգացի։

– Ինձ մի թիվ է պետք, միայն մեկ թիվ,- կմկմացի։

– Թիվ-միվ չե՛մ հասկանում, ես կառավարության համար եմ թվեր պատրաստում, շուտ դո՛ւրս արի կաբինետից,- կրկին որոտաց։ Ստիպված էի անհամեստություն անել.

– Թիվը ինձ պետք է թերթի, թղթակցության համար։

Մեղմացավ, բայց, ինչպես ասում են, մեջքը գետնովը չտվեց։ Բա հսկան մեջքը գետնովը կտա՞։

– Հա՜, լավ,- ասաց,- մեկ ժամից հետո կգաս, կընդունեմ։

Էլ կգնայի՞։ Ի՞նչ է, նամուս չունեի՞, թե՞ խելքս կարմիր ու սեւ իկրաների հետ էի կերել։

Տղան

Ամեն ինչ կատարվեց շատ արագ, մի ակնթարթում։ Մոտեցավ մոլոր քայլերով, վախվորած հայացքով, նայեց շուրջբոլորը, նայեց մեզ, մի բոքոն թռցրեց ու փախավ։ -Բռնե՜ք, տարավ,- ճչաց հացավաճառը։ Երկու ջահել վազեցին հետեւից։ Քիչ անց բերեցին տղային։ Տղան կար, հացը չկար։

– Ո՞ւր է հացը։

– Կերա։

– Ե՞րբ կերար։

– Վազեցի ու կերա։

Մնացել էինք ապշած։ Ընդամենը մի քանի րոպեո՞ւմ, վազելու ընթացքո՞ւմ։

– Հիմա ուզում եք՝ սպանեք, արդեն կուշտ եմ։

Տղան խոսում էր համարձակ, անվախ ու ինքնավստահ։ Փախստական էր։ Լսել էր, որ սովածները դժոխք են գնում, իսկ կուշտերը՝ դրախտ։

Շունն է՞լ…

Հաց էի գնել, տուն էի վերադառնում։ Դեմս դուրս եկան շունն ու իր փոքրիկ ձագը։ Մոտեցան, հոտոտեցին, նայեցին։ Հացի հոտ էին առել։ Խղճիս հանգստության համար մի կտոր հաց կտրեցի, գցեցի դեմները։ Ձագն առաջինը թռցրեց հացի կտորն ու ուզում էր հեռանալ։ Մայր շունը հարձակվեց ձագի վրա, տապալեց գետնին ու սկսեց կծոտել, արյունոտել, մինչեւ ձագի բերանից հացը ռեխեց ու փախավ։ Սովը մեռցրել էր մայրական բնազդը։ Չզգաց, որ իր սեփական ձագն է։ Մինչ այդ կարծում էի, թե միայն մարդն է ընդունակ նման արարքի։

ՍՈՒՐԵՆ ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30