Մեր սահմանները ոչ միայն պիտի ամուր չլինեն, այլեւ ավերված գյուղը վերականգնել երազող երկրապահ կամավորական ջոկատի նախկին հրամանատարից պետք է առգրավել զենքը եւ դատել նրան։ Բարձր իշխանավորներին չփառաբանելը պարզապես դավաճանություն է հայրենիքի հանդեպ։ Կուսակցությունների գերհագեցած կյանքը համակողմանի եւ մանրակրկիտ չլուսաբանելը առնվազն ստորություն է նրանց նկատմամբ։ Մեր երկրի շարժական գեղատեսիլ «վայրերով»՝ երկրի տերերի մեքենաների մայրաքաղաքային շքահանդեսներով չհիանալը նախանձի վառ նշան է։ Տղամարդկություն չի մեր ներքին ու արտաքին իմաստուն քաղաքականությանը հավանություն չտալը։ Ցեղասպանության ճանաչման գործընթացով չհրճվելը ազգուրացություն է։ Անբարոյականություն է համախառն արտադրանքի աճ չարձանագրելը։ … Բայց, ինչպես ասում են, կա նաեւ մեկ այլ Հայաստան։
Տնից, ՏՐԱՍԵԿԱ-ից, իշխանությունից հեռու
Այս «մեկ այլը» փառաբանելու բան չի։ Զորօրինակ մի մասնիկը՝ Վայքի Հորատիս գյուղը (մանավանդ որ՝ հանրահայտ Հորադիզի հետ կապ չունի)։ Սահմանամերձ լքված բնակավայր է։ Անպաշտպան սահման։ Իմաստ ունի՞ հիշեցնել, որ Ազատ ու անկախ մեր երկրին Սովետական Հայաստանից մնացած «ամենահեռանկարային» ժառանգությունը լքված գյուղերն են, ամայացած բնակավայրերը։ Լացակումած «Վերջին ուսուցիչը»՝ այդ ժառանգությանը վերադիր։ Հորատիս մեկնելու նախորդ երեկոյան Եղեգնաձորի հյուրընկալ ու, մեղմ ասած, ոչ շքեղ հյուրանոցի համարում թեեւ գրավոր հիշատակություն չհայտնաբերվեց, սակայն բանավոր հավաստի աղբյուրը վկայեց, որ տարբեր տարիներ այս նույն համարում գիշերել են Վարդգես Պետրոսյանը, Ռազմիկ Դավոյանը, Վանո Սիրադեղյանը, Ռոբերտ Քոչարյանը… Հյուրանոցը լքված չէ, այժմ էլ հատուկենտ գիշերողներ լինում են, սակայն առավոտյան ճշմարտանման թվաց ենթադրությունը, թե «լյուքս» կոչվող համարում վերջին հյուրը Վարդգես Պետրոսյանն է եղել։ Մեկնում ենք Հորատիս։ «Նիվայով»։ 27 կմ-անոց ճանապարհ է։ Ավելի ճիշտ՝ քարքարոտ, ճաքճքված, փոշոտ, խորդուբորդ, վերելքներից ու վայրէջքներից շնչակտուր, հաճախ՝ ճյուղավորվող ու կողմնորոշվելու բնազդ պահանջող ուղի։ Տեղանքը համատարած դեղին է։ Իսկը մոնղոլ-թաթարների գույն։ Ամայի, ինչպես կարող էր լինել թերեւս մոնղոլ-թաթարների արշավանքից հետո։
Ճանապարհի վրա վերջին շեն բնակավայրը՝ իր դիպուկ անունը գտած Զառիթափը, միջին վիճակագրական հայի պատկերացումներով Հորատիսից հեռու է յոթ սարուձոր։ Բացարձակապես անշուք սարեր եւ անհամ ձորեր, լերկ, անմարդաբնակ, ասես այլ մոլորակից Հայաստանի ու եղբայրական Նախիջեւանի սահմանում ընկած բեկոր, որ այստեղ է նետել այդ այլ մոլորակի Տորք Անգեղը՝ իր բաժին թշնամիներին հալածելիս։
Կարդացեք նաև
Երկիր դրախտավայր
Այսուհանդերձ, մշակովի հողեր էլ կան։ Հնձած արտատեղեր՝ դարձյալ դեղին։ Արի ու սիրիր այս երկիրը, ճանապարհ բարեկարգիր եւ տիրություն արա հայրենիքիդ այս մի դարպասին եւս… Հասնում ենք գյուղ։ Ծովից-ծովի մակերեւույթից բարձր ենք 1900 մետր։ Քանդված տների՝ առավելագույնը մարդահասակ պատերը լավատեսություն չեն ներշնչում։ Ծառեր գրեթե չկան։ Ավերակներից որոշակիորեն հեռու թփուտներ են նշմարվում, տեղ-տեղ՝ մասրենիներ։ Փլատակներից նախ կարելի է երեւակայությամբ վերականգնել գյուղի հին հատակագիծը, ապա եւ՝ գյուղը։ Կանգուն է կիսաքանդ, բայց սքանչելի եկեղեցին։ Ոչ հեռու Ստալինի մռութով հնամաշ մի բեռնատար է։ Անշարժ, գրեթե անպիտան։ Ասես զզվել է անբարեկարգ ճանապարհից, որին լծված է։ Անվերապահ։ Ստորագրությամբ։ Ձմռանը սա էլ կիմաստազրկվի։ Հաղորդակցության միակ միջոցը կլինի ձին, եթե հաղորդակցվելու կարիք զգացող մարդ լինի։ Էլեկտրականություն չկա։ Հեռախոս՝ եւս։ Այստեղ ոչ ոք կուսակցական գործունեություն չի ծավալում։ Այս ավերակներին «թագավորում» է «Վճռական մենակ» մի մարդ, մի հին երկրապահ, չակերտված արտահայտությանը հավանաբար անծանոթ Ժորա Գերասիմի Մարգարյան։
– Իր լավ տարիներին գյուղն ունեցել է մոտ 270 տնտեսություն, լույս։ Սալմաստ գավառից են եկել մեր ապուպապերը։ 1600-ական թվականներին։ Գյուղացիք փառավոր են ապրել։ Վերջին ժամանակներս տեսան, որ ճանապարհները չեն հատվում էն լավ, ընդհանուր ճանապարհների հետ՝ սկսեցին հեռանալ։ 50-ականների վերջերից՝ 10 տարվա մեջ համարյա լրիվ դատարկվեց գյուղը։ Մնաց մի երեք տնտեսություն, էդ թվում՝ ուսուցչուհի Շահանդուխտ Գասպարյանը։ Մի քանի տարի գալիս էինք որպես յայլավոր, հետո միանգամից կտրվեց կապը գյուղի հետ։ Գյուղը իր վախճանն ունեցավ։ Էստեղ եմ ծնվել, յոթնամյա կրթությունս ստացել եմ գյուղի դպրոցում, միջնակարգս՝ Եղեգնաձորում։ Ծառայում էի օրգանում, մանկական սենյակի տեսուչ։ … 88-ի դեկտեմբերի 24-ին հերթապահում էի։ Մի հոգի եկավ, ասաց՝ Նախիջեւանից թուրքը հարձակվել է։ Տեղյակ պահեցի պետին, մնացածներին, հաջորդ առավոտյան հերթապահությունը հանձնեցի, պետին ասացի, որ էսօրվանից ինձ չեք տեսնի։ Ռազմական գործողությունները սկսվեցին Գոգի լեռից, Շատայի դիրքով, Գյալմաչաթախով, Խնձորուտի Արեւաքարով, գնա հասնի մինչեւ Խաչիկի տարածքը։ Երկրապահ կամավորականների հրամանատարն էի, որդիս ինձ հետ էր…
93 թվին նախարարին սխալ տեղեկություն տվին՝ իբր իմ ջոկատով նահանջել եմ։ Ինձ հրամանով թոշակի ուղարկեցին, չնայած նահանջողը ուրիշ ջոկատ էր։ Բայց դրանից հետո էլ եմ մասնակցել ռազմական գործողությունների։ Էս հրադադարից հետո էստեղ եմ, Հորատիսում։ Ես եմ, կինս, եղբայրս, 5-6 տնտեսություն էլ ուրիշներն են։ Գալիս են մարտ-ապրիլին, աշունն եկավ, ցրտերն ընկան՝ գնում են։ Հողեր ունեն, անասուն են պահում։ Հիմա ես ու ախպերս ուզում ենք ցույց տալ, որ կարելի է էստեղ ապրել նաեւ ձմռանը, կարելի է վերականգնել գյուղը։ Սա մեր պապերի տունն է։ Վատ գյուղ չի եղել։ Ունի մեծ տարածքներ, որտեղից կարելի է հաց ստանալ։ Կարելի է չփախչել Ռուսաստան, էստեղ արտադրել։ Մարդուն էստեղ կպահի անասնապահությունը կամ հողագործությունը, թե չէ մարդը հենց էնպես գալիս է՝ ինչ անի։ Ես էդ եկողին օգնում եմ, մեկին արդեն օգնել եմ՝ ոչխար եմ տվել, այծ եմ տվել, հորթ եմ տվել, էդ մարդը չունեւոր է։ Նա կուզենա ապրել էստեղ, բայց երբ նայում է իր միջոցներին, նայում է իմ տվածին՝ մենք հազիվ կարողանում ենք մեր եղածով առաջին քարը դնել, նրա երկրորդ քարը դնելու համար ես առայժմ միջոց չունեմ։
Ինչ տվել եմ՝ տվել եմ, որ իր սննդարար նյութերը ստանա, մյուս տան իրերը պահի, էստեղ ինքն ապրի, մինչեւ, ասենք, ինքն սկսի քարը քարին դնել։ Փոքրուց գիտեմ, որտեղ նոր են ինչ անում՝ էնտեղ միանգամից չեն անում։ Իսկի ոչ մի քաղաք միանգամից էդպես… Դա ենթադրելու բան է, ես չեմ ենթադրում։ Բայց մոտավորապես կարծում եմ, որ էս հողերը բերք են տալու, հաց են տալու, մարդն էլ էսօրվա դրությամբ գնալով աշխատանքից զուրկ է։ Ինչի համար է զուրկ։ Որովհետեւ գործարաններ քիչ կա, էս քիչ կա, էն քիչ կա, ասենք՝ բոլորին տեղ չկա, ուստի նրանք, ուզեն թե չուզեն, պետք է զբաղվեն անասնապահությամբ կամ հողագործությամբ։ Հո չեն կարող քաղաքում՝ Լենինականում, Երեւանում, Ջերմուկում, էս-էն քաղաքում անասնապահությամբ զբաղվել։ Կգա ժամանակ՝ քաղաքը պետք է քաղաքի տեսք ունենա, իր համուհոտը պետք է ունենա, գյուղն իր գյուղավարի լինելը պետք է ունենա…
Ո՞նց կարելի է կովը տանել քաղաքի մեջտեղը կապել։ Մենք գիտենք մեր պետության վիճակը, մենք պահանջներ չենք դնում՝ թե փող տվեք, էս տվեք, էն տվեք, բայց որոշ բաներ կարող են անել։ Կարելի է էս ձորերում մի երկու բետոնի կտոր գցել, վրան հող լցնել, որ մեքենան գնա։ Մեր մարզպետը անձնակազմով եկավ, տեսավ, եւ հնարավոր է, որ այդ մարդկանց հոգու մեջ էդ բանը լինի, որ իրենց ուժի չափով, ավելին չեմ ասում, ասենք՝ ճանապարհի հարցը, հեռախոսի հարցը… Եթե, ճիշտն ասած, էն թափին լինեի, չէի ուզի, որ մարզպետը այդ նեղությունը կրեր պետության հաշվին։ Ես իմ միջոցներով կանեի։ Պատկերացրեք ինչքան միջոց է հարկավոր էս հեռավոր գյուղը վերականգնելու համար։ Իմ պապերի, իմ տունն է, չպետք է անտեր մնա։ Աստված չանի, որ անտեր մնա։ Սահմանը հեռու չի, էն սարի գլխին է։
Վարկած
Մի փոքրիկ, հրաշալի անտառ, այնուամենայնիվ, Հորատիսի մերձակայքում թաքնվել էր մեզնից։ Բարդիների մի պուրակ՝ հյուր եկածներին վերջնականապես չհիասթափեցնելու համար։ … Թերեւս հովվերգական այս հնչերանգով էլ ավարտվեր այս պատմությունը, եւ իմաստազուրկ կամ վերամբարձ թվար նախաբանը, եթե ամբողջը սա լիներ։ Ցավոք, սա ամբողջը չէ։ Կարաբինը, որ 53 թվականից՝ իր ֆիդայի պապի մահվան օրվանից ի վեր սրբազան մասունք է եղել Ժորա Մարգարյանի համար, որով 88-ից մինչեւ 93 թվականը նա կռվել է թշնամու դեմ իբրեւ երկրապահ կամավորական, եւ խաղաղ այս տարիներին վստահություն է ներշնչել անպաշտպան սահմանում լքված գյուղը վերականգնելու՝ գրեթե դոնկիխոտյան վճռականությամբ վարակված մարդուն, վերջերս առգրավվել է իբրեւ ապօրինի զենք։ Ժորա Մարգարյանին սպառնում է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածով դատապարտվելու հեռանկարը։ Բացառված չէ, որ մարդը հայտնվի բանտում, եւ անպաշտպան գյուղ-սահմանը պաշտպանելու՝ իր գոյության իմաստը դարձած ցանկությունը գեղեցիկ երազանք մնա նրա համար։
Նույնքան գեղեցիկ, որքան Սասունը, Մուշը, Վանը, Նախիջեւանը՝ սասունցիների, մշեցիների, վանեցիների եւ նախիջեւանցիների համար։ Վերջնականապես ամայի բնակավայրերը գրավելու համար, ի դեպ, բավական է ընդամենը մի հովիվ՝ ոչխարի իր հոտի հետ։ … Ու մինչ մենք կփառաբանենք մեր բարձր իշխանավորներին, մեր երջանկությունը կգտնենք կուսակցական կյանքը համակողմանի ու մանրակրկիտ լուսաբանելով, մինչ կհիանանք մեր երկրի հաղթանակած, հաղթանակը դեռ չմարսած տերերի խելքով ու ավտոշարասյուներով, մինչ կհրճվենք Ցեղասպանությունն աշխարհի աչքը խոթելու մեր ջանասիրությամբ, մինչ զարմանքից քար կկտրենք, դիցուք, մերօրյա երկրապահ Պավլիկ Ասատրյանի քաջագործություններից՝ մի թուրք հովիվ իր ոչխարների հոտով մաս առ մաս դարձյալ կգրավի անպաշտպան այս երկիրը, կբացի ճանապարհը դեպի Վայք, դեպի Դավալու, Երեւան։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Հ.Գ. Երեկ Վայքի մարզի սահմանամերձ մեկ այլ՝ Խաչիկ գյուղ էր այցելել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Միտչիները, որը դարձավ պատվավոր խաչիկցի։ Այցի նպատակը, հավանաբար, այս կողմերում ազգամիջյան բախումները բացառելն էր, տարածաշրջանում խաղաղության հաստատելը։